Մեծ պահքի 11-րդ օրը. Աստծուց ավելի կարևորը Մեծ պահքի տասնմեկերորդ օրը յուրահատուկ է մեր ուղևորության մեջ։ Տասնմեկը հավասար համամասնություն ունեցող առաջին և միակ պարզ թիվն է։ Այն հիշեցնում է մեզ մարմնի, հոգու և մտքի միջև եղած նուրբ հավասարակշռության մասին։ Այն հիշեցնում է մեզ պարզ թվերի եզակիության, ինչպես նաև մեր կյանքի եզակիության մասին։ Այդ հավասարակշռությունը մեր կյանքում գտնելը, անշուշտ, այն պատճառներից մեկն է, որի համար մենք ձեռնարկել ենք այս ուղևորությունը։
Այսօրվա պատգամը մեզ է հասնում Սուրբ Մատթեոսի ավետարանի 5-րդ գլխից։ Այստեղ Հիսուսը դիմում է մեծ բազմությանը այն քարոզում, որը հայտնի է որպես Լեռան քարոզ։ Քարոզում Հիսուսը ուրվագծում է կյանքի և ապրելակերպի ուղի։ Նրա պատգամը շատ պարզ է։ Նա խոսում է միմյանց հետ մեր հարաբերությունների մասին։ Այդ ընթացքում Նա նշում է, որ կա մի բան, որն ավելի կարևոր է, քան Աստված։
Մատթեոս 5:21-ում Հիսուսն ասում է. «Լսել եք, որ ասվեց հնօրյա մարդկանց. «Մի՛ սպանիր, և ով սպանի, դատապարտելի կլինի», բայց Ես Ձեզ ասում եմ, որ յուրաքանչյուր ոք, ով բարկանում է իր եղբոր վրա, դատապարտելի կլինի, և ով վիրավորում է իր եղբորը, դատապարտելի կլինի ատյանի առաջ, և ով ասում է՝ հիմար, դատապարտելի կլինի հրեղեն գեհենին»։
Քրիստոնեությունը, իրականում, շատ դժվար կրոն է գործնականում կիրառելու համար. ավելին, հաճախ նշվում է, որ քրիստոնեությունը երբեք էլ իրականում չի կիրառվել՝ հենց այնպիսի հայտարարությունների պատճառով, ինչպիսիք մենք կարդում ենք։ Հիսուսը մեզ ուսուցանում է, որ բավարար չէ միայն ասել, թե սպանությունը վատ է, քանի որ երբ Դուք Ձեր սրտում չարիք եք պահում, երբ Դուք Ձեր եղբոր հանդեպ զայրույթ եք տածում, Դուք արդեն իսկ գործում եք այդ չարիքը, այդ սպանությունը։ Նա ասում է. «Եթե Դուք զայրույթ ունեք և գործում եք այդ զայրույթի ազդեցությամբ ու վիրավորում Ձեր եղբորը, կամ եթե Դուք զայրացած եք և արհամարհանքով եք խոսում Ձեր քրոջ մասին, ապա Դուք արդեն իսկ սպանություն եք գործում»։
Եթե մենք ցանկանում ենք մեր կյանքից ջնջել ատելությունն ու զայրույթը, ապա պետք է ուշադրություն դարձնենք այս պատգամին։ Այն չափազանց անհրաժեշտ է Հիսուսի բերած հեղափոխությունը հասկանալու համար։ Եվ հիմա, եթե ավելի խորը կարդանք, կգտնենք մի բան, որն էլ ավելի կարևոր է։ Իրականում, դա այն է, ինչը Հիսուսն ավելի կարևոր է համարում, քան Աստծուն։ Որքան էլ դժվար լինի դրան հավատալը, Սուրբ Գիրքը մատնանշում է Հիսուսի խոսքերը. «Ուրեմն, եթե Ձեր ընծան մատուցեք զոհասեղանին և այնտեղ հիշեք, որ Ձեր եղբայրը Ձեր դեմ բան ունի, թողեք Ձեր ընծան, թողեք Ձեր պատարագը և գնացեք։ Նախ հաշտվեք Ձեր եղբոր հետ, ապա նոր եկեք և մատուցեք Ձեր ընծան»։
