Տնտեսավարության պարգևը
Արմոդոքսիան այսօր. Տնտեսվարության պարգևը
Սա տնտեսի շաբաթն է։ Մենք կենտրոնանում ենք Հիսուսի ներկայացրած առակի վրա, որն արձանագրված է Ղուկասի Ավետարանի 16-րդ գլխում։ Հիսուսն օգտագործում է այս փոխաբերությունը՝ մատնանշելու կյանքում մեր ունեցած պատասխանատվությունը։ Մենք շարունակում ենք այն թեմաները, որոնք ներկայացրել ենք վերջին մի քանի օրերի ընթացքում։
Տնտեսության փոխաբերությունն օգտագործելով՝ Հիսուսը հստակեցնում է, որ մենք պատասխանատու ենք մեր կյանքի համար։ Մի օր, ինչպես տնտեսը, մենք ևս հաշվետվություն ենք տալու մեր տնտեսության համար։ Ի՞նչ արեցինք մենք այն ամենի հետ, ինչ Աստված տվել է մեզ։ Արդյոք Աստված տվե՞լ է մեզ տաղանդներ։ Տվե՞լ է մեզ կարողություն։ Տվե՞լ է մեզ ժպիտ։ Տվե՞լ է մեզ սրտի զարկ և շնչառություն։ Ի՞նչ արեցինք մենք այդ պարգևի հետ։ Ի՞նչ արեցինք մեր կյանքի հետ։
Պատկերացրեք, որ նվեր եք մատուցում ընկերոջը կամ հարազատին։ Արդյո՞ք չէիք ցանկանա իմանալ, որ նա հաճույք է ստացել այդ նվերից։ Ինչ-որ պահի չէի՞ք ցանկանա հարցնել. «Ի՞նչ արեցիր իմ տված նվերի հետ։ Արդյո՞ք այն քեզ ուրախություն պատճառեց»։ Եվ, անշուշտ, որքա՜ն վիրավորված կլինեիք, եթե այդ մարդը վերցներ Ձեր նվերը, պահեր պահարանում կամ, ավելի վատ, պարզապես նետեր աղբարկղը՝ երբեք ուշադրություն չդարձնելով դրան։ Նույն կերպ, Աստված ցանկանում է իմանալ, որ այն պարգևը, որը Նա տվել է մեզ՝ այդ ամենաթանկարժեք հարստությունը՝ շունչը, որ քաշում ենք, սիրտը, որ բաբախում է, և մեր սրտից բխող ժպիտը, օգտագործվում է և օգտագործվում է իմաստությամբ։ Ի վերջո, արդյո՞ք այն ծառայում է Աստծո սերը ուրիշներին տարածելուն։ Սա է այն պահանջը, որ դրված է մեզ վրա՝ որպես Աստծո պարգևների տնտեսների։ Մենք մեր կյանքի տնտեսներն ենք։ Մենք պատասխանատու ենք մեզ տրված տաղանդների համար՝ դրանք կիսելու, օգտագործելու և հաշվետու լինելու համար, թե ինչպե՞ս, որտե՞ղ և ի՞նչ արեցինք այն ամենի հետ, ինչ Աստված տվել է մեզ։
Յոթ մահացու մեղքերի շարքում կա «ծուլություն» կոչվող մեղքը, որը թերևս ամենաթյուրիմացվածն է, քանի որ այն մատնանշում է անգործությունը, մինչդեռ մյուս մեղքերը պահանջում են մեզանից ակտիվ լինել, ներգրավվել մեղքի մեջ։ Այս մեղքը սահմանվում է պարզապես ծույլ լինելով, ինչ-որ բան չանելով։ Այժմ մի պահ մտածեք այդ մասին։ Ինչո՞ւ պետք է դա մեղք լինի։ Ինչպե՞ս կարող է ինչ-որ բան չանելը մեղք լինել։
Աստված ձեզ պարգև է տվել։ Դուք իրավունք չունեք այն պահելու պահարանում։ Դուք իրավունք չունեք վերցնելու Աստծո պարգևը և աղբը նետելու։ Այն սուրբ է։ Այն նվիրական է։ Ահա թե ինչ է ձեր կյանքը։ Յուրաքանչյուր օրհնություն, յուրաքանչյուր պահ, որ ունեք ձեր կյանքում, Աստծուց տրված սուրբ պարգև է։
Մենք կշարունակենք տնտեսվարության այս թեման այս շաբաթվա ընթացքում։ Իսկ այսօր եկեք եզրափակենք Սուրբ Ներսես Շնորհալու աղոթքով.
Հիսուս, Հոր իմաստություն, իմաստություն տուր ինձ, որպեսզի միշտ մտածեմ, խոսեմ և անեմ այն, ինչ հաճելի է Քեզ։ Փրկիր ինձ չար մտքերից, խոսքերից և գործերից։ Ողորմիր Քո բոլոր արարածներին և ինձ՝ մեծ մեղավորիս։ Ամեն։ (Հավատով խոստովանիմ 11/24)



