Խաղաղություն առանց չարիքի
Արմոդոքսիան այսօր. Խաղաղություն առանց չարիքի ավելացման
Հիսուսի պատվիրանների հետ մեր հանդիպման ժամանակ մեկը հատկապես առանձնանում է մյուսներից՝ չարին չհակառակվելու պատվիրանը։ Մենք պետք է հասկանանք, որ չարի դեմ պայքարը չի կարող իրականանալ չարիք ավելացնելու միջոցով։ Չարիքը գումարած չարիք երբեք չի հանգեցնի չարիքի բացակայության։ Մենք չենք կարող կրակը հանգցնել կրակով, երբ միայն խելամիտ (և նախընտրելի) է այն հանգցնել ջրով։
«Ով ապտակի քո աջ այտին,- հրահանգում է Հիսուսը,- դարձրո՛ւ նրան նաև մյուսը: Եվ եթե մեկը ուզենա դատի տալ քեզ ու քո վերնազգեստը վերցնել, թո՛ղ նրան նաև քո պատմուճանը: Եվ ով ստիպի քեզ մեկ մղոն գնալ, գնա՛ նրա հետ երկուսը: Տո՛ւր նրան, ով խնդրում է քեզնից, և նրան, ով ուզում է փոխ առնել քեզնից, երես մի՛ դարձրու» (Մատթեոս 5:39-41):
Չարի բացակայությունը սերն է, ուստի «սիրեցե՛ք ձեր թշնամիներին» պատվիրանը բնական հաջորդ քայլն է և խաղաղության ճանապարհին անհրաժեշտ մի քայլ:
Հայ եկեղեցում «Խաղաղություն ամենեցուն» արտահայտությունը հաճախ է կրկնվում ժամերգությունների ընթացքում, և հատկապես՝ Սուրբ Պատարագի ժամանակ: Պատկերացրեք՝ մի ժողովուրդ, որը չի ճանաչել խաղաղություն, միաժամանակ չի ունեցել ռազմական հզորություն կամ բարդ ռազմական ռազմավարություն, և այնուամենայնիվ, հռչակում և առաջարկում է խաղաղություն:
Մենք այսօր կանգ ենք առնում հրավերով և Գալստյան մարտահրավերով. Սուրբ Ծննդյանը նախապատրաստվելիս կարո՞ղ եք պատկերացնել չարին հակադրվող այլընտրանք՝ չարը լուծելու համար: Հիսուսի «Կատարյալ եղեք, ինչպես որ ձեր երկնավոր Հայրն է կատարյալ» (Մատթեոս 5:48) կոչը ենթադրում է, որ կան միջոցներ, որոնք պահանջում են օգտագործել Աստծո կողմից մեզ տրված տաղանդները՝ հաղթահարելու այն ողբերգությունները, որոնք մենք չար ենք անվանում:
Գալստյան ուղևորությունը նպատակ ունի պատրաստելու մեզ մեծ Աստվածահայտնությանը՝ Աստծո Հայտնությանը: Այդ պատրաստությունը տեղի է ունենում հասկանալու պայքարի միջոցով՝ «պատկերացնելով», եթե կուզեք, մեր գոյությունը որպես Աստծո զավակներ: Երանի՜ խաղաղարարներին, որովհետև նրանք Աստծո որդիներ պիտի կոչվեն:
Մենք աղոթում ենք Խաղաղության Նոբելյան մրցանակակիր, վերապատվելի Մարտին Լյութեր Քինգ կրտսերի աղոթքով. «Ո՛վ Աստված, Արարիչ և Պահապան ամենայն մարդկության, ում մեջ բնակվելը նշանակում է գտնել խաղաղություն և ապահովություն, ում դիմելը նշանակում է գտնել կյանք և հավերժական կյանք, մենք խոնարհաբար աղաչում ենք Քեզ բոլոր տեսակի և վիճակի մարդկանց համար. թող Քեզ հաճելի լինի Քո ճանապարհները հայտնի դարձնել նրանց, Քո փրկարար առողջությունը՝ բոլոր ազգերին: Մենք աղոթում ենք նաև Քո սուրբ տիեզերական Եկեղեցու համար, որպեսզի այն առաջնորդվի և կառավարվի Քո Հոգով, որպեսզի բոլոր նրանք, ովքեր դավանում և իրենց քրիստոնյա են անվանում, առաջնորդվեն դեպի ճշմարտության ուղին և պահեն հավատքը հոգու միասնությամբ, խաղաղության կապով և կյանքի արդարությամբ: Վերջապես, Քո հայրական բարությանն ենք հանձնում բոլոր նրանց, ովքեր որևէ կերպ տառապում են կամ վշտացած են մտքով կամ մարմնով: Տո՛ւր նրանց համբերություն տառապանքի մեջ և տոկունության ուժ: Այս խնդրում ենք Հիսուսի անունով: Ամեն»:


