Հակոբոս և Հովհաննես. Որոտման որդիներ (պատճեն)
Արմոդոքսիան այսօր. Որոտի որդիներ. Աշակերտներ
«Որոտի որդիներ»՝ այսպես Հիսուսն անվանեց Իր աշակերտներից երկուսին՝ Զեբեդեոս անունով մարդու երկու որդիներին, ըստ Մարկոսի Ավետարանի (3)։
Մենք կարող ենք պատկերացնել, թե ինչու Հիսուսը նրանց նման մականուն տվեց։ Միգուցե նրանք որոտի պես անզուսպ բարձրաձո՞ւն էին։ Հանդուգն։ Միգուցե պատրա՞ստ էին կռվի։ Կամ գուցե, որոտի պես, նրանց չէր հետաքրքրում՝ իրենց ուղերձը ցանկալի՞ է, թե՞ ոչ, նրանք պատրաստ էին այն բարձրաձայն հռչակել։ Ագրեսի՞վ։ Հակամարտո՞ղ։ Հիսուսը Հակոբոսին և Հովհաննեսին անվանեց «Որոտի որդիներ»։
Սուրբ Ղուկասը գրի է առել մի դեպք, երբ Սամարիայի բնակիչները չցանկացան ընդունել Քրիստոսի պատգամը, և Հակոբոսն ու Հովհաննեսը, տեսնելով դա, ասացին. «Տե՛ր, կամենո՞ւմ ես, որ ասենք՝ երկնքից կրակ իջնի և սպառի նրանց, ինչպես Եղիան արեց»։
Մարկոսի Ավետարանում մենք տեսնում ենք, թե ինչպես է Հիսուսն ասում Իր աշակերտներին (գլուխ 10). «Ահա մենք Երուսաղեմ ենք բարձրանում, և Մարդու Որդին մատնվելու է քահանայապետներին ու դպիրներին. Նրան մահվան են դատապարտելու և հեթանոսներին են հանձնելու, որպեսզի ծաղրեն, ծեծեն, թքեն Նրա վրա և սպանեն. և երրորդ օրը Նա հարություն է առնելու»։ Հավանաբար աշակերտների մոտ զարմանք, անհարմարություն և թերահավատություն առաջացավ։ Սակայն Զեբեդեոսի որդիների պարագայում այլ էր. նրանք մոտեցան Հիսուսին և խնդրեցին. «Վարդապե՛տ, ուզում ենք, որ... մեզ շնորհես նստելու՝ մեկը Քո աջ կողմում, մյուսը՝ ձախ կողմում, Քո փառքի մեջ»։ Ակնհայտորեն զգայունության պակաս կար։ Պատկերացրեք, ձեր երեք տարվա ընկերը պատմում է, որ պատրաստվում է մահանալ, իսկ ձեր առաջին հարցը նրան վերաբերում է հանդերձյալ կյանքում ձեր ունեցած կարգավիճակին։
Բայց միևնույն ժամանակ մենք գիտենք, որ Հիսուսը ողջունեց նրանց։ Նրանք ընկերների այն «Ներքին շրջանակի» մեջ էին, որոնց Պետրոսի հետ միասին Հիսուսը հրավիրեց իրեն միանալու իր ծառայության ամենակարևոր պահերին, ինչպես օրինակ՝ երբ նա հարություն տվեց երիտասարդ աղջկան (Մատթեոս 9) կամ Պայծառակերպության ժամանակ, որը բացահայտեց Արարչի Լույսը (Մարկոս 9)։
Որոտի որդիները Հարությանը հաջորդող տարիներին շարունակեցին վկայել Հարուցյալ Քրիստոսի մասին։ Հակոբոսը դարձավ առաջին աշակերտը, որ նահատակվեց հավատքի համար, իսկ Հովհաննեսը հայտնի դարձավ Աստծո սերը ներկայացնելու իր յուրահատուկ ոճով։ Նա չորրորդ Ավետարանի և Նոր Կտակարանի վերջում գտնվող թղթերի հեղինակն էր։ Այս որոտընդոստ ձայնը բացատրում էր սիրո պատգամը՝ որպես Աստծո հետ կապի վերջնական միջոց։
Տարվա այս վերջին օրերին և Աստվածահայտնությանը նախապատրաստվելիս՝ Հայ Եկեղեցին հիշում է Հակոբոսին և Հովհաննեսին՝ Որոտի որդիներին։ Մենք ինքներս մեզ հարց ենք տալիս՝ որքանո՞վ ենք մեզ հարմարավետ զգում Քրիստոսի և Նրա սիրո պատգամի հետ։ Արդյո՞ք կարող ենք առանց ամոթի հռչակել այն։ Որքա՞ն որոտընդոստ է մեր ձայնը, երբ խոսում ենք Քրիստոսի և Աստծո սիրո մասին։
Մենք աղոթում ենք Սուրբ Ներսես Շնորհալու աղոթքների 10-րդ ժամից. Ո՛վ Քրիստոս, որ Կենդանի Հուր ես, իմ հոգին բորբոքի՛ր Քո սիրո կրակով, որը դու ուղարկեցիր երկրի վրա, որպեսզի այն այրի իմ հոգու պիղծ հետքերը, սրբի իմ խիղճը, մաքրի իմ մարմնի մեղքերը և իմ սրտում վառի Քո գիտության լույսը։ Ամեն։

2025 Առաքյալ
2024 Տեր Վազգեն
2025 Տեր Վազգեն
2024 Տեր Վազգեն
2026 Առաքյալ
2025 Առաքյալ

2025 Առաքյալ
2025 Առաքյալ
Թողնել պատասխան
Ցանկանո՞ւմ եք միանալ քննարկմանը։Ազատորեն կիսվեք Ձեր մտքերով։