Մեծ պահքի ուղին՝ օր 38. Երջանկություն և օրհնություններ
Պահքի բաղադրատոմս
Մեծ պահքի 38-րդ օրը. Երջանկություն և օրհնություններ
Միացյալ Նահանգների Անկախության հռչակագիրը հռչակում է, որ մարդիկ իրենց Արարչի կողմից օժտված են երջանկության ձգտելու անօտարելի իրավունքով: Շատերի համար երջանկության ձգտումը կարող է թանկ արժենալ: Ոմանք մոռանում և լքում են ամեն ինչ՝ հանուն երջանկության: Հաճախ մենք երջանկությունը դիտարկում ենք որպես ինքնանպատակ՝ մոռանալով, որ այն կարող է ծառայել ավելի մեծ նպատակի, և այդ նպատակը մենք կոչում ենք կյանք:
Լեռան քարոզում մեր Տեր Հիսուս Քրիստոսը երջանկության մի ծրագիր է առաջարկում, որը հաճախ հակասում է աշխարհի առաջարկած տեսակետին: Փոխանակ հպարտության վրա կենտրոնանալու՝ Հիսուսը խորհուրդ է տալիս լինել խոնարհ: Փոխանակ հաճույքների կամ ունեցվածքի հետևից ընկնելու՝ Քրիստոսն ասում է, որ իսկական ուրախությունը գտնվում է ուրիշներին օգնելու մեջ: Փոխանակ ուրիշներին մեր ճանապարհից հեռացնելու՝ Հիսուսը պատվիրում է ծառայել նրանց: Երջանկության Նրա բաղադրատոմսը կարծես թե հակասում է մնացած աշխարհին:
Այսօր, երբ մենք ավարտին ենք մոտեցնում մեր մեծ պահքի ճանապարհը՝ կատարելով վերջին քայլերը դեպի Ավագ շաբաթ, մենք սկսում ենք միավորել մասնիկները: Դրանք մեր աչքի առաջ կարծես բախվում են միմյանց: Մենք նորովի ենք հասկանում, թե ինչ է իրականում երջանկությունը:
Դուք այս բաղադրատոմսը ստացել եք դեռ վաղ տարիքում, հավանաբար բազմիցս կարդացել և լսել եք այն, բայց երբեք չեք կապել այն բաղադրատոմսի գաղափարի հետ: Սա յուրահատուկ բժշկություն է մեզանից յուրաքանչյուրի համար: Սա հնարավորություն է՝ կապվելու մեզանից ավելի մեծ մի բանի հետ: Սա երջանկության բաղադրատոմս է: Մենք այն կոչում ենք «Երանիներ»:
Լեռան քարոզում (Սուրբ Մատթեոսի Ավետարանի 5-րդ գլուխ) Հիսուսն արտասանում է այս խոսքերը և դիմում տառապող մարդկանց սրտերին: Նա խոսում է այն մարդկանց հոգու հետ, ովքեր բժշկության կարիք ունեն: Այս մարդիկ որևէ կոնկրետ էթնիկ խմբի անդամներ չեն: Իրականում, այդ մարդիկ մենք բոլորս ենք՝ Դուք և ես: Դարերի ընթացքում մենք բացել ենք այս էջերը, ոգեշնչվել և հույս գտել վաղվա օրվա հանդեպ: Մեր երազանքներում, և անշուշտ, այդ երազանքների իրականացման մեջ է այն երջանկությունը, որը Դուք և ես փնտրում ենք:
Այսօր, երբ Դուք և ես ավարտում ենք Մեծ պահքի այս շրջանը, եկեք կարդանք Երանիները՝ երջանկության այս բաղադրատոմսը: Կարդալիս ժամանակ տրամադրեք խորհելու, թե ինչպես են այս խոսքերը խոսում Ձեզ հետ: Խորհեք այսօր այդ բառերի իմաստի շուրջ և այն մասին, թե ինչպես դրանք կարող էին մեկնաբանվել նախքան Մեծ պահքի ճանապարհը սկսելը: Մենք փորձել ենք հեռանալ առօրյա կյանքի տեմպից և գտել ենք մի կյանք, որը լի է և հարուստ: Այն լի է զոհաբերությամբ, ինչպես ասում է մեր Տեր Հիսուս Քրիստոսը. «Ով ուզում է հետևել ինձ, թող վերցնի իր խաչը և հետևի ինձ»: Ավելին, Նա աճի համար գեղեցիկ այգեգործական փոխաբերություն է օգտագործում՝ ասելով. «Եթե ցորենի հատիկը հողի մեջ չընկնի ու չմեռնի, ապա մնում է միայնակ, իսկ եթե մեռնի, շատ բերք է տալիս»: Խոսելով Իր հարության մասին՝ Հիսուսը մեզ հրավիրում է մասնակցելու տալու և սիրելու կյանքին: Սա կիսվելու կյանք է, որը դարձնում է այն լիարժեք, որտեղ իրական երջանկությունը սերմանվում է մեր սրտում և երբեք չի կարող խլվել:
Երանիները այն հույսն են, որ Հիսուսը տալիս է մեզ:
Դուք, ովքեր Մեծ պահքի 38 օրերն անցկացրել եք ուժեղացված աղոթքով, ծոմապահությամբ և ողորմությամբ, առաջին անգամ այս խոսքերը կլսեք նորովի՝ որպես զոհաբերության, սիրո և երջանկության բաղադրատոմս ու բանաձև: Եկեք աղոթենք Երանիները.
Երանի՜ հոգով աղքատներին, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը:
Երանի՜ սգավորներին, որովհետև նրանք պիտի մխիթարվեն:
Երանի՜ հեզերին, որովհետև նրանք երկիրը պիտի ժառանգեն:
Երանի՜ նրանց, որ քաղցն ու ծարավն ունեն արդարության, որովհետև նրանք պիտի հագենան:
Երանի՜ ողորմածներին, որովհետև նրանք ողորմություն պիտի գտնեն:
Երանի՜ սրտով մաքուրներին, որովհետև նրանք Աստծուն պիտի տեսնեն:
Երանի՜ խաղաղարարներին, որովհետև նրանք Աստծու որդիներ պիտի կոչվեն:
Երանի՜ նրանց, որ հալածվում են արդարության համար, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը:
Երանի՜ ձեզ, երբ ինձ համար ձեզ նախատեն, հալածեն և ձեր մասին ամեն տեսակ չար բան ստությամբ ասեն: Ցնծացե՛ք և ուրախացե՛ք, որովհետև երկնքում ձեր վարձը շատ է, քանի որ այսպես հալածեցին ձեզանից առաջ ապրած մարգարեներին:
Ամեն:




2022 Հայր Վազգեն
2014 Հայր Վազգեն
2025 Հայր Վազգեն



Թողնել պատասխան
Ցանկանո՞ւմ եք միանալ քննարկմանը։Ազատորեն կիսվեք Ձեր մտքերով։