Մեծ պահքի ուղին՝ օր 23. Շփում
Պահքի բաղադրատոմս
Բաղադրատոմս 23՝ Տապակած կարմիր պղպեղով և թարմ սիսեռով մակարոնեղեն
Մեծ պահքի ճանապարհ, օր 23՝ Շփում
Մեծ պահքի ընթացքում քննարկված բոլոր թեմաներից երբևէ մտածե՞լ եք, որ մենք կխոսենք «շփվելու» մասին։
«Շմուզինգ» կամ շողոքորթություն բառը ենթադրում է անկեղծության պակաս և կեղծավորություն։ Հետաքրքիր է, որ Հիսուսը հենց շողոքորթին է դարձնում Իր առակի հերոսը։ Խոսքը, իհարկե, անազնիվ և խորամանկ տնտեսի մասին է, որի մասին սովորում ենք վերջին երկու օրվա ընթացքում, սակայն այսօր դրան նայում ենք մեկ այլ տեսանկյունից։
Հիշեք, որ տնտեսը մեկն է, ում տերը վստահել է իր գործերի կառավարումը՝ իր հարստությունն ու ունեցվածքը։ Ըստ առակի՝ այս տնտեսը խորամանկ մարդ է, ով գողություն է արել և բռնվել անազնվության մեջ։ Երբ գործատուն նրան աշխատանքից ազատում է, պահանջում է՝ «տո՛ւր քո տնտեսության հաշիվը»։
Պատմությունը շարունակվում է, ինչպես Հիսուսն է պատմում, այսպես.
Եվ նա մտածեց իր մեջ. «Ի՞նչ անեմ, որովհետև իմ տերը ինձանից վերցնում է տնտեսությունը. փորել չեմ կարողանում, մուրալուց ամաչում եմ։ Գիտեմ, թե ինչ պիտի անեմ, որ երբ տնտեսությունից հեռացվեմ, ինձ իրենց տները ընդունեն»։ Եվ կանչեց իր տիրոջ պարտապաններից յուրաքանչյուրին և ասաց առաջինին. «Որքա՞ն ես պարտք իմ տիրոջը»։ Նա ասաց. «Հարյուր մետրեթ ձեթ»։ Եվ ասաց նրան. «Ա՛ռ քո մուրհակը, նստի՛ր, շուտ գրի՛ր՝ հիսուն»։ Ապա ուրիշին ասաց. «Իսկ դու որքա՞ն ես պարտք»։ Նա ասաց. «Հարյուր քոռ ցորեն»։ Եվ ասաց նրան. «Ա՛ռ քո մուրհակը և գրի՛ր՝ ութսուն»։
Ի՞նչ է անում այս տնտեսը։ Նա վերցնում է այն, ինչ իրենը չէ, և օգտագործում է իր շահի համար։ Հետաքրքիր է։ Կարծում ես՝ նրա տերը ավելի կզայրանար։ Բայց Հիսուսը շրջում է իրավիճակը։ «Տերը,- ասում է Հիսուսը,- գովեց անիրավ տնտեսին, որովհետև խորամանկությամբ վարվեց...»։ Իսկ արդարացո՞ւմը։ Հիսուսը շարունակում է. «...որովհետև այս աշխարհի որդիները իրենց սերնդի մեջ ավելի խորամանկ են, քան լույսի որդիները։ Եվ ես ասում եմ Ձեզ՝ աշխարհիկ հարստությամբ բարեկամնե՛ր ձեռք բերեք Ձեզ համար, որպեսզի երբ այն վերջանա, Ձեզ ընդունեն հավիտենական օթևաններում»։
Առաջին հայացքից սա կարող է շփոթեցնող թվալ։ Իրականում, շողոքորթության պես կեղծ մի բան դառնում է այս մարդու համար նորմա, և նա գովասանքի է արժանանում իր խորամանկության համար։ Սակայն արդարացման խոսքը շատ կարևոր է։ Երբ Հիսուսն ասում է, որ «այս աշխարհի որդիներն ավելի խորամանկ են իրենց գործերում, քան լույսի որդիները», Նա մեզ հուշում է, որ այս աշխարհում գտնվելիս պետք է օգտագործենք մեզ տրված գործիքները։ Մենք պետք է գտնենք այս աշխարհի լեզուն՝ միմյանց ավելի լավ հասկանալու և համագործակցելու համար, որպեսզի կարողանանք իրականացնել անհրաժեշտ գործը։ Իհարկե, շփոթմունք կարող է առաջանալ, քանի որ մեր նախապաշարմունքների պատճառով սա օտար է հնչում։ Մենք սովոր ենք հավատալ, որ կրոնական մարդիկ չեն դիմում կեղծ միջոցների, և սա «կրոնական» չի հնչում։ Բայց հենց դրանում է Հիսուսի ուսուցման գեղեցկությունը և Մեծ պահքի այս շրջանում մեր Եկեղեցու հայրերի ուղղորդման իմաստը։
