Գոշ՝ գիտություն և կրոն միասին
Հայկական դավանաբանության արմատները. Գոշ՝ գիտություն և կրոն
Գենդերային հավասարություն, հանդուրժողականություն, տիեզերքի գիտական մոդելներ. սրանք մերօրյա աշխարհի քննարկումների առանցքային թեմաներն են: Ձեզ կարող է զարմացնել այն փաստը, որ հայ եկեղեցու հոգևորական և գիտնական Մխիթար Գոշը դեռևս դարեր առաջ էր քննարկում այս հարցերը և ձևակերպել էր մտքեր, որոնցից շատերի մասին նույնիսկ ժամանակակից մտածողները խուսափում են խոսել:
Մխիթար Գոշի (1130-1213) կոչումները բազմազան են. նա գիտնական էր, գրող, հասարակական գործիչ, մտածող և հոգևորական: Նա հայկական վերածննդի ներկայացուցիչ էր: Գոշավանքում հայոց պատմության այս հսկայի մեծ արձանը դիմավորում է Ձեզ, երբ բարձրանում եք բլուրը՝ մտնելու վանքային համալիր և հարակից շինություններ: Սա կրթության կենտրոն էր և ուներ իր սեփական գրադարանը:
Տեր Թադևոսը վանքի եռանդուն առաջնորդն է, և նա չի թաքցնում իր ոգևորությունը ո՛չ Մխիթար Գոշի, ո՛չ էլ Գոշավանքի հանդեպ: Որպես կրթօջախ՝ նա մատնանշում է, թե ինչպես են բազմաթիվ արտեֆակտներ վկայում ժողովրդի և ժամանակաշրջանի փայլուն մտքի մասին: Օրինակ՝ մի մեծ խաչքար վեր է խոյանում՝ պատմելու երկինք-երկիր կապի մասին: Երկիրը որպես մեծ գունդ պատկերելը կարող է սովորական թվալ, մինչև չիմանաք, որ այս քարը կերտվել է 6-րդ դարում: Եվրոպայում ինկվիզիցիայից շուրջ 600 տարի առաջ հայերն արդեն հասկանում էին, որ երկիրը գնդաձև է, և մերժում էին տափակ երկրի գաղափարը: Գոշը գրել էր սեռերի հավասարության մասին: Նա պաշտպանում էր առողջապահության և դիահերձումների անհրաժեշտությունը՝ մահվան պատճառները պարզելու և բժշկությունը զարգացնելու համար: Գոշը, անշուշտ, իր ժամանակից առաջ էր անցել գրեթե մեկ հազարամյակով:
Ավելին, այս վանքն ուներ ուսման համար նախատեսված ընդարձակ տարածքներ՝ գրքերի պահպանմանը նվիրված սենյակներով: 12-րդ դարի կառույցի կրկնակի պատերով և կլիմայակայուն սենյակները պահպանում էին ձեռագրերն ու գիտելիքի գրքերը, սակայն այդ սենյակներն անզոր գտնվեցին թշնամու տգիտության դեմ, որը գտավ մտքի այս գանձերը այրելու և ոչնչացնելու ճանապարհները:
Նույնիսկ Գոշավանքի ճարտարապետությունն էր իր ժամանակից առաջ անցել. լեգոյի նմանվող ակոսների շնորհիվ քարերը դրված են այնպես, որ ամուր մնան սեյսմիկ ակտիվ այս գոտում:
Մխիթար Գոշը և Գոշավանքում կատարված աշխատանքը առաջադիմության դրսևորումներ են՝ առանց հոգևոր արժեզրկման: Հաճախ գիտությունն ու կրոնը համարվում են փոխբացառող երևույթներ, սակայն իրականում ճիշտ հակառակն է: Մխիթար Գոշը նրանցից մեկն է, ով համարձակվեց ոգին և հոգին դիտարկել որպես զարգացման ենթակա վեցերորդ և յոթերորդ զգայարաններ: Աշուղ Սայաթ-Նովան ևս մեկ օրինակ է այն մարդու, ով դարձավ հոգևորական՝ սեփական սրտի խորքերը բացահայտելու համար:
Իմաստության մեծագույն մարդկանցից մեկն ասել է. «Աշխարհում միակ սահմանափակումները, որ մենք ունենք, մեր իսկ սահմանածներն են»: Սա ճշմարտություն է: Երբ մենք անտեսում ենք ոգու դերը մեր կյանքում, մենք մեզ ամենամեծ սահմանափակումն ենք պարտադրում, քանի որ ժխտում ենք մեր մարդկային էության կեսը: Ինչպես Այնշտայնն է ասել. «Գիտությունն առանց կրոնի կաղ է, կրոնն առանց գիտության՝ կույր»:
Այսօր մենք աղոթում ենք. «Տեր Աստված մեր, Դու ամեն ինչ ստեղծեցիր Իմաստությամբ, ընդունիր մեզ որպես Քո արարածներ Քո աշխարհում: Թող մենք հիանանք այն ամենով, ինչ տեսնում ենք, և փառաբանենք անտեսանելիի խորհուրդները: Թող ամեն ինչում մենք արտահայտվենք ուրախությամբ և սիրով: Ամեն»:

2023 Տեր Վազգեն
2026 Առաքյալ







2023 Տեր Վազգեն
Թողնել պատասխան
Ցանկանո՞ւմ եք միանալ քննարկմանը։Ազատորեն կիսվեք Ձեր մտքերով։