Ձեր գծիկի հաստությունը
Արմոդոքսիան այսօրվա համար. վայրը և գծիկը
Անշարժ գույքի յուրաքանչյուր լավ գործակալ կարող է Ձեզ ասել, որ անշարժ գույքի առաջին, երկրորդ և երրորդ կանոնը վայրն է, վայրը և դարձյալ վայրը։ Նույնական տները կարող են թանկանալ կամ էժանանալ՝ կախված իրենց գտնվելու վայրից։ Ուստի, գնումներ կատարելիս իմաստնորեն ընտրեք վայրը։
Նույն կանոնը գործում է նաև կյանքում, այն տարբերությամբ, որ մենք բոլորս ապրում ենք կյանքի բոլոր երեք վայրերում։ Այդ վայրերից միայն մեկն ենք ընտրում մենք՝ հաճախորդներս, մինչդեռ մյուս երկուսը ավելի շատ պատահական հանգրվաններ են։ Մենք բոլորս ծնվում ենք այս աշխարհում՝ այս կյանքում, առանց մեր համաձայնության։ Մենք ընտրություն չունենք, թե երբ կամ որտեղ ենք ծնվում։ Մյուս կողմից, գուցե մեզ թվում է, թե մենք ավելի շատ խոսք ունենք մեր մահվան վերաբերյալ, սակայն հաճախ այն տեղի է ունենում առանց մեր համաձայնության։ Միակ վայրը, որը մեր վերահսկողության տակ է, երրորդն է, այն կյանքը, որն անցնում է ծննդյան և մահվան միջև։
Այս երեք վայրերի իրականությունը լավագույնս հասկանալի է դառնում տապանաքարին նայելիս։ Ընտրեք մեկը, ցանկացածը։ Դրանցից շատերի վրա փորագրված են երեք նշաններ։ Առաջինը անձի ծննդյան ամսաթիվն է։ Երկրորդ վայրը մահվան ամսաթիվն է։ Երրորդ նշանը գծիկն է, որը բաժանում է ծննդյան ամսաթիվը մահվան ամսաթվից։ Այդ գծիկը ներկայացնում է մեր կյանքը և կյանքի միակ հատվածն է, որը հիմնականում մեր վերահսկողության տակ է։ Որոշ գծիկներ կարճ են, մյուսները՝ երկար, բայց գծիկի իրական որակը դրա հաստության մեջ է։
Կյանքը և այն, թե ինչպես ենք մենք ապրում, կախված է մեզնից։ Հենց այդ գծիկն է՝ մեր ապրած կյանքը, որն իմաստ ունի։
Մի անգամ վանքի մի երիտասարդ ճեմարանական, երիտասարդական հպարտության դրսևորմամբ, որոշեց կատակել ամենատարեց և ամենաիմաստուն վանականներից մեկի հետ։ Նա իր ձեռքում թիթեռ էր պահել և մատները միացրել՝ փոքրիկ միջատին ծածկելու համար։ Նա մտածեց. «Ես կգնամ և վանականին կասեմ, որ իմ ձեռքում թիթեռ կա։ Ես նրան կհարցնեմ՝ թիթեռը մեռա՞ծ է, թե՞ կենդանի»։ Նա մտածեց՝ եթե տարեց մարդը պատասխանի «կենդանի է», ես կճզմեմ թիթեռին և կապացուցեմ, որ նա սխալվում է։ Եթե նա պատասխանի «մեռած է», ես կբացեմ ափս և թիթեռը կթռչի։ Ամեն դեպքում վանականը սխալ կլինի, և նա կնվաստանա, որովհետև ես՝ որպես երիտասարդ ուսանող, ցույց տվեցի նրա սխալը»։
Մոտենալով վանականին՝ երիտասարդը գերեվարված թիթեռին պահեց բռունցքի մեջ՝ մեջքի հետևում։ «Ծերուկ, ասա ինձ, իմ պահած թիթեռը մեռա՞ծ է, թե՞ կենդանի»։ Ծեր վանականը, չխաբվելով, պատասխանեց. «Պատասխանը քո ձեռքում է»։
Հավատքի հասունությունը, որն այս շաբաթվա թեման է, մեզանից պահանջում է պատասխանատվություն ստանձնել մեր կյանքի համար, գիտակցել, որ Աստված մեզ է վստահել մեր կյանքը, և մեր ձեռքերում է լուծման մասը կազմելը. «Եկեսցե արքայություն քո, եղիցին կամք քո»։ Մենք ենք նրանք, ովքեր հաստացնում են գծիկը՝ ծննդյան և մահվան միջև ընկած կյանքը, և մենք ենք պատասխանատվություն կրում այն բանի համար, թե թիթեռը կթռչի՞, թե՞ կճզմվի։
Աղոթենք. Տե՛ր, օգնիր ինձ հասկանալ Քո սերը այն վստահության միջոցով, որը դրել ես իմ համեստ ջանքերի մեջ։ Թող ես լրջորեն և հասուն կերպով ընդունեմ այն հսկայական վստահությունը, որ ունես իմ և մարդկության հանդեպ։ Տո՛ւր ինձ ուժ՝ Քո առաջ պատասխանատվությամբ կանգնելու, երբ հետևում եմ Քո պատվիրաններին և կատարում այն, ինչ հաճելի է Քո աչքին։ Ամեն։



