Չանհանգստանա՞լ։ Իսկապե՞ս։
Հիսուսի խոսքը անհանգստության մասին թվում է մանկամիտ, միամիտ և, անկեղծ ասած, անիրատեսական։ Ի՞նչ է նշանակում՝ մի՛ անհանգստացեք վաղվա օրվա մասին։ Մի աշխարհում, որը սահմանվում է երկարաժամկետ ռազմավարություններով, ներդրումներով և ապագա շահույթներով, միայն այսօրվա համար ապրելու գաղափարը անհեթեթ է թվում։ Երբ բոլոր խոշոր քաղաքներում անօթևանության խնդիրը գնալով սրվում է, այն գաղափարը, թե պետք չէ մտահոգվել ուտելիքի, խմիչքի կամ հագուստի մասին, կարծես թե նպաստում է այդ աճող խնդրին։
Այս Ծննդյան պահքի ճանապարհորդության սկզբում ես առաջարկեցի, որ Դուք օրագիր պահեք դեպի Աստվածհայտնություն Ձեր ուղևորության մասին։ Խորհեք Լեռան քարոզի նախորդ ուսմունքների շուրջ։ Մեր Երկնային Հորը վստահելու մասին այս հայտարարությունը պարզապես տրամաբանական շարունակությունն ու եզրակացությունն է այն ամենի, ինչ Հիսուսը սովորեցրել էր ավելի վաղ։ Այո՛, եթե Աստված կերակրում է երկնքի թռչուններին և հագցնում դաշտի շուշաններին, որոնք այսօր կան, իսկ վաղը չկան, որքա՜ն ավելի հոգ կտանի Նա Ձեր մասին։
Սակայն սա միայն անհանգստանալուց զերծ մնալը չէ։ Անհանգստությունը և այն առաջացնող վախը հավատքի հակապատկերն են։ Վախը Ձեր արդյունավետ կյանքի ամենամեծ խոչընդոտն է։ Վախը հավատքի հակառակն է։ Եթե Դուք հավատք ունեք, ապա ունեք նաև վստահություն։ Եթե Դուք վստահում եք, ապա նվազեցնում եք անհանգստության ազդեցությունը, քանի որ լիովին հանձնվում եք Աստծուն։ Իհարկե, այս ամենը միավորվում է, երբ կիրառվում է Լեռան քարոզում Հիսուսի հաստատած հիմքի վրա։ Օրինակ՝ հասկանալը, որ իսկական գանձերը երկրայինները չեն, կամ խոնարհության մեջ ճշմարիտ օրհնությունը բացահայտելը, հենց այն հիմքերն են, որոնցով Դուք խուսափում եք այս աշխարհի անհանգստությունից և վախից։
Աստծուն վստահելը նշանակում է լիովին հանձնվել Նրա կամքին։ Դա նշանակում է թույլ տալ Աստծուն լինել Հայր, իսկ Ձեզ՝ Նրա զավակը։ Դա նշանակում է վայելել այն կյանքը, որը Նա է տալիս Ձեզ, թռչել թռչունների հետ և հագնվել դաշտի շուշանների պես։ Հիշե՛ք, Հին ուխտում Աստված հայտնի էր որպես Տեր, բայց Հիսուսը հաստատեց մի նոր հարաբերություն՝ աննման որևէ այլ բանի, որպեսզի մենք համարձակվենք Աստծուն կոչել «Հայր»։ Եվ ոչ միայն իմ Հայրը կամ Ձեր Հայրը, այլ Մեր Հայրը, որ երկնքում ես... Հավատացե՛ք, որ Նա մեր Հայրն է։ Նա հոգ է տանում տիեզերքի յուրաքանչյուր մասնիկի և ասպեկտի մասին։
Իհարկե, Դուք միշտ էլ ունենալու եք վաղվա օրվա հանդեպ վախեր և մտավախություններ, բայց Դուք պետք է նվազեցնեք դրանք, և դրա միակ միջոցը, միակ դեղամիջոցը հավատքն է։ Ձեր հավատքն ամրապնդելու, Նրա տված օրինակներին իսկապես ուշադրություն դարձնելու համար նայե՛ք նաև այն բոլոր օրինակներին, որոնք պարզապես Ձեր շուրջն են։ Երկնքի թռչունների և դաշտի շուշանների կողքին կան Ձեր երեխաների անմեղ ժպիտները, Ձեր սիրելիների ջերմ գրկախառնությունները, լեռների վեհաշուք տեսարանները, ալիքների աղմուկը, լուսինն ու աստղերը. յուրաքանչյուրը Ձեզ ասում է այն, ինչ Ալբերտ Այնշտայնն է ասել. «Աստված տիեզերքի հետ զառ չի խաղում»։ Կյանքը պատահականորեն չի առաջացել։ Աստված սիրում է մեզ և հոգ է տանում մեր մասին։
Այսօր մենք աղոթում ենք Սաղմոս 37-ը (հմ. 3-5). «Վստահի՛ր Տիրոջը և բարի՛ք արա, բնակվի՛ր երկրում և սնվի՛ր Նրա հավատարմությամբ։ Ուրախացի՛ր Տիրոջով, և Նա կտա քեզ քո սրտի ուզածները։ Հանձնի՛ր քո ճանապարհը Տիրոջը, վստահի՛ր Նրան, և Նա կկատարի»։ Ամեն։

2024 Տեր Վազգեն
2024 Տեր Վազգեն
2009 Տեր Վազգեն
2009 Տեր Վազգեն Մովսեսյան
2026 Առաքյալ
2025 Առաքյալ
2024 Տեր Վազգեն 



Թողնել պատասխան
Ցանկանո՞ւմ եք միանալ քննարկմանը։Ազատորեն կիսվեք Ձեր մտքերով։