Ադվենտ 6/7. Հիմարի էգոն
Գալստյան 50 օրերից 6-րդ և 7-րդ օրերը. Հիմարը
Մեծահարուստ հիմարի մասին առակը Գալստյան այս օրվա սուրբգրային ընթերցումն է։ Լեռան քարոզում արտահայտված Քրիստոսի էական ուսմունքները սովորելու մեր ձգտման մեջ Հայ Եկեղեցին մեզ հրավիրում է խորհել այս առակի շուրջ։ Այստեղ Հիսուսը մի մարդու անվանում է հիմար՝ ի հակադրություն Լեռան քարոզում տրված իր ուսմունքի, որն արգելում է որևէ մեկին հիմար անվանել։ (Մատթեոս 5:22)
Հիսուսը պատմում է մի մարդու մասին, որը հիանում է իր բերքի առատությամբ և ավելի մեծ շտեմարաններ կառուցում՝ ինքն իրեն ասելով. «Հանգստացի՛ր, կե՛ր, խմի՛ր և ուրախացի՛ր»։ Սակայն Հիսուսը շարունակում է՝ նշելով, որ հենց այդ գիշեր մարդու հոգին պահանջվեց նրանից։
Երբ ընթերցում ենք Ղուկասի 12-րդ գլխի այս առակը, պատգամը պարզ է դառնում. մեր կյանքը ժամանակավոր է, ինչպես և այն բարիքներն ու հարստությունը, որոնցից վայելում ենք այս կյանքում։ Ո՞ւմ համար կամ ի՞նչ նպատակով նա կուտակեց այս հարստությունը։ Նա ոչինչ չէր մտածում, բացի իրենից և իր հարստությունից։ Ահա թե ինչու նա հիմար էր։ Նյութապաշտության դեմ ուղղված դասը հստակ է։ Սակայն այն դասը, որը մենք կարող ենք բաց թողնել, մեր ագահության և սխալ առաջնահերթությունների խորքային արմատն է, որոնք մեզ մատնում են հիմարության։
Հիսուսը բացահայտում է հիմարի հոգեբանությունը՝ արտաբերելով նրա մտքերը։ Ընթերցելիս ուշադրությո՛ւն դարձրեք, թե ինչպես է մարդու եսասիրությունը քայքայում նրա բարոյականությունը։ Նրա խոսքի մեկ երրորդը զբաղեցնում են ինքնագովեստն ու ինքնահաստատումը։ Հիսուսն ասում է, որ այդ մարդը, իր հարստության մասին խորհելով, ասաց ինքն իրեն. «Ես այսպես կանեմ. ես կքանդեմ իմ շտեմարանները և ավելի մեծերը կկառուցեմ, և այնտեղ ես կամբարեմ իմ ողջ բերքն ու իմ ունեցվածքը։ Եվ ես կասեմ իմ հոգուն. «Հոգի՛մ, դու շատ բարիքներ ունես կուտակած երկար տարիների համար. հանգստացի՛ր, կե՛ր, խմի՛ր և ուրախացի՛ր»»։
Եսասիրությունը մեր երջանկության գլխավոր խոչընդոտն է։ Մենք ապրում ենք Աստծո շնորհիվ։ Մենք մեր նախնիների աղոթքների, ծնողների հոգատարության, ընկերների ընկերակցության, ուսուցիչների ուղղորդման, և այն մարդկանց սիրո ու հոգածության հավաքական արդյունքն ենք, որոնց մենք հպվել ենք մեր սիրով։ Այս շաբաթվա համար նախատեսված օրագրային առաջադրանքն է՝ գրի առնել, թե ում շնորհիվ եք դուք այն, ինչ կաք։ Մեծահարուստ հիմարի մասին առակը, Գալստյան այս առաջին շաբաթվա ընթացքում, անհրաժեշտ բանալին է Քրիստոսի էական ուսմունքները հասկանալու և ընդունելու համար։
Աղոթե՛ք այսպես. Ամենաբարի և ամենակարող ապավեն ու հույս տկարների և տառապյալների, Տե՛ր իմ և Աստվա՛ծ իմ, Ով ստեղծեց ամեն ինչ ոչնչից՝ պահպանելով Քո արարչագործությունը։ Մոտեցի՛ր ինձ Քո անպատմելի ողորմությամբ և ողորմի՛ր ինձ՝ մեղավորիս։ Ամեն։
Շապիկ՝ Լունա և Գրեգորի Բեյլերյան, 2023


