Քրիստոնեական հավատքի արտահայտման երեք տարրերն են ողորմածությունը, աղոթքը և պահքը։ Ես խնդրում եմ, որ Դուք Ձեր Գալստյան օրագրում նշում կատարեք «կեղծավոր» բառի վերաբերյալ, քանի որ Հիսուսն այս բառն օգտագործում է որպես հակառակորդ՝ հավատքի արտահայտման մասին Իր յուրաքանչյուր ուսմունքում։ Նա զգուշացնում և պատվիրում է մեզ. «Մի՛ եղեք կեղծավորների պես, որոնք ցանկանում են, որ իրենց արարքները նկատվեն ուրիշների կողմից»։ Եվ այսպես, նրանց դրդապատճառը խեղաթյուրված է։
Ողորմածության դեպքում Հիսուսը զգուշացնում է՝ թող Ձեր ձախ ձեռքը չիմանա, թե ինչ է անում աջը։ Աղոթքի համար Նա ասում է՝ մի՛ օգտագործեք ավելորդ բառեր և մի՛ ցուցադրեք Ձեր կրոնը ուրիշների առաջ։ Իսկ պահքի դեպքում Նա զգուշացնում է չաղավաղել Ձեր արտաքին տեսքը՝ ուրիշների կարեկցանքը շահելու համար։ Եվ յուրաքանչյուր դեպքում Հիսուսի զգուշացմանը հաջորդում է այն հավաստիացումը, որ կեղծավորն արդեն ստացել է իր վարձատրությունը։
Աստծո հետ Ձեր հարաբերությունը Ձերն է։ Այն մտերիմ է։ Այն Ձեր և Աստծո միջև է։ Ողորմածության, աղոթքի և պահքի Ձեր գործերում Դուք կանգնած եք Աստծո և ոչ ոքի առաջ։ Հիսուսը կեղծավորին բնորոշում է որպես մեկի, ով ավելի շատ մտահոգված է ուրիշների կողմից տեսանելի լինելով։
Նախքան առաջ շարժվելը, ես ցանկանում եմ Ձեզ տալ «Արմոդոքսի» (Armodoxy) կանոնը. Հիսուսն իրավունք ունի մարդկանց կեղծավոր անվանելու, իսկ մենք՝ ոչ։ Հիսուսն անմեղ է։ Քրիստոնեության մեջ գայթակղություններից մեկը Հիսուսին միանալն է կեղծավորներին մերկացնելու հարցում։ Դա վերապահված է միայն Հիսուսին։ Հիշե՛ք, երբ Դուք մատնացույց եք անում ինչ-որ մեկին, երեք մատ ցույց է տալիս դեպի Ձեզ։
Հիսուսը մաքուր է և անմեղ։ Նա կարող է մերկացնել կեղծավորին։ Դուք կնկատեք, որ Հիսուսը հանդուրժում է յուրաքանչյուր մարդու, յուրաքանչյուր տեսակի մեղավորի և նրանց մեղքի բնույթը։ Միակ մարդը, ում Նա չի կարող հանդուրժել և միակը, ում Նա մերկացնում է, կեղծավորն է։ Մինչ մենք առաջ ենք շարժվում Հիսուսի էական ուսմունքներում, անհրաժեշտ է հիշել այս կանոնը. մեր գործը Հիսուսին հետևելն է և նկատել այն մատը, որը ցույց է տալիս դեպի մեզ։ Այլ կերպ ասած՝ նախ եղե՛ք մաքուր և ձգտե՛ք Աստծո արքայությանը։
Աղոթենք Սուրբ Ներսես Շնորհալու «Հավատով խոստովանիմ» աղոթքի տասնմեկերորդ ժամից. «Հիսուս, Հոր իմաստություն, տո՛ւր ինձ իմաստություն, որպեսզի միշտ մտածեմ, խոսեմ և անեմ այն, ինչ բարի է Քո աչքերում, փրկի՛ր ինձ չար մտքերից, խոսքերից և գործերից։ Ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ մեղավորիս։ Ամեն»։
Շապիկ՝ Envato Elements
https://epostle.net/wp-content/uploads/2023/12/Day-29.jpg7201128Վազգեն Մովսեսյանhttps://epostle.net/wp-content/uploads/2022/07/final_logo_large_for_epostle_web-300x189.pngՎազգեն Մովսեսյան2023-12-18 00:01:182024-12-25 18:47:35Սուրբ Ծննդյան պահք 29:50. Երեք մատ հետ
Այսօրվա հատվածը խոսում է հավատքի դրսևորումների երրորդ հիմնասյան մասին։ Լեռան քարոզի այս հատվածում Հիսուսը խոսեց ողորմության գործերի, ապա՝ աղոթքի մասին։ Իսկ այսօր Նա շարունակում է...
