Էգոյի հիմարությունը
Ժամանակակից Արմոդոքսիա. Հիմարի էգոն
Այս տարի մեր Գալստյան ուղին կենտրոնացած է Քրիստոսի էական ուսմունքների վրա, որոնք արտահայտված են Լեռան քարոզում։ Գալստյան առաջին շաբաթվա ընթացքում մենք կենտրոնացանք Երանիների կամ, ըստ Հիսուս Քրիստոսի, երջանկության բանաձևի վրա։ Այս շաբաթավերջին՝ Գալստյան առաջին կիրակի օրը, սահմանված սուրբգրային ընթերցումը Ղուկասի 12:13-21 հատվածում տեղ գտած Հարուստ հիմարի առակն է։ Խորհրդածե՛ք Հիսուսի այս առակի շուրջ, նախքան էական ուսմունքներին անցնելը։ Այնտեղ Հիսուսը մի մարդու հիմար է անվանում։ Ո՞րն է այս հարուստ մարդու հիմարությունը։
Ըստ առակի՝ Հիսուսը պատմում է մի մարդու մասին, որը հիանում է իր առատ բերքով և ավելի մեծ շտեմարաններ կառուցում՝ ինքն իրեն ասելով. «Հանգիստ ապրի՛ր, կե՛ր, խմի՛ր և ուրախացի՛ր»։ Սակայն, շարունակում է Հիսուսը, հենց այդ գիշեր նրա հոգին պահանջվեց նրանից։
Երբ ընթերցում ենք Ղուկասի 12-րդ գլխի այս առակը, պատգամը պարզ է դառնում. մեր կյանքը ժամանակավոր է, ինչպես և այն բարիքներն ու հարստությունը, որոնցից վայելում ենք այս կյանքում։ Ո՞ւմ համար կամ ի՞նչ նպատակով նա կուտակեց այս հարստությունը։ Նա ոչինչ չէր մտածում, բացի իրենից և իր հարստությունից։ Ահա թե ինչու նա հիմար էր։ Նյութապաշտության դեմ ուղղված դասը հստակ է։ Սակայն այն դասը, որը մենք կարող ենք բաց թողնել, մեր ագահության և սխալ առաջնահերթությունների խորքային արմատն է, որոնք մեզ մատնում են հիմարության։
Հիսուսը բացահայտում է հիմարի հոգեբանությունը՝ արտաբերելով նրա մտքերը։ Ընթերցելիս ուշադրությո՛ւն դարձրեք, թե ինչպես է մարդու եսասիրությունը քայքայում նրա բարոյականությունը։ Նրա խոսքի մեկ երրորդը զբաղեցնում են ինքնագովեստն ու ինքնահաստատումը։ Հիսուսն ասում է, որ այդ մարդը, իր հարստության մասին խորհելով, ասաց ինքն իրեն. «Ես այսպես կանեմ. ես կքանդեմ իմ շտեմարանները և ավելի մեծերը կկառուցեմ, և այնտեղ ես կամբարեմ իմ ողջ բերքն ու իմ ունեցվածքը։ Եվ ես կասեմ իմ հոգուն. «Հոգի՛մ, դու շատ բարիքներ ունես կուտակած երկար տարիների համար. հանգստացի՛ր, կե՛ր, խմի՛ր և ուրախացի՛ր»»։
Եսասիրությունը մեր երջանկության գլխավոր խոչընդոտն է։ Մենք ապրում ենք Աստծո շնորհիվ։ Մենք մեր նախնիների աղոթքների, ծնողների հոգատարության, ընկերների ընկերակցության, ուսուցիչների ուղղորդման, և այն մարդկանց սիրո ու հոգածության հավաքական արդյունքն ենք, որոնց մենք հպվել ենք մեր սիրով։ Այս շաբաթվա համար նախատեսված օրագրային առաջադրանքն է՝ գրի առնել, թե ում շնորհիվ եք դուք այն, ինչ կաք։ Մեծահարուստ հիմարի մասին առակը, Գալստյան այս առաջին շաբաթվա ընթացքում, անհրաժեշտ բանալին է Քրիստոսի էական ուսմունքները հասկանալու և ընդունելու համար։
Աղոթե՛ք այսպես. Ամենաբարի և ամենակարող ապավեն ու հույս տկարների և տառապյալների, Տե՛ր իմ և Աստվա՛ծ իմ, Ով ստեղծեց ամեն ինչ ոչնչից՝ պահպանելով Քո արարչագործությունը։ Մոտեցի՛ր ինձ Քո անպատմելի ողորմությամբ և ողորմի՛ր ինձ՝ մեղավորիս։ Ամեն։

2025 Առաքյալ
2026 Առաքյալ
2025 Առաքյալ
2025 Առաքյալ
2026 Epostle.net


2023 Epostle.net
Թողնել պատասխան
Ցանկանո՞ւմ եք միանալ քննարկմանը։Ազատորեն կիսվեք Ձեր մտքերով։