Մեծ պահքի այս երկրորդ կեսին մենք իջնում ենք լեռան գագաթից՝ նայելով երկրային կյանքին։ Մենք պետք է հասկանանք, որ սա իրական կյանք է։ Ցավոք, կրոնական համայնքը հաճախ սխալմամբ շեշտը դնում է գալիք կյանքի վրա՝ մոռանալով, որ մեր ներկայիս կյանքը գեղեցիկ է, հոգատարության կարիք ունի և փոխգործակցության դաշտ է։ Այսօր մենք գիտենք, որ աշխարհում բազմաթիվ խնդիրներ կան՝ պատերազմներ, սով, անարդարություն և խաղաղության բացակայություն։ Անձնական մակարդակում մենք բախվում ենք հիվանդությունների, փոխհարաբերությունների խզման, նյութապաշտական ցանկությունների պատճառով քայքայվող ընտանիքների և մեր երեխաների կյանք ներխուժող թմրամիջոցների հետ։ Հիսուսն ասում է, որ այս ամենը իրական է, և մի՛ կարծեք, թե կարող եք խուսափել դրանցից։ Սակայն Նա մեզ տալիս է գործիքներ՝ մեր իրական խնդիրները լուծելու համար։ Այդ գործիքները սուրբ չեն, ինչպես մենք կակնկալեինք, այլ արմատավորված են աշխարհիկ եղանակների մեջ։ Դա տրամաբանական է. աշխարհի խնդիրները լուծելու համար անհրաժեշտ են աշխարհի գործիքները։
Հաղթահարեք Ձեր առջև ծառացած խնդիրները՝ օգտագործելով այն գործիքներն ու տաղանդները, որոնք Աստված Ձեզ շնորհել է։ Այդպես վարվելով՝ Դուք կսկսեք տեսնել մեծ պատկերը և Ձեր տեղը դրանում։ Դուք ունեք ամեն ինչ անելու կարողությունը, նույնիսկ՝ խաղաղություն հաստատելու։ Այն զայրույթն ու ատելությունը, որոնք վերաճում են պատերազմի, ցեղասպանության, աղքատության, հիվանդությունների, աղտոտվածության, ապա դրսևորվում քաղցկեղի և սովի տեսքով, կարող են լուծվել «աշխարհիկ հարստությունը»՝ փողը, Աստծո արդարությունը այս աշխարհում հաստատելու համար օգտագործելով։ Իսկ շփվելն ու կապեր հաստատելը մեզանից է կախված։
Փառք Աստծո, որ ունենք Մեծ պահքի այս հնարավորությունը՝ մեզ ուղղելու համար։ Աստված տվել է մեզ այդ գործիքները։ Նայե՛ք շուրջը և գտե՛ք այն վայրերը, որտեղ կարող եք օգտագործել Ձեր տաղանդը, որտեղ կարող եք շփվել... և այս աշխարհի լեզվով բարելավել մեր իրավիճակը ու աշխատել երազանքները իրականություն դարձնելու համար։
Հիշե՛ք, այս կյանքը գեղեցիկ է։ Այս կյանքը, հենց հիմա, ապրելու արժանի է։ Այս կյանքը այն է, ինչ Աստված Ձեզ տվել է։ Մի՛ նայեք Ձեզանից և Ձեր կյանքից դուրս։ Մի՛ նայեք ինչ-որ բանի կամ գալիք կյանքի։ Հենց այս կյանքն է Աստծո պարգևը։ Վայելե՛ք այն։ Շփվե՛ք։ Փոփոխությո՛ւն մտցրեք այն մարդկանց կյանքում, որոնց դիպչում եք։ Նա տվել է Ձեզ ամեն ինչ, որ անհրաժեշտ է հաջողության հասնելու և այս կյանքը այնպիսի գեղեցիկ կյանք դարձնելու համար, ինչպիսին Նա նախատեսել է։
Աղոթենք Սուրբ Ներսես Շնորհալու աղոթքով.
Հավատով խոստովանում և երկրպագում եմ Քեզ, անբաժանելի Լույս, միասնական Սուրբ Երրորդություն և մեկ Աստվածություն, արարիչ լույսի և հալածիչ խավարի։ Հալածի՛ր իմ հոգուց մեղքի և տգիտության խավարը և այս ժամին լուսավորի՛ր մտքերս, որպեսզի աղոթեմ Քեզ Քո կամքի համաձայն և ստանամ Քեզանից իմ խնդրվածքների կատարումը։ Ողորմի՛ր Քո բոլոր արարածներին և ինձ՝ մեծ մեղավորիս։ Ամեն։ (Հավատով խոստովանում եմ 2/24)
Լուսանկարը՝ (c)2009 Հայր Վազգեն Մովսեսյան