Հաշտվել մեր եղբայրների հետ։ Հիսուսը մեզ ասում է, որ դա ավելի կարևոր է, քան Աստծո պաշտամունքը, այսինքն՝ Աստծո փառաբանումը։ Թողեք Ձեր ընծաները զոհասեղանին։ Թողեք Աստծուն։ Գնացեք, հաշտվեք Ձեր եղբոր հետ և ապա նոր վերադարձեք զոհասեղանի մոտ։ Նա պահանջում է, որ մենք սիրենք միմյանց։ Ուրիշներին սիրելու կարողությունը այն արտահայտությունն է, որը Աստված պահանջում է մեզանից։ Այդ սիրո մեջ մենք սկսում ենք հասկանալ մեր և մեր երկնային Հոր միջև եղած եզակի հարաբերությունը։
Քրիստոնեական պատգամը մարդկանց մասին է։ Այն ներդաշնակության մասին է, և այդ խաղաղ գոյությունը ստեղծվում է այն ժամանակ, երբ մենք դառնում ենք լուծման մասը։ Խոսքը ոչ թե երկնքին նայելու, այլ այստեղ՝ Երկրի վրա, միմյանց ձեռք մեկնելու մասին է։ Եթե մեր կյանքում պետք է լինի ներդաշնակություն, եթե այս աշխարհում պետք է լինի խաղաղություն, ապա դա ոչ թե այն պատճառով, որ ես աղոթք եմ հղում դեպի վեր, այլ որովհետև ես աղոթք եմ հղում դեպի կողք։ Ես ձեռք եմ մեկնում իմ եղբայրներին ու քույրերին և դառնում եմ սիրո փոխադրամիջոցը։ Ես եմ լինելու նա, ով ձեռք է մեկնում և դառնում հաշտության այդ միջոցը։ Իսկական խաղաղությունը, իսկական ներդաշնակությունը, իսկական գոյությունը միմյանց սիրելու մեջ է։
«Դուք չեք կարող ասել,- ասում է ավետարանիչ Հովհաննեսը,- որ սիրում եք Աստծուն, Ում չեք տեսնում, եթե նախ չեք սիրում եղբորը, Ում տեսնում եք»։ Քրիստոնյայի կյանքում չափազանց կարևոր է, որ մենք սա շատ հստակ և պարզ հասկանանք։ Աստված Սեր է։ Ուստի եկեք կրկնենք. «Դուք չեք կարող ասել, որ սիրում եք Աստծուն, Ում չեք տեսնում, եթե նախ չեք սիրում եղբորը, Ում տեսնում եք»։
Մեր առաջին պարտականությունը միմյանց սիրելն է։ Հիսուսն ասում է, որ սրանով ենք մենք դառնում քրիստոնյա։ Սիրելով՝ մարդիկ կիմանան, որ մենք իսկապես Նրա զավակներն ենք։
Մեծ պահքի այս տասնմեկերորդ օրը, երբ մենք գտնում ենք ներդաշնակություն և հավասարակշռություն, երբ մարմինը, հոգին և միտքը միավորվում են, հիշեք, թե որտեղ է Աստված ցանկանում, որ մենք լինենք։ Այն հարաբերությունները, որոնք պետք է խնամվեն, որոնք պետք է շտկվեն մեր կյանքում, սա կատարյալ ժամանակ է դրանց ուղղությամբ գործելու համար։ Մեծ պահքի շրջանը ժամանակ է՝ դուրս գալու և ձեռք մեկնելու դեպի կողք, ոչ միայն ուղղահայաց՝ Աստծո հետ, այլև հորիզոնական՝ Աստծո հետ, Ով մեր յուրաքանչյուրի մեջ է։ Ձեռք մեկնեք Ձեր շրջապատի մարդկանց՝ ասելով, որ այո, ես սայթաքել եմ, ես մեղանչել եմ։ Մենք բոլորս էլ սխալներ ենք անում, բայց ես պատրաստ եմ վեր կանգնել այդ անկատարությունից և դառնալ Աստծո զավակ։
Սիրելով միմյանց՝ հեռացրեք հին սովորություններն ու խնդիրները։ Սկսեք յուրաքանչյուր օրը որպես նոր արարչագործություն և գտեք այդ նոր արարչագործությունը Ձեր շրջապատի սիրելիների մեջ։
Եկեք եզրափակենք Սուրբ Ներսես Շնորհալու աղոթքով.
