Մյուռոնը
Հայոց հավատքն այսօր. Սրբալույս Մյուռոնը
Մյուռոնը օծման համար նախատեսված հատուկ յուղ է։ «Քրիստոս» բառը ծագում է «մյուռոն» բառից և նշանակում է «օծյալ»։ Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսը Հիսուսն է՝ օծյալը։
Մյուռոնը երբեմն անվանում են զմուռս (ինչպես մանուկ Հիսուսին մոգերի բերած ընծաներից մեկը), իսկ մեր դեպքում՝ Հայ Առաքելական Եկեղեցում, մենք այն կոչում ենք Սրբալույս Մյուռոն։ Ավանդական եկեղեցիներում, ինչպիսիք են Հռոմի կաթոլիկ կամ Արևելյան ուղղափառ եկեղեցիները, այն օգտագործվում է օծելու, այսինքն՝ կնքելու համար, ինչպես մեր աղոթքներն ավարտող «Ամեն»-ը։ Դրանով հավատքը կնքվում է։ Թեև Մյուռոնի պատրաստման կարգը տարբեր եկեղեցիներում տարբեր է, Հայ Եկեղեցու խորհրդանշական օգտագործումը եզակի է, ինչպես և այն փաստը, որ նախորդ օրհնություններից մնացած Մյուռոնը՝ Քրիստոսի ժամանակներից ի վեր, ավելացվում է նորին, այդպիսով կապելով ներկա համայնքը հավատացյալների հավերժական խմբին, որը հռչակում է մարդկության համար սիրո և խաղաղության միասնական պատգամը։ Հիսուսի ծննդյան ժամանակ հրեշտակները հռչակեցին. «Խաղաղություն երկրի վրա և հաճություն մարդկանց միջև», և յուրաքանչյուր օծմամբ մենք կնքում ենք և «Ամեն» ասում այդ խոսքերին՝ որպես հավատքի մեր ուղենիշ։
Մյուռոնի բաղադրությունը ձիթայուղ է, բալասան և անուշահոտ ծաղիկների էություն, որոնցից յուրաքանչյուրն ունի հատուկ նշանակություն և նպատակ, ինչպես կտեսնենք հետագայում։
Մյուռոնն օգտագործվում է մարդկանց, առարկաների և սրբազան վայրերի օծման համար։ Այս օծումներից յուրաքանչյուրը Եկեղեցու տարբեր աստիճանակարգերի պատասխանատվությունն է։ Օրինակ՝ քահանան կարող է օծել մկրտվածին։ Եպիսկոպոսը կարող է քահանաներ ձեռնադրել Եկեղեցում ծառայելու համար, ինչպես նաև օծել շինություններ և առարկաներ՝ Եկեղեցում ծառայելու նպատակով։ Իսկ Գերագույն Եպիսկոպոսը կամ Կաթողիկոսն ունի Սրբալույս Մյուռոնը օրհնելու, ինչպես նաև Եկեղեցում ծառայելու համար եպիսկոպոսներ ձեռնադրելու իրավասություն։
Մյուռոնն օրհնվում է յոթ տարին մեկ անգամ։ Յոթը խորհրդավոր թիվ է հայոց հավատքի մեջ։ Հայոց այբուբենի յոթերորդ տառը «է»-ն է, որը «լինել» բայը ներկա ժամանակով արտահայտող ձևն է։ Այն Աստծո անունն է՝ «Նա է», որ գոյություն ունի հավերժական ներկայում։ Կաթողիկոսը, ընտրվելով և օծվելով, կարող է որոշել Մյուռոնն օրհնել իր գահակալության առաջին տարում, որից հետո ժամանակը հաշվում է յոթ տարի մինչև հաջորդ օրհնությունը։
Աստված մեզ հետ խոսում է խորհուրդների և հատկապես Սրբալույս Մյուռոնի միջոցով։ Նա այսօր էլ է խոսում Ձեզ հետ, և միշտ էլ խոսել է։ Մեզանից է կախված լսելը, ականջ դնելը և հետևելու կամ գործելու ընտրություն կատարելը։ Այդ գործողության սկիզբը հաստատումն է՝ «Ամեն»-ը, օծումը։
Վաղը մենք կլսենք և կիմանանք, թե ինչպես է Նա խոսում մեզ հետ Մյուռոնի միջոցով։
Աղոթենք. Տե՛ր Աստված մեր, ըստ Քո բարեհաճության, լցրո՛ւ իմ սիրտը Քո խաղաղությամբ։ Մաքրի՛ր ինձ ամեն տեսակի արատներից, նենգությունից, կեղծավորությունից, չարությունից և չարի հիշողությունից։ Ամեն։

2024 Epostle
2014 Հայր Վազգեն


2024 Epostle.net


2017 Սյուզան Մովսեսյան
Թողնել պատասխան
Ցանկանո՞ւմ եք միանալ քննարկմանը։Ազատորեն կիսվեք Ձեր մտքերով։