Համայնք, ընկերություն և Սեբաստիա
Հատուկ հավելյալ դրվագ
Սեբաստիայի քառասուն մանկունք՝ համայնք և բարեկամություն
Հայ եկեղեցին Սեբաստիայի 40 մանկանց հիշատակը տոնում է Մեծ պահքի շաբաթ օրերից մեկին։ Թեև Սեբաստիան հայկական քաղաք է, ողջ քրիստոնյա եկեղեցին ոգեկոչում է այնտեղ տեղի ունեցած նահատակությունը՝ որպես քրիստոնեության, համբերատարության, զոհաբերության և բարեկամության դաս։
Սեբաստիայի 40 նահատակների պատմությունը տեղի է ունեցել 4-րդ դարում, երբ Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքով զինված հռոմեական բանակի 40 զինվորներ փորձության են ենթարկվում՝ կա՛մ հրաժարվել հավատքից, կա՛մ կորցնել կյանքը: Նրանք հրաժարվում են դավաճանել կամ ուրանալ Քրիստոս Հիսուսի հանդեպ իրենց հավատքը: Նրանց դատապարտում են տանջալից մահվան՝ ձմեռվա կեսին սառցե լիճը նետելով: Քառասուն տղամարդիկ ձեռք են մեկնում միմյանց: Նրանք ամուր բռնում են միմյանց՝ ստեղծելով կենդանի լաստ: Ջուրը հրաշքով տաքանում է: Աստված հնարավորություն է ստեղծում, որ սառցե ջուրը ջերմություն և կյանք տա: Այդպիսով՝ նրանք նաև հնարավորություն են ստանում սրբերի պսակ ստանալու:
Այս պատմությունը բազմաշերտ է: Հրավիրում եմ Ձեզ ընթերցելու դրա մասին, քանի որ այն հանդիպում է բազմաթիվ գրքերում և հոդվածներում: Այժմ ցանկանում եմ կենտրոնանալ այն ընկերության վրա, որ գոյություն ուներ այդ զինվորների միջև, հատկապես այն պատճառով, որ նրանք ունեին նույն նպատակը և հավատքի նույն հիմքը: Ավելին, նրանք պատկանում էին մի համայնքի, որը միավորում էր նրանց:
Մենք հարաբերություններ ենք կառուցում այն մարդկանց հետ, ում հետ հաստատում ենք այսպես կոչված «ընկերություն»: Հաճախ դրանք սահմանափակ գործընկերություններ են. այսինքն՝ մենք կարող ենք խոսել ամեն ինչի մասին, բացի հավատքի հարցերից: Մենք գուցե խուսափենք հավատքի կամ կրոնի մասին խոսելուց: Ինչո՞ւ: Որովհետև մեզ պայմանավորել են, մեզ սովորեցրել են, որ քաղաքավարի չէ կրոնի մասին քննարկումներ ծավալել խառը հասարակության մեջ: Ի վերջո, քաղաքականությունն ու կրոնն այն երկու բաղադրիչներն են, որոնք երբեք չեք ցանկանա ներառել ընկերության մեջ: Մեզ ասում են, որ քաղաքականության և կրոնի պատճառով ավելի շատ վեճեր են ծագում, քան որևէ այլ թեմայից:
Մեծ պահքի այս ճանապարհորդության ընթացքում Դուք նայել եք ներս և դուրս: Դուք կառուցել եք Ձեր աղոթքի կյանքը՝ որակով և քանակով: Դուք Ձեզ ընկալում եք որպես կարգապահ էակներ՝ օժտված պահքի և ժուժկալության պրակտիկայով: Ձեր քրիստոնեական ողորմածությունը սահմանվում է պատասխանատվությամբ և հոգատարությամբ: Այս չորրորդ շաբաթվա ավարտին Դուք հասկանում եք, որ քրիստոնեությունը բնավ այն աղավաղված պատկերացումը չէ, որի մասին շատերն են խոսում, այլ քրիստոնեության մեջ մաքրություն կա: Քրիստոնեությունը ոչ միայն սիրով է սահմանվում, այլև այն մաքուր սիրո արտահայտությունն է: Այն կոչ է անում Ձեզ ընդլայնվել և նվիրվել միմյանց: Դա զոհաբերություն է, որը դրսևորվում է ընկերության և հարաբերությունների մեջ: Դուք սիրում, պատվում, հարգում և փայփայում եք միմյանց:
Քանի որ Քրիստոսի պատգամն այնքան մաքուր է, այն մեզանից յուրաքանչյուրին հնարավորություն է տալիս աճելու այդ նույն մաքրության մեջ:
Քառասուն նահատակները միմյանց մեջ գտան այդ մաքրությունը։ Նրանք կարողացան բռնել միմյանց ձեռքը և մնալ ջրի երեսին այդ լճում։ Նրանք կարողացան ուժ քաղել միմյանցից։ Մենք նույնպես ճանապարհորդության մեջ ենք։ Այն կոչվում է կյանք։ Մենք փնտրում ենք ընկերներ և երբեմն խուսափում ենք, քանի որ զգում ենք, որ մյուսները գուցե չհասկանան մեր դիրքորոշումը։ Իսկական բարեկամությունը նշանակում է, որ մենք կարող ենք բաց խաղաքարտերով հանդես գալ։ Այն նշանակում է, որ մենք կարող ենք ապավինել միմյանց։ Մենք կարող ենք հենվել ուրիշների վրա և ակնկալել, որ նրանք նույնպես կհենվեն մեզ վրա։ Դրան հասնելու համար մեզ անհրաժեշտ է բաց երկխոսություն։ Այդ երկխոսությունն ունի իր բանաձևը։ Այն սկսվում է կյանքի հիմնական արժեքների մասին խոսելով, ներառյալ մեր հավատքը, հոգևորությունը, թե ով ենք մենք, ինչպես ենք հասկանում ինքներս մեզ և ինչ հանձնառություն ունենք սիրո հանդեպ։ Մենք այժմ արագորեն հասկանում ենք, որ հավատքի հարցերում ամաչելու ոչինչ չկա։ Մեր էության անբաժանելի մասն է դառնում հպարտորեն կանգնել և ասել. «Այո՛, ես քրիստոնյա եմ, որովհետև Քրիստոսի ընտանիքի անդամ եմ»։ Պարզ ասած՝ մենք ասում ենք. «Այո՛, ես կոչված եմ սիրելու»։ Ոչ ավելին, և, անշուշտ, ոչ պակաս։
Սիրել, կարողանալ ոտքի կանգնել և օգնել: Կարողանալ նստել դժվարության մեջ հայտնված ընկերոջ կողքին: Կարողանալ ձեռք մեկնել կարիքավորին: Եվ կարողանալ առաջարկել ուժ ու քաջություն՝ բարձրացնելու ընկածին: Տեսնում եք, քրիստոնեությունը հենց այն է, որ շարունակենք այն, ինչ սկսեց Քրիստոսը:
Սեբաստիայի քառասուն մանկունք Քրիստոսի պատգամը հասկանում էին որպես համայնքի դրսևորում։ Տոնի անունն իսկ հուշում է համայնքի մասին։ Մենք հիշում ենք ոչ թե մեկ նահատակի, այլ քառասուն։ Սա հավաքականություն է՝ մարդիկ, որոնք կառչած են միմյանց, պահում են իրար և չեն ընկրկում կյանքի դժվարությունների առաջ։ Երբ մենք գիտակցում ենք սա, սկսում ենք ձեռք մեկնել միմյանց։ Մենք այլևս չենք վախենում վստահել մեր ընկերներին։ Փոխարենը՝ ձևավորում ենք առողջ ու անկեղծ հարաբերություններ և դառնում իսկական բարեկամներ։ Ձեռք մեկնել, կառչել միմյանց, մնալ կյանքի ջրերի երեսին... Հասկացե՛ք, որ հենց այսպես են կատարվում հրաշքները, քանի որ հենց այդ պահերին է Աստված տաքացնում ջրերը։ Մենք ևս մեկ հնարավորություն ունենք իսկապես նավարկելու և իրականացնելու այն երազանքները, որոնք միայնակ անհնար են, բայց միանգամայն հասանելի՝ համայնքային միասնության շնորհիվ։
Մեծ պահքի այսօրվա առաջադրանքը պարզ է. կապ հաստատեք Ձեր ընկերների, Ձեր ընտանիքի հետ: Ներգրավեք նրանց հավատքի մասին զրույցի մեջ: Օգնեք նրանց հասկանալ, թե որքան կարևոր է այդ հավատքը Ձեզ համար, և իսկապես բացատրեք, թե որոնք են այդ հավատքի չափումները: Ոչ թե պարզապես պատմություններ կամ առասպելներ, այլ իրական պատմություն՝ հույսի, հավատքի, միմյանց ձեռք մեկնելու և միմյանց ոտքի կանգնելուն օգնելու մասին: Միասին: Աստծո օրհնությամբ Դուք կհասնեք Ձեր առջև դրված նպատակներին և երազանքներին:
Նույն ոգով աղոթենք Սուրբ Ներսես Շնորհալու հետ.
Փառավորյալ Տեր, ընդունիր Քո ծառայի աղաչանքները և բարեհաճորեն կատարիր իմ խնդրանքները՝ Աստվածածնի, Հովհաննես Մկրտչի, Սուրբ Ստեփանոս նախավկայի, մեր Լուսավորիչ Սուրբ Գրիգորի, սուրբ առաքյալների, մարգարեների, վարդապետների, նահատակների, հայրապետների, ճգնավորների, կույսերի և երկնքում ու երկրի վրա եղող Քո բոլոր սրբերի բարեխոսությամբ: Եվ Քեզ, ո՛վ անբաժանելի Սուրբ Երրորդություն, փառք և երկրպագություն հավիտյանս հավիտենից: Ամեն: (24/24)