Անքնին Էություն, մեղանչեցի Քեզ մտքով, հոգով և մարմնով։ Մի հիշիր իմ նախկին մեղքերը, Քո Սուրբ անվան համար ողորմիր Քո արարածներին և ինձ՝ մեծ մեղավորիս։ Ամեն։ (Հավատով խոստովանում եմ 6/24)
https://epostle.net/wp-content/uploads/2013/02/FRICE083.jpg900600Վազգեն Մովսեսյանhttps://epostle.net/wp-content/uploads/2022/07/final_logo_large_for_epostle_web-300x189.pngՎազգեն Մովսեսյան2024-02-22 00:01:562025-03-13 16:40:57Աղոթելով Աստծուն. Աստծուց մեծի փորձառությունը. Մեծ պահքի 11-րդ օր
«Արևելքից մինչև արևմուտք և ամբողջ քրիստոնյա աշխարհում, որտեղ էլ որ մարդիկ սրբությամբ կանչեն Տիրոջ անունը, թող Տերը ողորմի մեզ՝ իրենց աղոթքներով և բարեխոսությամբ»։
Սրանք Հայ Առաքելական եկեղեցու «Արևագալի» ժամերգության առաջին խոսքերն են։ Այսօր մենք հիշում ենք, որ ինչպես արևն է ծագում Արևելքում և շարժվում դեպի Արևմուտք՝ տարածելով իր լույսն ու ջերմությունը, այնպես էլ մենք ենք Աստծուն գտնում ամենուր։ Մենք Աստծո ներկայությունը գտնում ենք ամենուր և ամենուրեք, որտեղ կա կյանք, որտեղ կա սեր։
Մեծ պահքի այս առաջին օրը մեր եկեղեցու հայրերը մեզ ուղղորդում են դեպի Մատթեոսի Ավետարանը՝ հիշեցնելով պահքի ընթացքում մեր երեք հիմնական պարտավորությունների մասին՝ ողորմություն, աղոթք և պահեցողություն։ Մինչ պահեցողությունը ավելի ձևակերպված է, այսինքն՝ սննդակարգի սահմանափակումներով մսեղենից հրաժարվելը, և մինչ աղոթքը մեզ զրույցի հնարավորություն է տալիս, ողորմությունը Մեծ պահքի շրջանի գործնական տարրն է։
Առաջիկա օրերին մենք մանրամասն կանդրադառնանք այս երեք տարրերին՝ ողորմությանը, աղոթքին և պահեցողությանը։ Իսկ այսօր, որպես նախաբան, մենք կդիտարկենք դրանք Մատթեոսի Ավետարանի համատեքստում՝ մասնավորապես Լեռան քարոզից։
Մատթեոսի 6-րդ գլուխ. «Եվ Հիսուսն ասում է. Զգո՛ւյշ եղեք ձեր ողորմությունը մարդկանց առաջ չանել, որպեսզի նրանց երևաք, այլապես վարձք չեք ունենա ձեր Հորից, որ երկնքում է։ Արդ, երբ ողորմություն անես, փող մի՛ հնչեցրու քո առջև, ինչպես կեղծավորներն են անում ժողովարաններում և հրապարակներում, որպեսզի մարդկանցից փառավորվեն։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, նրանք ստացել են իրենց վարձքը։ Իսկ դու երբ ողորմություն անես, թող քո ձախ ձեռքը չիմանա, թե ինչ է անում քո աջը, որպեսզի քո ողորմությունը գաղտնի լինի, և քո Հայրը, որ տեսնում է գաղտնիքների մեջ, կհատուցի քեզ»։
