Շնորհալու երրորդությունը
Մերօրյա թարգմանիչները՝ միասնություն, ազատություն և սեր
Կալկաթայի Մայր Թերեզան, որն իր կյանքը նվիրեց աղքատներին ու կարիքավորներին ծառայելուն, ասում են՝ իր անձնական դժվարությունների մասին խորհելիս ասել է. «Գիտեմ, որ Աստված ինձ չի տա այնպիսի բան, որը չեմ կարող հաղթահարել։ Պարզապես կցանկանայի, որ Նա ինձ այդքան շատ չվստահեր»։ Այս խոսքերը նրա ուժի և տկարության արտացոլումն են, որտեղ Աստծո նախախնամության հանդեպ հավատը միահյուսվում է մարդկային սահմանափակումների անկեղծ ընդունմանը։
Սուրբ Թարգմանչաց տոնից հետո ես ձեզ հետ կիսվեցի մի քանի «մերօրյա թարգմանիչներով»։ Սուրբ Թարգմանիչների ոգով՝ նրանք այն մարդիկ են, ովքեր բարդ աստվածաբանական աշխատությունների արդյունք հանդիսացող խճճվածությունները պարզեցրել և վերածել են իմաստալից փոխաբերությունների ու բացատրությունների։ Կալկաթայի Մայր Թերեզան այդպիսի թարգմանիչներից մեկն է։ Նա թարգմանեց Քրիստոսի պատգամը՝ Ավետարանը, ուրիշների հանդեպ իր սիրո և կարեկցանքի դրսևորումներով։ 2016 թվականին նա պաշտոնապես ճանաչվեց Հռոմի կաթոլիկ եկեղեցու սուրբ։
Ավանդական եկեղեցիներից յուրաքանչյուրն ունի սրբերի իր սեփական կարգը։ Թեև Կալկաթայի Մայր Թերեզան գուցե Հայ եկեղեցու սուրբ չէ, նա քրիստոնեական փորձառության մեջ բերում է կյանքի եզակի փորձ և սահմանումներ, որոնք մեզ անհասանելի կմնային, եթե պատեր կառուցեինք՝ մեզ բաժանելով քրիստոնեական այլ դրսևորումներից։

Կալկաթայի Մայր Թերեզան և արքեպիսկոպոս Վաչե Հովսեփյանը՝ երկրաշարժից տուժած Հայաստանին օգնություն հասցնող ինքնաթիռում։ Մոտավորապես 1989 թ.
Մերօրյա թարգմանիչներին գնահատելիս մեզ առաջնորդում է 12-րդ դարի հայ կաթողիկոս և եկեղեցական գործիչ սուրբ Ներսես Շնորհալին, որը սահմանում է չափանիշ, որով մենք հասկանում ենք մեզ որպես քրիստոնյաներ։ Միմյանց մոտենալու նրա բանաձևը պարզ է. միասնություն՝ էական հարցերում, ազատություն՝ երկրորդական հարցերում, սեր՝ ամեն ինչում։ Հասկացողության այս երրորդությամբ Շնորհալին ուսուցանում է, որ մենք միավորված ենք բոլոր քրիստոնյաների հետ էական հարցերում՝ ընդունելով Հիսուս Քրիստոսին՝ երեկ, այսօր և վաղը, հավիտյան նույնը։ Նրա զոհաբերական կյանքը, խաչելությունը, հարությունը, նրա առաքելությունն ու պատգամն են այն, ինչ միավորում է մեզ։ Երկրորդական հարցերը, ինչպիսիք են՝ ինչպես ենք պահք պահում կամ ինչպիսի զգեստներ ենք օգտագործում, մտնում են ազատության շրջանակի մեջ, որը մենք շնորհում ենք ուրիշներին, ինչպես նրանք՝ մեզ, և բոլոր հարցերում մենք նայում ենք սիրո բարեգութ ակնոցներով։
Մենք շատ բան ունենք սովորելու քրիստոնեական տարբեր ավանդույթներից, քանի որ յուրաքանչյուրն ունի մերօրյա թարգմանիչներ լինելու ներուժ՝ Հիսուս Քրիստոսի Ավետարանն աշխարհին հասցնելու գործում։
Սուրբ Ներսես Շնորհալին այն մի քանի թարգմանիչներից է, որոնց հիշատակը հարգում է Հայ եկեղեցին։ Մենք աղոթում ենք «Հավատով խոստովանիմ»-ի 16-րդ ժամի աղոթքը։
Ո՛վ իմ Աստված, Դու, որ բացում ես Քո ձեռքը և Քո առատությամբ լցնում ամեն կենդանի էակ, Քեզ եմ հանձնում հոգիս. խնամի՛ր ինձ և հավիտյան հոգա՛ մարմնիս ու հոգուս կարիքները։ Ողորմի՛ր Քո արարածներին։ Ամեն։