Երբ պահք պահեք, տրտում մի՛ եղեք կեղծավորների պես, որոնք այլանդակում են իրենց երեսները, որպեսզի մարդկանց ցույց տան, թե պահք են պահում։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, նրանք ստացել են իրենց վարձքը։ Իսկ դու, երբ պահք պահես, օծի՛ր գլուխդ և լվա՛ երեսդ, որպեսզի մարդկանց չերևաս պահք պահող, այլ՝ քո Հորը, որ ծածուկ տեղում է. և քո Հայրը, որ տեսնում է ծածուկը, կհատուցի քեզ հրապարակավ։ (Մատթեոս 6:16-18)
Պահքը հավատքի այն երրորդ դրսևորումն է, որը, ըստ Տիրոջ բացատրության, Ձեր և Ձեր Արարչի միջև է։
Պահքը սննդից ֆիզիկական հրաժարումն է։ Աղոթքի և ողորմության գործերի պես՝ պահքը քրիստոնյայի կյանքում անհրաժեշտ ևս մեկ տարր է։ Հիսուսը ոչ միայն սովորեցրեց այն, այլև ինքը պահք պահեց, հատկապես՝ իր մկրտությունից հետո և ծառայությունը սկսելուց առաջ անապատում անցկացրած 40-օրյա մեկուսացման ընթացքում։
Պահքն ամրապնդում է անհատի կամքն ու վճռականությունը։ Պահքի ընթացքում մարդը քաղց է զգում, երբեմն՝ նաև ցավ։ Հենց ֆիզիկական այդ կարոտի պահերին ենք մենք հասկանում Հիսուսի խոսքերը՝ 40-օրյա պահքի ժամանակ ասված. «Մարդ միայն հացով չպիտի ապրի, այլ Աստծու բերանից ելնող ամեն խոսքով»։
Պահքի և աղոթքի կոչը Ձեր ուժեղ կողմերն ու սահմանները ճանաչելու կոչ է։ Անհրաժեշտ է պատրաստել և զորացնել Ձեր ներքին էությունը հոգևոր պատերազմի համար։ Արտաքին բոլոր ֆիզիկական պատերազմների հետևում կան ավելի մեծ հոգևոր ճակատամարտեր, որոնցից հնարավոր չէ խուսափել։ Հաճախ մարդիկ իրենց վախերի և խնդիրների լուծումները փնտրում են իրենցից դուրս։ Մեզանից յուրաքանչյուրն իր մեջ ունի լուծման մի մասը դառնալու կարողությունը։
Աղոթենք, Տեր և Աստված մեր՝ Հիսուս Քրիստոս։ Նախքան երկրի վրա Ձեր սուրբ ծառայությունը սկսելը, Դուք առանձնացաք և պահք պահեցիք։ Դուք մեզ սովորեցրիք, որ մենք միայն հացով չենք ապրում, այլ Աստծո բերանից ելնող ամեն խոսքով։ Թող այդ խոսքերը հագեցնեն արդարության մեր քաղցը և զորացնեն մեր հոգին ու խիղճը՝ խաղաղության և փոխըմբռնման համար հաստատուն կանգնելու։ Մենք շնորհակալություն ենք հայտնում Ձեզ՝ Հոր և Սուրբ Հոգու հետ միասին։ Ամեն։
«Տերունական» աղոթքում Աստծուց խնդրվող խնդրանքները քիչ են։ Մենք հայցում ենք մեր հանապազօրյա հացը, մեր մեղքերի թողությունը, փորձությունից և, ի վերջո, չարից զերծ մնալը։ Սա կարճ ցանկ է՝ հսկայական պահանջներով։ Դրանցից մեղքերի թողությունը առանձնանում է մյուսներից, քանի որ սա միակ խնդրանքն է, որը պայմանական է։ Հիսուսի ուսուցանած աղոթքում օգտագործված բառերն են՝ «Թող մեզ մեր պարտքերը, ինչպես և մենք ենք թողնում մեր պարտապաններին»։
Մեր պարտքերը կամ մեղքերը ներվում են նույն չափանիշով, որով մենք ներում ենք ուրիշների պարտքերը կամ մեղքերը։ Իրականում, սա «Հայր մեր» աղոթքի այնքան կարևոր մասն է, որ Հիսուս այն հաստատում է աղոթքին հաջորդող 6:14-15 համարներում. «Որովհետև եթե մարդկանց ներեք իրենց հանցանքները, ձեր երկնավոր Հայրն էլ կների ձեզ։ Իսկ եթե մարդկանց չներեք իրենց հանցանքները, ձեր Հայրն էլ չի ների ձեր հանցանքները»։
Մեր մեղքերը ներվում են այնքանով, որքանով մենք ներում ենք ուրիշների մեղքերը։ Եթե մարդուն ներեք նրա պարտքի միայն կեսը, վստահ եղեք, որ Աստված էլ կների ձեր պարտքերի կամ մեղքերի միայն կեսը։
Մեղքերի տոկոսները կամ ներման չափաբաժինները հաշվելուց ավելի կարևոր է այն, որ Հիսուս մեզ կոչ է անում պատասխանատվություն ստանձնել աշխարհում ներդաշնակություն հաստատելու համար։
Բարի, իմաստալից և լիարժեք կյանքով ապրելու ամենամեծ խոչընդոտը մեր մեղքն է։ Եկեղեցում մենք առանձնացնում ենք յոթ «մահացու» մեղքեր՝ հպարտություն, բարկություն, նախանձ, ագահություն, պոռնկություն, որկրամոլություն և ծուլություն։ Այսօր մի պահ տրամադրեք՝ բացահայտելու աստվածահաճո և բարի կյանքով ապրելու ձեր խոչընդոտների պատճառները։ Դուք կտեսնեք, որ ձեր դժվարությունների արմատին հենց այս նշված մեղքերից մեկը կամ մի քանիսն են։ Դուք ունեք ձեր մեջ մեղքերի թողություն ստանալու հնարավորությունը։ Պայմանը մեկն է՝ ներել ուրիշներին։ Այլ կերպ ասած՝ Հիսուս մեզ պատվիրում է ապրել բոլորի հետ ներդաշնակության մեջ։