Երկրորդ՝ Հիսուսը խոսում է աղոթքի մասին. «Եվ երբ աղոթես, մի՛ եղիր կեղծավորների պես, որոնք սիրում են ժողովարաններում և հրապարակների անկյուններում կանգնել ու աղոթել, որպեսզի մարդկանց երևան։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, նրանք ստացել են իրենց վարձքը։ Իսկ դու երբ աղոթես, մտի՛ր քո սենյակը, փակի՛ր դուռը և աղոթի՛ր քո Հորը, որ գաղտնիքների մեջ է. և քո Հայրը, որ տեսնում է գաղտնիքների մեջ, կհատուցի քեզ»։
Իսկ պահեցողության մասին Հիսուսն ասում է. «Եվ երբ ծոմ պահեք, տրտում մի՛ եղեք կեղծավորների պես, որոնք իրենց երեսները այլանդակում են, որպեսզի մարդկանց ցույց տան, թե ծոմ են պահում։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, նրանք ստացել են իրենց վարձքը։ Իսկ դու երբ ծոմ պահես, օծի՛ր քո գլուխը և լվա՛ քո երեսը, որպեսզի մարդկանց չերևաս ծոմ պահելիս, այլ քո Հորը, որ գաղտնիքների մեջ է. և քո Հայրը, որ տեսնում է գաղտնիքների մեջ, կհատուցի քեզ»։
Մեծ պահքի առաջին օրը նոր սկզբի ժամանակ է։ Մի՛ մոտեցեք պահքին որպես պարտավորության, այլ որպես աճելու հնարավորության։ Այս 40-օրյա շրջանը հնարավորություն է, ոչ թե պարտականություն։ Վերոնշյալ սուրբգրային հատվածներում մենք տեսնում ենք, որ ողորմությունը, աղոթքը և պահեցողությունը Աստծո հետ ձեր հարաբերությունները կառուցելու անձնական հնարավորություններ են։ Մեծ պահքի ուղևորությունը ձեր և Աստծո միջև է։ Սա խորհրդածության և ինքնաքննության ժամանակ է։
Առաջիկա 40 օրվա ընթացքում դուք կտեսնեք, թե ինչն է իրականում կարևոր ձեր կյանքում։ Հիշե՛ք, երբ Հիսուսը 40 օր անցկացրեց անապատում, նրան փորձում էին քարերը հաց դարձնել՝ ֆիզիկական քաղցը հագեցնելու համար։ Նրա պատասխանը՝ «Մարդ միայն հացով չի ապրում, այլ Աստծո ամեն խոսքով», Մեծ պահքի ուղևորության հիմնաքարն է։ Մեզ հիշեցնում են, որ կյանքում ֆիզիկական գոյությունից ավելի մեծ բան կա։ Կա հոգի, որն ունի հոգևոր քաղց։ Այս առաջիկա 40 օրը ձեզ հնարավորություն կտա տեսնելու, թե ինչն է անհրաժեշտ ձեր կյանքում։ Դուք կբացահայտեք, որ աղոթքը, պահեցողությունը և ողորմությունը ձեզ կկապեն ավելի բարձր իրականության հետ։ Հիշե՛ք, դա ձեր և Աստծո միջև է, և Աստված «Արևելքից մինչև Արևմուտք…», այսինքն՝ Նա ամենուր է՝ քո ներսում և դրսում։ Սուրբ Նեկտարիոսն ասում է. «Աստծուն փնտրի՛ր քո սրտի մեջ և ոչ թե դրսում»։ Սա միայն քո և Աստծո միջև է։ Մեծ պահքը քո և ամբողջ կյանքի միջև է։ Օգտվի՛ր առիթից։ Սա անկրկնելի հնարավորություն է։
Այժմ աղոթենք Սուրբ Ներսես Շնորհալու աղոթքը.
