Յոթ մարդկայինից դեպի մեկ աստվածային
Արմոդոքսի՝ այսօր. Յոթ մարդկայինից՝ դեպի մեկ Աստվածային
Այս շաբաթ, ուսումնասիրելով վտարման հայեցակարգը, մենք հասկացանք, որ մեզ Աստծուց բաժանողը մեր մեղքն է։ Ինչպես մեր հայկական եկեղեցիների Սուրբ Խորանի վարագույրը, որը թույլ չի տալիս մեզ տեսնել Սուրբ և հրաշափառ Պատարագի մատուցումը, այնպես էլ մեր մեղքը խոչընդոտում է մեզ՝ լիարժեքորեն տեսնելու Աստծո մեծությունն ու փառքը։
Մենք սովորեցինք, որ մեղքը նշանակում է կատարելության նշանակետից շեղվել, և այդ իմաստով մենք բոլորս մեղավոր ենք, քանի որ անկատար ենք։ Հիսուսը հավաստիացնում է մեզ, որ կատարելությունը որպես նպատակ նշանակում է դուրս գալ մարդկային սպասումների սահմաններից։ Լեռան քարոզում Հիսուսը հակադրում է մարդկայինը Աստվածայինին՝ ասելով. «Լսել եք, որ ասվել է...» օրինակ՝ «մի՛ սպանիր», «բայց Ես ասում եմ ձեզ...» մեկի հանդեպ բարկությունը կամ ատելությունը նույնն է, ինչ սպանությունը։ Կամ ուրիշի կնոջ հանդեպ պոռնկական մտքեր ունենալը շնություն գործել է։ Եվ ավելի բարձր չափանիշը՝ սիրել թշնամիներին և աղոթել նրանց համար, ովքեր հալածում են ձեզ։ (Մատթեոս 5)
Այստեղ մենք սկսում ենք հասկանալ, թե ինչու է Եկեղեցին առանձնացրել յոթ արտահայտություն որպես «մահացու մեղքեր»՝ հպարտություն, նախանձ, որկրամոլություն, պոռնկություն, ագահություն, բարկություն և ծուլություն։ Սրանք այն զգացմունքներն ու դրսևորումներն են, որոնք խանգարում են մեզ հասնել կատարելության։ Դրանք այնպիսի դրսևորումներ են, որոնք գտնվում են մեր իսկ վերահսկողության ներքո։ Սրանք մարդկային այն դրսևորումներն են, որոնք պետք է կառավարվեն և հաղթահարվեն՝ Աստվածայինին ձգտելու ճանապարհին։
Մենք աղոթում ենք Սուրբ Ներսես Շնորհալու «Հաւատով խոստովանիմ» աղոթքի իններորդ ժամից. Ամենախնամ Տեր, Քո սուրբ երկյուղը դիր իմ աչքերի առաջ, որպեսզի չնայեն պոռնկությամբ. իմ ականջների առաջ, որպեսզի չհաճեն չար խոսքեր լսելով. իմ բերանի առաջ, որպեսզի չխոսի սուտ. իմ սրտի առաջ, որպեսզի չխորհի չարիք. իմ ձեռքերի առաջ, որպեսզի անիրավություն չգործեն. իմ ոտքերի առաջ, որպեսզի չքայլեն անիրավության ուղիներով. այլ ուղղիր դրանք, որպեսզի միշտ համապատասխանեն Քո բոլոր պատվիրաններին։ Ողորմիր Քո արարածներին և ինձ՝ մեծ մեղավորիս։ Ամեն։