Չկա մեկը, ով մեղք չի գործում։ Միայն Հիսուս է անմեղ։ Որպես այդպիսին՝ միայն Հիսուս ունի ուրիշներին դատելու իրավունքը, սակայն Նա ընտրում է չդատել։ Հիմա ձեր հերթն է։ Ներեք։
Աղոթենք. Հայր մեր, որ երկնքում ես, սուրբ թող լինի Քո անունը. թող գա Քո թագավորությունը. թող լինի Քո կամքը ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա. մեր հանապազօրյա հացը տուր մեզ այսօր. և ներիր մեզ մեր պարտքերը, ինչպես և մենք ենք ներում մեր պարտապաններին. և մի՛ տար մեզ փորձության, այլ փրկիր մեզ չարից. քանզի Քոնն է թագավորությունը և զորությունը և փառքը հավիտյանս։ Ամեն։
Մենք հասել ենք մեր Գալստյան ուղու կեսին։ Հիսուսի ձայնն այժմ ուսուցանում է մեզ, թե ինչպես պետք է դրսևորել մեր հավատքը։ Նա զգուշացնում է մեզ խուսափել կեղծավորությունից՝ լինելով անկեղծ մեր դրդապատճառներում։ Այսօր Նա սովորեցնում է մեզ աղոթել հակիրճ։
Արդ, դուք այսպե՛ս աղոթեցեք. Հա՛յր մեր, որ երկնքում ես, սուրբ թող լինի քո անունը. թող գա քո թագավորությունը. թող լինի քո կամքը ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա. մեր հանապազօրյա հացը տո՛ւր մեզ այսօր. և ներո՛ւ մեզ մեր պարտքերը, ինչպես և մենք ենք ներում մեր պարտապաններին. և մի՛ տար մեզ փորձության, այլ փրկի՛ր մեզ չարից. որովհետև քոնն է թագավորությունը և զորությունը և փառքը հավիտյանս։ Ամեն։
Այս աղոթքը, որը հաճախ անվանում են «Տերունական աղոթք», ավելի տեղին է կոչել «Հայր մեր», քանի որ, ըստ էության, աղոթքի նորությունը Աստծուն որպես «մեր Հայր» հիշատակելու մեջ է։ Հիսուսը սահմանում է Աստծո հետ մտերմիկ հարաբերություն։ Այսուհետ Նա հրահանգում է մեզ Աստծուն անվանել «Հայր» և, հետևաբար, հասկանալ Նրան որպես Հայր։ Սա հեղափոխական էր Իր ժամանակներում և նույնիսկ ավելի հեղափոխական է այսօր։ Աստծո և մարդու միջև հեռավորությունը կրճատվել է։ Աստված սեր է և որպես մեր Հայր՝ ունի մեզ սիրելու և հոգ տանելու անսահման կարողություն։
Այս աղոթքի մեջ մենք խոստովանում ենք մեր Հոր սրբությունը և Նրա անվան սրբազնությունը։ Մենք մեզ ընկալում ենք որպես Թագավորության մասնակիցներ՝ լինելով գործիքը, այն միջոցը, որով Նրա կամքը կատարվում է երկրի վրա (ճիշտ այնպես, ինչպես երկնքում)։
Մենք մեր Հորից խնդրում ենք մեր հանապազօրյա հացը, մեր մեղքերի թողությունը և փրկությունը չարից։
Այսօր մենք ավարտում ենք Հայ Եկեղեցու Սուրբ Պատարագից վերցված աղոթքով. Ճշմարտության Աստված և գթության Հայր, շնորհակալություն ենք հայտնում Քեզ, Ով բարձրացրեցիր մեր բնությունը, որ դատապարտված էր, օրհնյալ նահապետների բնությունից վեր, քանզի նրանք Քեզ Աստված կոչեցին, մինչդեռ Դու հաճեցիր, որ մենք Քեզ Հայր անվանենք։ Մենք հավիտյան շնորհակալություն ենք հայտնում Քեզ։ Ամեն։
https://epostle.net/wp-content/uploads/2023/12/Our-Father.jpg576961Վազգեն Մովսեսյանhttps://epostle.net/wp-content/uploads/2022/07/final_logo_large_for_epostle_web-300x189.pngՎազգեն Մովսեսյան2023-12-15 00:01:262023-12-15 13:20:38Գալուստ 26-50. Հայր մեր
Խորհրդածությունը քրիստոնեական կյանքի կարևոր մասն է և մի գործընթաց, որին Հիսուսն անդրադառնում է այսօրվա ուսուցման մեջ։
Հիսուսն ասում է. «Երբ աղոթեք, կեղծավորների պես մի՛ եղեք, որոնք սիրում են ժողովարաններում և հրապարակների անկյուններում կանգնած աղոթել, որպեսզի մարդկանց երևան։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, նրանք ստացել են իրենց վարձքը։ Իսկ դուք, երբ աղոթեք, մտե՛ք ձեր սենյակը, փակե՛ք դուռը և աղոթե՛ք ձեր Հորը, որ գաղտնի տեղում է, և ձեր Հայրը, որ տեսնում է գաղտնիքները, կհատուցի ձեզ հրապարակավ։ Եվ երբ աղոթեք, նենգամիտների պես շատախոս մի՛ եղեք, որովհետև նրանք կարծում են, թե իրենց շատախոսության համար կլսվեն։ Ուրեմն նրանց պես մի՛ եղեք, որովհետև ձեր Հայրը գիտի, թե ինչ է ձեզ պետք, նախքան դուք Նրանից խնդրելը» (Մատթեոս 6։5-8)։
