Մեծ պահքի ուղին՝ օր 14. Անառակ որդին
Օր 14. Անառակ որդին
Պահքի բաղադրատոմս
Բաղադրատոմս 14. Թթու-կծու կաղամբ
Մեծ պահքի ընթացքում յուրաքանչյուր կիրակի ունի իր յուրահատուկ անունը։ Այսօր հայտնի է որպես Անառակ որդու կիրակի։ Համապատասխանաբար, օրվա դասը վերցված է Սուրբ Ղուկասի Ավետարանի 15-րդ գլխից, որտեղ Հիսուսը ուսուցանում է առակի միջոցով, որը սովորաբար հայտնի է որպես Անառակ որդու պատմություն։
Թերևս, եթե Հիսուսի ժամանակներից մեզ այլ ոչինչ չհասներ, բացի այս մեկ առակից, այն բավական կլիներ Աստծո հետ մեր հարաբերությունները բացատրելու համար։ Սա հաշտության պատմություն է, որն արտահայտում է այն անվերապահ սերը, որ Աստված տածում է մեր հանդեպ և, հետևաբար, պահանջում է նաև մեզանից։
Անառակ որդու պատմությունը ծավալվում է այսպես. մի մարդ ուներ երկու որդի։ Կրտսեր որդին խնդրում և ստանում է իր ժառանգությունը։ Նա վերցնում է հոր ունեցվածքից իր բաժինը և վատնում այն անխոհեմ կյանքի վրա։ Քանի դեռ նա գումար ուներ, շատ ընկերների շրջապատում էր։ Սակայն երբ գումարը սպառվեց, ընկերներն էլ հեռացան։ Առանց գումարի, առանց խնջույքների, առանց շռայլ կյանքի ու ընկերների՝ նա ստիպված աշխատանք է փնտրում, բայց ապարդյուն։ Նա չի կարողանում վաստակել անգամ գոյատևելու համար։
Մի գիշեր, երբ նա հուսահատության գագաթնակետին էր, տեսնում է խոզերին կերակրելիս և մտածում է անգամ նրանց կերը ուտելու մասին, քանի որ չափազանց քաղցած էր։ Հենց այդ պահին նա ուշքի է գալիս։ Նա հիշում է հոր տունը և այն, որ իր հոր ծառաներն ավելի լավ են ապրում, քան ինքը։ Այդ գիշեր նա որոշում է վերադառնալ տուն՝ հոր մոտ, և ներողություն խնդրել։ Նա նույնիսկ մտածում է խնդրել, որ իրեն ընդունեն որպես հոր ծառաներից մեկը։
Եվ ահա, երբ որդին վերադառնում էր տուն, հայրը նրան ճանապարհին է տեսնում։ Հայրը վազում է նրա ընդառաջ, գրկում, համբուրում է նրան։ Նա որդուն նույնիսկ հնարավորություն չի տալիս խոսելու կամ արդարանալու տանից հեռու անցկացրած օրերի համար։ Հայրը հրամայում է ծառաներին բերել լավագույն հագուստը և իշխանության մատանին դնել նրա մատին։ Այնուհետև նա հրամայում է տոնախմբություն կազմակերպել։ Այս խնջույքի համար մորթվում է պարարտ հորթը։
Անառակ որդու պատմությունն այստեղ չի ավարտվում։ Հիշեք, որ նա ավագ եղբայր ուներ։ Ավագ եղբայրը դաշտում աշխատելիս լսում է երաժշտության և պարի ձայները։ Նա չի հասկանում, թե ինչ է կատարվում, և բողոքում է հորը։ Նա ասում է. «Նայիր, այսքան տարի ես ծառայել եմ Ձեզ և երբեք Ձեր հրամանը չեմ դրժել։ Սակայն Դուք ինձ երբեք մի ուլ անգամ չեք տվել, որ ընկերներիս հետ ուրախանայի։ Բայց երբ Ձեր այս որդին, որը Ձեր ունեցվածքը մարմնավաճառների հետ է վատնել, վերադարձել է, Դուք նրա համար պարարտ հորթ եք մորթել»։ Նա պարզապես չէր կարողանում հասկանալ կյանքի անարդարությունը։ Ինքը՝ ավագ եղբայրը, ամեն ինչ ճիշտ էր արել, իսկ կրտսերը վատնել էր ժառանգությունը։ «Ո՞ւր է արդարությունը», - պահանջում էր նա։ Ինչո՞ւ է վատ մարդը պարգևատրվում, մինչդեռ լավը շարունակում է տանջվել ու աշխատել։
Հայրը, գթասրտությամբ ու ըմբռնումով, բացատրում է ավագ որդուն. «Դու միշտ ինձ հետ ես, և այն ամենը, ինչ ես ունեմ, քոնն է։ Բայց մենք պետք է ուրախանայինք ու տոնեինք, որովհետև քո այս եղբայրը մեռած էր և կենդանացավ, կորած էր և գտնվեց»։
Այսպես ավարտվում է Անառակ որդու պատմությունը, բայց այստեղ սկսվում է այս կարճ առակի բազմաթիվ կողմերի մասին խորհելու հրաշալի հնարավորությունը։