Ո՛վ Քրիստոս, Ամենի Պահապան, թող Քո աջը պահպանի և հովանի լինի ինձ գիշեր ու ցերեկ, տանը և ճանապարհին, քնած և արթուն ժամանակ, որպեսզի երբեք չընկնեմ։ Ողորմի՛ր Քո բոլոր արարածներին և ինձ՝ մեծ մեղավորիս։
Շապիկի լուսանկար՝ Գրեգորի Բեյլերյան, 2014
https://epostle.net/wp-content/uploads/2022/08/header_epostle_sermons_photo_by_gregory_beylerian.jpg10671800Վազգեն Մովսեսյանhttps://epostle.net/wp-content/uploads/2022/07/final_logo_large_for_epostle_web-300x189.pngՎազգեն Մովսեսյան2024-02-12 00:01:512024-02-11 20:38:00Գաղտնի ուղևորություն՝ Մեծ պահքի 1-ին օր
Երեկ մենք համարձակ հայտարարություն արեցինք՝ ասելով, որ կա մի բան, որն ավելին է, քան Աստված, և Հիսուսը մատնանշեց դա, երբ պատվիրեց մարդկանց մոտենալ Աստծուն միայն իրենց եղբայրների և քույրերի հետ հաշտվելուց հետո։ Սուրբ Հովհաննես Ավետարանիչն իր թղթում կենտրոնանում է այս հայտարարության հիմքում ընկած պատճառաբանության վրա։
«Աստծուն ոչ ոք երբեք չի տեսել», – ասում է Սուրբ Հովհաննեսը և շարունակում. «Եթե սիրենք միմյանց, Աստված մեր մեջ կբնակվի, և Նրա սերը կատարելագործված կլինի մեր մեջ։ ... Մենք ճանաչեցինք և հավատացինք այն սիրուն, որ Աստված ունի մեր հանդեպ։ Աստված սեր է, և ով բնակվում է սիրո մեջ, բնակվում է Աստծո մեջ, և Աստված՝ նրա մեջ։ ... Եթե մեկն ասի՝ «Ես սիրում եմ Աստծուն», բայց ատի իր եղբորը, նա ստախոս է. որովհետև ով չի սիրում իր եղբորը, որին տեսել է, ինչպե՞ս կարող է սիրել Աստծուն, որին չի տեսել։ Եվ այս պատվիրանը մենք ունենք Նրանից. որ ով սիրում է Աստծուն, պետք է սիրի նաև իր եղբորը»։ (Ա Հովհաննես 4)
Քրիստոնյայի համար սերը ոչ թե հայեցակարգային գաղափար է, ոչ էլ վերացական մտորում։ Սերն արտահայտվում և հասկացվում է միմյանց հետ մեր հարաբերություններում։ Սիրելը հոգ տանելն է։ Սիրելը գրկելն է։ Սերը իրական է։ Այն Աստծուց է տրված և պահանջվում է ի պատասխան՝ սիրելով և հոգ տանելով ուրիշների մասին այս կյանքում։
Աղոթենք Հայ Եկեղեցու Ժամագրքից մի աղոթք. «Տէր Աստուած մեր, գոհութիւն մատուցանեմք Քեզ, որ շնորհեցիր մեզ խաղաղութեամբ անցուցանել զօրս։ Շնորհեա՛ մեզ, Տէր, զերեկոյս եւ զգիշերս անմեղ եւ անգայթակղ անցուցանել, եւ հաստատուն կալ եւ անսասան մնալ ի հաւատս, յոյս եւ ի սէր, եւ ի պահպանութիւն պատուիրանաց Քոց։ Խաղաղութիւն տո՛ւր ամենայն աշխարհի, հաստատութիւն սուրբ Եկեղեցւոյ Քոյ եւ փրկութիւն հոգւոց մերոց։ Զի Քեզ վայել է փառք, իշխանութիւն եւ պատիւ, այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. Ամէն»։