Հիսուսը կրկին մեզ հորդորում է մեր բարեպաշտությունը դրսևորել գաղտնի։ Կրոնական փորձառությունը Ձեր և Աստծո միջև է, այլ ոչ թե ուրիշներին ցուցադրելու համար։ Հիսուսը հեղինակությամբ հայտնում է, որ մեր Հայրը գիտի մեր կարիքները նախքան մեր խնդրելը։ Հետևաբար, աղոթքը խորհրդածական է, այսինքն՝ աղոթքը զրույց է մեր ներքին էության հետ։ Աստված արդեն գիտի Ձեր կարիքները, այժմ Դուք պետք է գիտակցեք դրանք։ Խորհրդածությունը «Լռե՛ք և իմացե՛ք, որ Ես եմ Աստված» (Սաղմոս 46։10) ասելու հնարավորություն է։ Սա հանգիստ ժամանակ է Աստծո հետ, ով Ձեր ներսում է։ Աղոթե՛ք այն գիտակցությամբ, որ Աստված գիտի Ձեր կարիքները, և զգացե՛ք Նրա սերը։ Այդ գիտելիքը մեզ տրվել է Նրա կողմից, ով ծնվել է Հորից, այսինքն՝ մարմնացյալ Սիրո կողմից։
Ձեր Գալստյան օրագրի համար նշում կատարեք հակառակորդի՝ կեղծավորի մասին։ Այսօր մենք կեզրափակենք Սուրբ Ներսես Շնորհալու «Հավատով խոստովանիմ» աղոթքի տասներորդ ժամի խոսքերով. «Քրիստո՛ս, կենդանի հուր, բորբոքի՛ր հոգիս սիրո քո հրով, որը երկրի վրա ուղարկեցիր, որպեսզի այն այրի հոգուս պղծությունները, սրբի՛ր խղճմտանքս և մարմինս մաքրի՛ր մեղքից, և սրտիս մեջ վառի՛ր քո գիտության լույսը։ Ողորմի՛ր քո արարածներին և ինձ՝ մեղավորիս։ Ամեն»։
Մինչ այժմ Հիսուսը հիմք է դրել իր էական ուսմունքների համար։ Նա հրավիրում է մեզ ձգտել նմանվել Քրիստոսին։ Այս ուսմունքը հեղափոխական է, քանի որ դրան հետևելը բացահայտում է տևական խաղաղության բանաձևը։ Սակայն ուսմունքներն ընդունելու դժվարությունը բխում է նրանից, որ դրանք բոլորովին հակառակ են նյութապաշտությամբ և եսասիրությամբ կլանված աշխարհի ուղիներին։
Լեռան քարոզի հաջորդ հատվածում Հիսուսը ներկայացնում է այն մեթոդը, որով Դուք կարող եք ընդունել Քրիստոսի ուսմունքները։
Նա սկսում է պատվիրելով. Զգո՛ւյշ եղեք, որ ձեր ողորմությունը մարդկանց առաջ չանեք, որպեսզի նրանք տեսնեն ձեզ։ ...Արդ, երբ ողորմություն անես, փող մի՛ հնչեցրու քո առջև, ինչպես կեղծավորներն են անում ժողովարաններում և հրապարակներում, որպեսզի մարդկանցից փառք ստանան։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, նրանք արդեն ստացել են իրենց վարձքը։ Իսկ երբ ողորմություն անես, թող քո ձախ ձեռքը չիմանա, թե ինչ է անում աջը, որպեսզի քո ողորմությունը լինի գաղտնի, և քո Հայրը, որ տեսնում է գաղտնին, Ինքը կհատուցի քեզ հրապարակավ։
Ուրիշներին տալն ու օգնելը կարևոր է, բայց ողորմության գործից ավելի նշանակալի է այն, թե ինչպես է այն կատարվում։ Հիսուսը հերթական անգամ կոչ է անում անկեղծության, այս անգամ՝ մեր գործողությունների առումով։ Աստծո հետ Ձեր հարաբերությունները պետք է լինեն պարզ։ Ոչ թե ցուցադրական, այլ գաղտնի՝ Ձեր և Ձեր Արարչի միջև։ Այստեղ Հիսուսը գաղտնի մուտք է տալիս դեպի հավիտենական Աստված։ Այդ հնարավորությունից օգտվելու համար Դուք պարզապես պետք է լինեք անկեղծ։ Տվե՛ք այնպես, որ Ձեր ձախ ձեռքը չիմանա, թե ինչ է անում աջը։
Աղոթենք Սուրբ Ներսես Շնորհալու աղոթքի 8-րդ ժամից. Գաղտնիքներ քննող, մեղանչեցի քեզ դեմ կամավոր և ակամա, գիտությամբ և անգիտությամբ։ Շնորհի՛ր ինձ թողություն, քանզի ծննդյանս օրից մինչև մկրտության ավազան և մինչև այսօր մեղանչել եմ քո առաջ, Տե՛ր, իմ բոլոր զգայարաններով և մարմնիս բոլոր անդամներով։ Ողորմի՛ր քո արարածներին և ինձ։ Ամեն։
https://epostle.net/wp-content/uploads/2023/12/advent-24-e1702444317317.jpg9321144Վազգեն Մովսեսյանhttps://epostle.net/wp-content/uploads/2022/07/final_logo_large_for_epostle_web-300x189.pngՎազգեն Մովսեսյան2023-12-13 00:01:402023-12-12 21:12:19Գալուստ 24-50. Մասնավոր հասանելիություն
«Դուք լսել եք», – ասում է Հիսուսը՝ մատնանշելով այն օրենքները, որոնք մենք անվանում ենք Հին Կտակարան։ Իսկ հաջորդ պահին Նա ավելացնում է. «Բայց Ես ձեզ ասում եմ...»։ Մինչ այժմ մենք լսել ենք, թե ինչպես է Նա առաջարկում մարդկանց հետ փոխհարաբերվելու մի հեղափոխական նոր ուղի՝ միմյանց հետ հարաբերվելու ձև։
Ես սպասում էի այս օրվան, որպեսզի ձեզ հետ կիսվեմ Հիսուսի խոսքերն Իր մտադրության մասին։ Նա ասում է. «Մի՛ կարծեք, թե եկա օրենքը կամ մարգարեներին ջնջելու. չեկա ջնջելու, այլ՝ կատարելու։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, մինչև երկինքն ու երկիրը չանցնեն, օրենքից ոչ մի յոտ կամ մի նշան չի անցնի, մինչև ամեն ինչ կատարվի։ Ով կխախտի այս պատվիրաններից թեկուզ մեկը և այդպես կսովորեցնի մարդկանց, երկնքի արքայության մեջ ամենափոքրը կկոչվի, իսկ ով կատարի և սովորեցնի, նա մեծ կկոչվի երկնքի արքայության մեջ։ Քանզի ասում եմ ձեզ, եթե ձեր արդարությունը չգերազանցի դպիրների և փարիսեցիների արդարությանը, երկնքի արքայություն չեք մտնի»։ (Մատթեոս 5:17-20)