Մեծ պահքի ճանապարհի առաջիկա օրերին մենք առանձին-առանձին կդիտարկենք հոր և ավագ որդու կերպարները։ Այսօրվա մեր քննարկման կենտրոնում կլինի կրտսեր որդին։ Եկեք սկսենք երիտասարդի՝ ավելի լավ կյանք ունենալու և այն վայելելու ցանկությունից։ Սա օտար կամ անսովոր զգացում չէ։ Իրականում, մենք բոլորս էլ մտածել ենք ավելի լավ կյանքի մասին։ Ինչո՞ւ ոչ։ Ինչո՞ւ մենք չպետք է ունենանք կյանքի լավագույն բաները։ Չէ՞ որ այս տղայի դեպքում նա ուներ միջոցները, նրա հայրն ուներ ռեսուրսները, ուստի ինչո՞ւ չօգտվել իրավիճակից և չձգտել ամեն ինչի։ Ո՞րն է, ուրեմն, կրտսեր որդու «մեղքը»։ Նրան առաջնորդում են իր կրքերը և երիտասարդությանը հատուկ եռանդը, գուցե նաև մի փոքր անհամբերությունը։ Նա օգտվում է առիթից և վերցնում այն, ինչ կարող է։ Որտե՞ղ է մեղքը։
Ձեզ տրվածը վերցնելը մեղք չէ։ Դա ձեր շնորհն է։ Այն պատկանում է ձեզ։ Մեղքը շնորհը վատնելն է։ Մեղքը ձեր շնորհը վերցնելն ու այն չարաշահելն է։
Մեծ պահքի ճանապարհի այս 14-րդ օրը մեր առջև դրված մարտահրավերներից մեկն այն է, որ դուք թվարկեք և գույքագրեք ձեզ տրված պարգևները։ Օգտագործո՞ւմ եք արդյոք այդ պարգևը, թե՞ չարաշահում եք այն։ Հարգո՞ւմ եք այդ պարգևը, թե՞ վատնում եք այն։
Աստված մեզանից յուրաքանչյուրին տաղանդներ է տվել։ Նա մեզ տվել է հենց կյանքը։ Իրոք, մեր շնչած օդը շնորհ է, ինչպես նաև մեր դեմքի ժպիտը, գրկելու մեր կարողությունը և ուրիշներին ձեռք մեկնելու մեր կիրքը։ Ցավոք, Անառակ որդու նման, մենք հաճախ անխոհեմ և երբեմն չարաշահող կերպով ենք վատնում մեզ տրվածը։ Մենք մեր կյանքը սպառում ենք մանրուքներով և այդպիսով հրաժարվում ենք որակից։ Աստված մեզ տվել է մի ժպիտ, որը կարող է լուսավորել սենյակը, իսկ մենք թաքցնում ենք այն, ամաչում ենք ցույց տալ այդ ժպիտը։ Նա մեզ տվել է խոսելու կարողություն, իսկ մենք փոխարենը փակ ենք պահում մեր բերանը, կամ եթե բացում ենք, լցնում ենք այն դատարկախոսությամբ ու բամբասանքով։ Նա մեզ տվել է ուրիշներին գրկելու, բարձրացնելու և օգնելու կարողություն, իսկ մենք փոխարենը կապում ենք մեր ձեռքերը և հրաժարվում օգնել կարիքավորներին։ Նա մեզ տվել է ոտքեր՝ արդարության ուղիներով քայլելու համար, իսկ մենք մեր մարմինները տանում ենք մռայլ վայրեր։
Մենք յուրաքանչյուրս անառակ որդի ենք։ Մենք վերցրել ենք Աստծո պարգևները և դրանք օգտագործելու ու վայելելու փոխարեն՝ վատնել, չարաշահել և կորցրել ենք բարությունը անառակ կյանքում։ Մենք շեղվել ենք նպատակից և դրանով իսկ չենք կարողանում գիտակցել ու առավելագույնի հասցնել մեր ներուժը։
Մինչ մենք գույքագրում ենք Աստծուց ստացած մեր տաղանդներն ու պարգևները, եկեք նաև մեզ հարցնենք, թե ինչպե՞ս ենք օգտագործում դրանք։ Մի՞թե մենք վատնում ենք կյանքի թանկարժեք տարրերը, թե՞ օգտագործում ենք այդ տաղանդները բոլորի բարօրության համար։
Վաղը մենք կշարունակենք Անառակ որդու առակը՝ դիտարկելով հոր կերպարը։ Իսկ առայժմ եկեք աղոթենք Սուրբ Ներսես Շնորհալու աղոթքով։
Երկնավոր Հայր, ճշմարիտ Աստված, Ով ուղարկեցիր Քո սիրելի Որդուն՝ մոլորված ոչխարին փնտրելու։ Ես մեղանչեցի երկնքի և Քո առաջ։ Ընդունիր ինձ որպես Անառակ որդու և հագցրու ինձ անմեղության պատմուճանը, որից զրկվեցի մեղքով։ Ողորմիր Քո արարածներին և ինձ՝ մեծ մեղավորիս։ Ամեն (3/24)


2016 Տեր Վազգեն
2014 Գրեգորի Բեյլերյան
2026 Առաքյալ
2026 Առաքյալ
2025 Տեր Վազգեն




Թողնել պատասխան
Ցանկանո՞ւմ եք միանալ քննարկմանը։Ազատորեն կիսվեք Ձեր մտքերով։