Անձնական պատասխանատվություն
Արմոդոքսիան այսօր. Անձնական պատասխանատվություն
Գիշերվա ուշ ժամին, երբ պատրաստվում էի հանգստանալ, հեռախոսը զանգահարեց։ Ծառայությանս սկզբնական շրջանն էր։ Հետագայում իմացա, որ անհարմար ժամերին հնչող զանգերը հաճախ հենց նման դեպքերի հետ են կապված լինում։ Ծխականներիցս մեկն էր զանգահարել՝ խնդրելով գալ հիվանդանոց և աղոթել իր ամուսնու՝ Մարտիի համար, որին շտապօգնության մեքենայով տեղափոխել էին հիվանդանոց։
Նստեցի մեքենաս և քաղաքի մյուս ծայրում գտնվող հիվանդանոց գնացի՝ չիմանալով, թե ինչ է սպասվում։ Զանգը կարճ էր, մանրամասներ հարցնելու ժամանակ չունեի։
Հիվանդանոցի ընդունարանում հարցրի հիվանդի անունը, և ինձ ուղղորդեցին դեպի վերակենդանացման բաժանմունք։ Անցա միջանցքներով և գտա բաժանմունքի դռները։ Կողքին ընտանիքի անդամների համար նախատեսված սպասասրահն էր։ Հիվանդի կինը՝ Ռոուզը, վեր կացավ և վազեց դեպի ինձ։ Նա գրկեց ինձ և արցունքների միջից հազիվ արտաբերեց. «Ինչո՞ւ Աստված նրան տարավ»։
Ես ուշացել էի, գոնե այդ պահին այդպես էի հասկանում։ Նշե՞լ եմ, որ ծառայությանս սկզբնական շրջանն էր։ Մտա վերակենդանացման բաժանմունք, որտեղ Մարտիի անշնչացած մարմինը պառկած էր հիվանդանոցային մահճակալին։ Ռոուզի և ընտանիքի հետ միասին աղոթեցինք նրա հոգու համար և ծածկեցինք մարմինը սավանով։
Ինչո՞ւ Աստված նրան տարավ։ Նրա հարցը տանջում էր ինձ այդ պահին և դեռ երկար տարիներ։ Այդ պահին ես գրեթե կոտրվեցի այդ հարցի ծանրության տակ։ Զգում էի, որ պետք է պատասխան տամ։ Նա ինձանից պահանջում էր պաշտպանել Աստծուն։ Ինչո՞ւ Աստված նրան տարավ։
Մենք որոշ ժամանակ անցկացրինք վերակենդանացման բաժանմունքում՝ մի միջավայր, որը շատ նպաստավոր է հովվական խորհրդատվության համար, և այո, մարդիկ քահանային դիտարկում են որպես մեկի, ով կարող է և պետք է պատասխան տա Աստծո փոխարեն։ Որոշ ժամանակ անց հասկացա, որ Աստված պաշտպանության կարիք չունի։ Նա ինքն իրեն շատ լավ կարող է պաշտպանել։ Շնորհակալություն։ Բայց նույնիսկ այդ գիշեր, տուն վերադառնալիս, հասկացա, որ «Աստծո գործոնը» ընտանիքի համար պարզապես մխիթարանք է։ Աստված ընդհանուր պատասխան է, ցավը սեփական անձից հեռացնելու միջոց։ Իրականությունն այն էր, որ Մարտին բավականին խոշոր տղամարդ էր, տարիքով, տառապում էր շաքարախտով և օրական երեք տուփ ծխախոտ էր օգտագործում։ Միգուցե Աստված իսկապես «տարավ նրան», բայց նրա մահվան հանգամանքները մատնանշում են ավելի երկրային և անձամբ վերահսկելի գործոնների։
Կրոնի հանդեպ հնչող բազմաթիվ քննադատություններից մեկն այն է, որ այն հավատացյալին զրկում է անձնական պատասխանատվությունից։ Սա մի խնդիր է, որն ավելի է սրվում անձնական փրկիչների և այն աստվածությունների պարագայում, որոնք կառավարում են մեր գործողությունները, կարծես մենք տիեզերական շախմատի խաղաքարեր լինենք։
Մենք հավատում ենք, որ յուրաքանչյուրս օժտված ենք ազատ կամքով, և որպես այդպիսին՝ մենք կերտում ենք մեր կյանքը, մեր ճակատագիրը։ Մենք խուսափում ենք «ճակատագիր» բառից, քանի որ քանի դեռ Դուք՝ մենք՝ ունեք հնարավորություն այլ կերպ վարվելու, մեր կյանքի պատասխանատվությունը կանխորոշված չէ ո՛չ Աստծո, ո՛չ աստղերի, ո՛չ թղթախաղի կամ մեզնից դուրս որևէ այլ բանի կողմից։
Եվ հետևաբար, անձնական պատասխանատվության հիման վրա է տեղի ունենում դատաստանը։ Ավետարանների միջոցով Հիսուսը հրավիրում է մեզ պատասխանատվություն ստանձնել մեր կյանքի համար։ Նա իր առակներում մատնանշում է կյանքի գեղեցկությունը՝ գեղեցկություն, որը դրսևորվում է կյանքի հետ առնչվելու մեր պատրաստակամության մեջ։
Աստվածածնի այս շրջանում շարունակենք Հովհաննեսի 15-րդ գլխի քննարկումը որթատունկի և ճյուղերի մասին։ Գործող բառը, որին պետք է ուշադրություն դարձնել, «եթե»-ն է. այդ «եթե»-ն սահմանվում է մեր ազատ կամքով։
«Ես եմ որթատունկը, իսկ դուք՝ ճյուղերը։ Նա, ով մնում է Ինձանում, և Ես՝ նրանում, շատ պտուղ է տալիս... Դրանով Իմ Հայրը փառավորվում է, որ դուք շատ պտուղ տաք, և կլինեք Իմ աշակերտները։ Ինչպես Հայրը սիրեց Ինձ, այնպես էլ Ես սիրեցի ձեզ. մնացեք Իմ սիրո մեջ։ Եթե պահեք Իմ պատվիրանները, կմնաք Իմ սիրո մեջ, ինչպես Ես պահեցի Իմ Հոր պատվիրանները և մնում եմ Նրա սիրո մեջ»։ (Հովհաննես 15:5-13)

2009 Տեր Վազգեն
2023 Տեր Վազգեն


2012 Տեր Վազգեն


2014 Տեր Վազգեն
2023 Տեր Վազգեն
Թողնել պատասխան
Ցանկանո՞ւմ եք միանալ քննարկմանը։Ազատորեն կիսվեք Ձեր մտքերով։