Հիսուսով օրենքը կատարվեց։ Խաչի վրա Նրա վերջին խոսքերը՝ «Կատարվեց», ակնարկում են օրենքի լրումը։ Հիսուսի բերած հեղափոխությունը պարփակված է Նրա էական ուսմունքների մեջ, այն է՝ մեր Գալստյան ճամփորդության տեքստը՝ Լեռան քարոզը։ Բավարար չէ միայն հետևել օրենքին, Նրա կոչն է՝ ապրել այնպես, որ «ձեր արդարությունը գերազանցի դպիրների և փարիսեցիների արդարությանը»։ Հիսուսը մեզ կանչում է օրենքից ավելի բարձր չափանիշի, Նա խնդրում է ձգտել աստվածայինին. «Կատարյալ եղեք, ինչպես ձեր երկնավոր Հայրն է կատարյալ» (Մատթեոս 5:48)։ Ձգտելով աստվածայինին՝ Նա կանչում է մեզ ապրել Աստծո ճանապարհով, այն է՝ սիրով։ Աստված սեր է, ասում է ավետարանիչ Հովհաննեսը իր առաջին թղթում (գլուխ 4)։ Եվ այսպիսով, կոչը Սիրո մասին է։
Մինչ այժմ՝ ատելության փոխարեն սեր, քանի որ ատելությունը սպանություն է։ Ամուսնալուծության փոխարեն՝ սեր, որովհետև ամուսնալուծությունը դուռ է բացում շնության համար։ Սիրե՛ք ձեր թշնամիներին, որովհետև ձեր թշնամին նույնպես Աստծո զավակ է, իսկ Աստված չի տարբերակում Իր զավակներին։
Աղոթենք Ուղղափառ եկեղեցու կանոնով. «Ո՛վ Հոր Ամենակարող Բան, Հիսուս Քրիստոս, Ով Ինքդ կատարյալ ես. Քո մեծ ողորմության շնորհիվ երբեք մի՛ հեռացիր ինձանից՝ Քո ծառայից, այլ միշտ բնակվի՛ր իմ մեջ»։ Ամեն։
https://epostle.net/wp-content/uploads/2023/12/advent-23-e1702360840955.jpg8491138Վազգեն Մովսեսյանhttps://epostle.net/wp-content/uploads/2022/07/final_logo_large_for_epostle_web-300x189.pngՎազգեն Մովսեսյան2023-12-12 00:01:102023-12-11 22:02:46Ադվենտ 23-50. Ձգտել դեպի աստվածայինը
Հետևելով չարին չդիմադրելու Հիսուսի պատվիրանին՝ այս խոսքերը այդ զգացումի բնական շարունակությունն են։ Հիսուսն ասում է. «Լսել եք, որ ասվել է՝ սիրի՛ր ընկերոջդ և ատի՛ր թշնամուդ։ Բայց Ես ասում եմ Ձեզ. սիրե՛ք Ձեր թշնամիներին, օրհնե՛ք Ձեզ անիծողներին, բարի՛ք արեք Ձեզ ատողներին և աղոթե՛ք Ձեզ չարչարողների ու հալածողների համար, որպեսզի լինեք Ձեր երկնավոր Հոր որդիները, քանի որ Նա Իր արեգակը ծագեցնում է չարերի ու բարիների վրա և անձրև է տեղում արդարների ու անիրավների վրա։ Որովհետև եթե սիրեք նրանց, ովքեր Ձեզ սիրում են, ի՞նչ վարձք ունեք։ Մի՞թե մաքսավորներն էլ նույնը չեն անում։ Եվ եթե միայն Ձեր եղբայրներին ողջունեք, ի՞նչ ավելին եք անում. մի՞թե մաքսավորներն էլ նույնը չեն անում։ Արդ, Դուք կատարյա՛լ եղեք, ինչպես որ Ձեր երկնավոր Հայրն է կատարյալ»։ (Մատթեոս 5:43-48)
Այս խոսքերը կրկին հակասում են իրերի բնական ընթացքին։ Դրանք հնչում են հենց այնպես, ինչպես ասված են, և այլ իմաստներ փնտրելու հնարավորություն չկա։ Այո՛, դրանք հակառակ են այն ամենին, ինչ Ձեզ սովորեցրել են։ Հենց սկզբից Հիսուսը մեզ ցույց է տալիս, որ բնական կարգը վերացվում է՝ պատվիրանը նախորդելով «Լսել եք, որ ասվել է...» խոսքերով։
Այստեղ ամեն ինչ հիմնված է «կատարյալ լինելու՝ ինչպես Ձեր երկնավոր Հայրն է կատարյալ» նպատակի վրա։
Գործողության և արձագանքի չորս հաջորդականություն գոյություն ունի։
Լավություն անել նրանց, ովքեր Ձեզ լավություն են անում, կամ
Չարի փոխարեն չար հատուցելը մարդկային է։
Բարու փոխարեն չար հատուցելը ինքնին չարիք է։ Այն սատանայից է։
Չարի փոխարեն բարի հատուցելը աստվածային է։ Այն Աստծուց է։
Նախքան առաջ գնալը, թույլ տվեք, որ այսօրվա խոսքերը խորապես հասնեն Ձեր սրտին։ Սա Հիսուսի ուսմունքի անկյունաքարն է։ Այս խոսքերը կարող են արտասանվել միայն սիրո դիրքերից։
Այսօր մենք աղոթում ենք Հիսուսի աղոթքով, ինչպես գրված է Սուրբ Հովհաննեսի Ավետարանում (17:25-26). «Արդա՛ր Հայր, աշխարհը Քեզ չճանաչեց, բայց Ես ճանաչեցի Քեզ, և նրանք իմացան, որ Դու Ինձ ուղարկեցիր։ Եվ Ես նրանց հայտնեցի Քո անունը և պիտի հայտնեմ, որպեսզի այն սերը, որով Ինձ սիրեցիր, նրանց մեջ լինի, և Ես՝ նրանց մեջ։ Ամեն»։
Ադվենտի 20 և 21-րդ օրեր. Սուրբ Ծնունդը Լաս Լունասում
Լաս Լունաս փողոցում՝ մեր տնից մեկ մղոնից էլ պակաս հեռավորության վրա, կա մի տուն, որը զարդարվում է Սուրբ Ծննդյան տոների առթիվ։ Պասադենայում անցկացրած իմ ողջ ժամանակահատվածում այս տունը եղել է իմ ամենասիրելի վայրը Սուրբ Ծննդյան տոներին։ Այո, եղել է նաև Բալյանների առանձնատունը։ Այնտեղ շատ ուրախ հիշողություններ են կապված, երբ քաղաքից դուրս եկած հյուրերին տանում էինք դիտելու լուսավորության այդ շքեղությունը։ Երեխաներին դա դուր էր գալիս, իսկ վաճառականները գիտեին դրա մասին։ Նրանք փողոցները լցնում էին էլեկտրոնային խաղալիքներով ու վառ լույսերով, որոնք գրավում էին երեխաներին, իսկ երեխաների հետ էլ գալիս էին ծնողները, որոնք մի քանի դոլար էին ծախսում այդ լույսերի վրա, որոնք մեկ գիշեր էին ծառայում, մինչև երեխաների խաղալու ընթացքում անխուսափելիորեն կկոտրվեին։
Բալյանների առանձնատունը խնամված էր։ Լույսերը կախված էին կանոնավոր կերպով, առկա էին ավանդական գունավոր արձաններ, ինչպիսիք են մսուրի տեսարանը, հրեշտակային երգիչները, մոգերը և Լուցիանի շքախմբի մնացած մասը։ Առանձնատան մի կողմում մեծ վահանակ կար՝ մեծ տառերով գրված նշումով։ Այն Բալյանների ընտանիքից էր, որտեղ նրանք շնորհակալություն էին հայտնում հանրությանը իրենց արտադրանքի՝ Բալյան պաղպաղակի նկատմամբ ցուցաբերած աջակցության համար։ Այս նշանավոր տունը դեռ կանգուն է, բայց մանրակրկիտ լույսերն այլևս այդքան պայծառ չեն փայլում։ Կարծում եմ՝ առանձնատունը վաճառվել է, և նոր սեփականատերերը չեն շարունակել լուսավորման ավանդույթները։
Արդյո՞ք նշեցի, որ առանձնատունը և դրա լուսային շոուն շատ կանոնավոր ու նրբաճաշակ էին։
Ի հակադրություն դրա՝ Լաս Լունասի տունը լույսերի կույտ է։ Տարբեր չափերի ու ձևերի լամպեր։ Այո, կան Սուրբ ընտանիքի, մոգերի և Ձմեռ պապի արձաններ։ Բայց կան նաև մուլտֆիլմերի հերոսների՝ Միկի Մաուսից մինչև «Looney Tunes»-ի սիրված կերպարների վառ լուսավորված պլաստիկ արձաններ։ Նույնիսկ մսուրի շուրջ կան տարբեր սուպերհերոսներ, Բեթմենն ու Սարդ-մարդը նայում են լավ լուսավորված թփերի հետևից։ Առջևի բակում տարածված էլեկտրական լարերն ու վարդակները սնուցում են տանիքից մինչև մայթ իջնող լույսերը՝ նոր իմաստ հաղորդելով «էլեկտրական վերմակ» հասկացությանը։
Ակնհայտ է, որ սա սիրողական աշխատանք է, բայց կարծում եմ՝ Բեթղեհեմում առաջին Սուրբ Ծնունդն էլ էր այդպիսին։ Նկատի ունեմ՝ բավարարվել մսուրով որպես օրորոց։
Սա Սուրբ Ծննդի տոնակատարություն է՝ թե՛ կրոնական, թե՛ աշխարհիկ առումով։ Եվ ես սիրում եմ այն։
Տարիների ընթացքում ես մեր տղաներին տանում էի տեսնելու «Լաս Լունասի տունը»։ Տնից առավել ինձ դուր էր գալիս տեսնել նրանց արտահայտությունը, երբ նայում էին լույսերին։ Մի քանի տարի առաջ հասկացա, որ ճիշտ չէ այդքան վայելել այն՝ առանց փոխարենը որևէ բան առաջարկելու։ Այդ տարի և հաջորդող տարիներին ես միշտ կանխիկ գումար էի վերցնում ինձ հետ՝ հույսով, որ կտեսնեմ տան սեփականատիրոջը, շնորհակալություն կհայտնեմ նրան և գոնե մի փոքր օգնություն կառաջարկեմ՝ այդ բոլոր լույսերի էլեկտրաէներգիայի վարձը վճարելու համար։ Ես երբեք նրան չտեսա։ Նույնիսկ ոչ տոնական օրերին, երբ անցնում էի Լաս Լունասով, հայացքս գցում էի՝ հուսալով, որ բակում ինչ-որ մեկին կտեսնեմ։ Բայց բախտս չէր բերում։
Անցյալ շաբաթ մեր 4 և 2 տարեկան թոռները եկել էին մեզ հյուր: Կնոջս հետ նրանց տաք հագցրինք, նստեցրինք մեքենան ու տարանք, որպեսզի առաջին անգամ տեսնեն Սուրբ Ծնունդը Լաս Լունասում: Ինձ հետ կանխիկ գումար էի վերցրել այն հույսով, որ գուցե հանդիպենք լուսային շոուի գեղարվեստական ղեկավարին: Այս անգամ բախտներս բերեց:
Մենք հասանք տուն և օգնեցինք մեր թոռներին դուրս գալ մանկական նստատեղերի ամրագոտիներից։ Նրանք դուրս եկան լայն բացված աչքերով՝ ամեն ինչ զննելով։ Մեծ ժպիտներով, չիմանալով՝ որ ուղղությամբ գնալ նախ։ Սուրբ Ծննդյան երաժշտությունը բարձր հնչում էր։ Եվ հանկարծ... նա այնտեղ էր։ Տան սեփականատերը և լուսային շոուի հեղինակը այնտեղ էր՝ ձեռքին գայլիկոն և տարբեր գործիքներ, աշխատում էր «Ձմեռ պապի տնակի» վրա։ Նա տոնի համար տնակի վերջին շտրիխներն էր ավելացնում։
Երեխաները լույսերի միջով անցնելով՝ հասան գոմը, որտեղ Սուրբ ընտանիքը, մոգերն ու կենդանիները շրջապատել էին մսուրում պառկած մանուկ Հիսուսին: Մեր ավագ թոռնիկը նայեց ներս, և մենք բացատրեցինք, թե ինչ է կատարվում: Նրա կրտսեր եղբայրը, որ սովոր է կրկնօրինակել եղբոր ամեն մի քայլը, մոտեցավ ու ուշադիր լսեց: Մենք շրջում էինք լույսերի ու տարբեր արձանների միջով, և երեխաները, բնականաբար, ոգևորված էին՝ տեսնելով Բեթմենին ու Սփայդերմենին՝ հագուստներով հանդերձ:
Տանտերը զբաղված էր լույսերով, բայց սա իմ հնարավորությունն էր՝ ցույց տալու երախտագիտությունս այն տարիների երջանկության համար, որ նա պարգևել էր մեր ընտանիքին, և առաջարկելու իմ օգնությունը: Նա աշխատում էր վերջին մանրուքների վրա: Ես մոտեցա նրան, ներկայացա և ներկայացրեցի թոռներիս: Ասացի, որ տարիներ շարունակ որդիներիս հետ այցելել եմ իր տուն, իսկ հիմա հերթը թոռներիսն է: Հուզմունքից խոսքս կոկորդիս կանգ առավ, երբ սկսեցի հիշողություններս պատմել. «Պարզապես ուզում եմ շնորհակալություն հայտնել այն երջանկության ու ուրախության համար, որ պարգևել եք իմ երեխաներին, իսկ այժմ՝ նաև թոռներիս»:
Նա ժպտաց ու շնորհակալություն հայտնեց ինձ: Նա պատմեց իր ընտանիքի կարճ պատմությունը: Հայրը ապրել է այս տանը մինչև իր մահը՝ 20 տարի առաջ: Ի հիշատակ հոր՝ նա ամեն Սուրբ Ծնունդ զարդարում է տունը, քանի որ իր ամենաջերմ հիշողություններից մեկը մանկության տարիներին Բալյանների առանձնատուն այցելելն էր: Մենք փոխանակեցինք մեր հիշողությունները դեկտեմբերյան ցուրտ երկնքի ներքո: Զարմացա՝ նկատելով, որ այսքան լույսերի միջով նույնիսկ աստղերն էին փայլփլում:
Ես ձեռքս տարա գրպանս ու գումար հանեցի. «Գիտեմ, որ սա պահպանելը մեծ ծախսեր է պահանջում: Կցանկանայի մասնակցել փոքրիկ նվիրատվությամբ՝ գոնե էլեկտրաէներգիայի ծախսերը հոգալու համար»: Նա նայեց ինձ: Ես լույսի ստվերում էի, և նա հավանաբար չնկատեց աչքերիս լցված արցունքները, բայց, թերևս, զգաց դա ձայնիս մեջ:
Նա ասաց. «Ես չեմ կարող վերցնել: Սա իմ մասին չէ: Սա Նրա մասին է»: Նա մատնացույց արեց մսուրն ու դրանում պառկած մանուկ Հիսուսին: «Գիտեմ, թե Նա ինչ կուզեր, որ անեք այդ գումարով: Խնդրում եմ, տվեք այն անօթևաններին: Փողոցներում նրանք շատ են»,- ասաց նա և մատնացույց արեց գլխավոր փողոցը:
Այդ պահին ես անսահման ուրախություն զգացի: Շատ բան չկարողացա ասել, դեռ հուզված էի, բայց հաջողվեց մի քանի բառ արտաբերել. «Այդպես էլ կանեմ: Այս գումարը կտամ անօթևաններին, և թող Աստված օրհնի Ձեզ»:
Ադվենտի այս շաբաթավերջին Հայոց եկեղեցին նշում է իր ուղղությունը դեպի Սուրբ Ծնունդ՝ ներկայացնելով մանուկ Հիսուսի՝ այս ծննդյան տոնի հոբելյարի «գնումների ցուցակը»: Այդ ցուցակը գտնվում է Ղուկասի Ավետարանում և տրված է հենց Հիսուսի կողմից: Ճիշտ կլինի հարցնել Նրան, թե ինչ նվեր է ցանկանում, և տալ այն, ինչ Նա է ուզում: Հիսուսի խոսքերը հետևյալն են. «Երբ ճաշ կամ ընթրիք պատրաստես, մի՛ կանչիր քո բարեկամներին, ոչ էլ քո եղբայրներին, ոչ էլ քո ազգականներին կամ հարուստ հարևաններին, որպեսզի նրանք էլ քեզ չկանչեն, և դու հատուցում չստանաս: Այլ երբ խնջույք ես պատրաստում, կանչի՛ր աղքատներին, հաշմանդամներին, կաղերին, կույրերին: Եվ երանի՜ կլինի քեզ, որովհետև նրանք քեզ հատուցելու ոչինչ չունեն, քանզի քեզ կհատուցվի արդարների հարության ժամանակ» (Ղուկաս 14:12-14):
https://epostle.net/wp-content/uploads/2023/12/las-lunas-e1702197111714.jpg8691105Վազգեն Մովսեսյանhttps://epostle.net/wp-content/uploads/2022/07/final_logo_large_for_epostle_web-300x189.pngՎազգեն Մովսեսյան2023-12-10 00:32:302024-12-14 19:10:34Գալուստ 20/21. Սուրբ Ծնունդը Լաս Լունասում
Մեր Գալստյան ուղևորության վերջին օրերին մենք խոսել ենք Հիսուսի այն պատվիրանի մասին, որով Նա հորդորում է չհակառակվել չարին: Բարու ջատագովները, այդ կոչմանը համապատասխան, ժողովրդական բանահյուսության, պատմության և նույնիսկ ֆանտաստիկայի հերոսներն են: Նրանցից յուրաքանչյուրն իր հետքն է թողել՝ ընդդիմանալով և պայքարելով չարի դեմ, ինչն էլ առաջացնում է մեծ անջրպետ մեր կյանքի «դրական» հերոսների և Հիսուսի՝ չարին չհակառակվելու պատվիրանի միջև: Հիսուսի պարագայում չարին հակադրվելը չի նշանակում բռնության ավելացում: Նրա հակադրությունը չարին տեղի ունեցավ առանց նոր չարիք հրահրելու:
Ջոն Լենոնը մի երգում, որը համարվում է բոլոր ժամանակների մեծագույն երգերից մեկը, մեզ մարտահրավեր նետեց. «Պատկերացրեք, որ երկինք չկա... մեր գլխավերևում միայն երկինքն է... մարդիկ ապրում են միայն այսօրվա համար: Պատկերացրեք երկրներ... ոչինչ, որի համար արժե սպանել կամ մեռնել... ոչ մի կրոն... ոչ մի ունեցվածք, ոչ մի կարիք ագահության կամ սովի, մարդկային եղբայրություն... Պատկերացրեք, որ բոլոր մարդիկ կիսում են աշխարհը... և աշխարհը կապրի որպես մեկ ամբողջություն»:
Այս երգը գրվել է Վիետնամի պատերազմին ընդդիմանալու համար (1971 թ.), և Լենոնն ինքն այն համարում էր «խաղաղության գովազդային արշավ»:
Հիսուսի պատվիրանների հետ մեր հանդիպման ժամանակ, և մասնավորապես այս մեկի, որը մեզնից պահանջում է չհակառակվել չարին, մենք հասկանում ենք, որ չարին հակադրվելը չի կարող տեղի ունենալ չարիքը հավասարման մեջ ավելացնելով: Չարը գումարած չարը երբեք չի հանգեցնի չարի բացակայության: Մենք չենք կարող կրակը կրակով հանգցնել, երբ միայն խելամիտ (և նախընտրելի) է այն հանգցնել ջրով:
«Ով ապտակի քո աջ այտին,- հրահանգում է Հիսուսը,- դարձրո՛ւ նրան նաև մյուսը: Եվ եթե մեկը ուզենա դատի տալ քեզ ու քո վերնազգեստը վերցնել, թո՛ղ նրան նաև քո պատմուճանը: Եվ ով ստիպի քեզ մեկ մղոն գնալ, գնա՛ նրա հետ երկուսը: Տո՛ւր նրան, ով խնդրում է քեզնից, և նրան, ով ուզում է փոխ առնել քեզնից, երես մի՛ դարձրու» (Մատթեոս 5:39-41):
Չարի բացակայությունը սերն է, ուստի «սիրեցե՛ք ձեր թշնամիներին» պատվիրանը բնական հաջորդ քայլն է և խաղաղության ճանապարհին անհրաժեշտ մի քայլ:
Հայ եկեղեցում «Խաղաղություն ամենեցուն» արտահայտությունը հաճախ է կրկնվում ժամերգությունների ընթացքում, և հատկապես՝ Սուրբ Պատարագի ժամանակ: Պատկերացրեք՝ մի ժողովուրդ, որը չի ճանաչել խաղաղություն, միաժամանակ չի ունեցել ռազմական հզորություն կամ բարդ ռազմական ռազմավարություն, և այնուամենայնիվ, հռչակում և առաջարկում է խաղաղություն:
Մենք այսօր կանգ ենք առնում հրավերով և Գալստյան մարտահրավերով. Սուրբ Ծննդյանը նախապատրաստվելիս կարո՞ղ եք պատկերացնել չարին հակադրվող այլընտրանք՝ չարը լուծելու համար: Հիսուսի «Կատարյալ եղեք, ինչպես որ ձեր երկնավոր Հայրն է կատարյալ» (Մատթեոս 5:48) կոչը ենթադրում է, որ կան միջոցներ, որոնք պահանջում են օգտագործել Աստծո կողմից մեզ տրված տաղանդները՝ հաղթահարելու այն ողբերգությունները, որոնք մենք չար ենք անվանում:
Գալստյան ուղևորությունը նպատակ ունի պատրաստելու մեզ մեծ Աստվածահայտնությանը՝ Աստծո Հայտնությանը: Այդ պատրաստությունը տեղի է ունենում հասկանալու պայքարի միջոցով՝ «պատկերացնելով», եթե կուզեք, մեր գոյությունը որպես Աստծո զավակներ: Երանի՜ խաղաղարարներին, որովհետև նրանք Աստծո որդիներ պիտի կոչվեն:
Մենք աղոթում ենք Խաղաղության Նոբելյան մրցանակակիր, վերապատվելի Մարտին Լյութեր Քինգ կրտսերի աղոթքով. «Ո՛վ Աստված, Արարիչ և Պահապան ամենայն մարդկության, ում մեջ բնակվելը նշանակում է գտնել խաղաղություն և ապահովություն, ում դիմելը նշանակում է գտնել կյանք և հավերժական կյանք, մենք խոնարհաբար աղաչում ենք Քեզ բոլոր տեսակի և վիճակի մարդկանց համար. թող Քեզ հաճելի լինի Քո ճանապարհները հայտնի դարձնել նրանց, Քո փրկարար առողջությունը՝ բոլոր ազգերին: Մենք աղոթում ենք նաև Քո սուրբ տիեզերական Եկեղեցու համար, որպեսզի այն առաջնորդվի և կառավարվի Քո Հոգով, որպեսզի բոլոր նրանք, ովքեր դավանում և իրենց քրիստոնյա են անվանում, առաջնորդվեն դեպի ճշմարտության ուղին և պահեն հավատքը հոգու միասնությամբ, խաղաղության կապով և կյանքի արդարությամբ: Վերջապես, Քո հայրական բարությանն ենք հանձնում բոլոր նրանց, ովքեր որևէ կերպ տառապում են կամ վշտացած են մտքով կամ մարմնով: Տո՛ւր նրանց համբերություն տառապանքի մեջ և տոկունության ուժ: Այս խնդրում ենք Հիսուսի անունով: Ամեն»: