Մեծ խթանները
Արմոդոքսիան այսօր. Երկնային ազդակ
Ազդակները լինում են տարբեր ձևերի ու չափերի։ Հրազենի դեպքում դա այն մեխանիզմն է, որը գործարկում է կրակոցը։ Ծաղիկները կամ մորթյա կենդանիները կարող են մարդկանց մոտ ալերգիա առաջացնել, իսկ լավ դերասանը, մարմնավորելով իր կերպարը, կարող է հարուցել այնպիսի զգացմունքներ, որոնք կփափկեցնեն նույնիսկ ամենակոշտ սրտերը։
Երկնային երևույթները, ինչպիսիք են արեգակնային կամ լուսնային խավարումները, հաճախ կրոնական բնույթի քննարկումների առիթ են դառնում։ Քանի որ երկնային մարմինների՝ Լուսնի և Արեգակի շարժումներն ունեն իրենց ռիթմերն ու օրինաչափությունները, ոմանք ամբողջ երևույթին միստիկ բացատրություններ են վերագրում։ Սակայն ավելի ուշադիր նայելիս՝ դրանց շարժման միակ «միստիկ» տարրն այն է, որ դրանք անսովոր ճշգրիտ են ու կատարյալ։ Համարձակվենք ասել, որ դրանք մատնանշում են Արարչին, որին մենք հաճախ անվանում ենք Աստված։
Արեգակի խավարման ժամանակ մի մարդ, նկատելով իրադարձության հանդեպ իմ հետաքրքրությունը, հարցրեց՝ արդյո՞ք խավարումը հիշատակվում է Աստվածաշնչում։ Եթե բավական երկար ժամանակ եք քահանա ծառայել, ապա գիտեք, թե սա ուր է տանում (կամ մոլորեցնում)՝ ինչ-որ կերպ սա դիտարկվում է որպես վերջին ժամանակների նախանշան։ Ես Աստվածաշնչում կարդացել եմ երկնքի մթագնման դեպքերի մասին, սակայն խավարումների դեպքում, որոնք տևում են ընդամենը մի քանի րոպե, ոչ մի ապոկալիպտիկ բան չկա։ Բայց նայեք սրան այլ տեսանկյունից. ՄՌՏ-ն և ռենտգենյան ճառագայթները նույնպես հիշատակված չեն Աստվածաշնչում, բայց մենք դրանք օգտագործում ենք բազմաթիվ հիվանդություններ ախտորոշելու համար։ Ինքնաթիռները նույնպես հիշատակված չեն Աստվածաշնչում, բայց դրանք, անշուշտ, օգնում են Ձեզ տեղաշարժվել։
Արմոդոքսիան Ձեզ հրավիրում է բնությանը նայել որպես Աստծո հրաշքների շարունակություն։ Դրանք ամենուր են։ Անհայտի և անհասկանալիի մեջ աշխարհի վախճանի մասին մտքեր փնտրելու փոխարեն՝ փառաբանեք Աստծո մեծությունը և Նրա Արարչագործության ողջ գեղեցկությունը։
Մեր խոսքը եզրափակում ենք Սիրաքի գրքից այս աղոթքով. «Աստղերի փառքը երկնքի գեղեցկությունն է, Տիրոջ բարձունքներում փայլող մի զարդ։ Սուրբի հրամանով նրանք կանգնած են իրենց նշանակված տեղերում և երբեք չեն հոգնում իրենց պահակությունից։ Նայե՛ք ծիածանին և օրհնե՛ք Նրան, ով ստեղծեց այն. այն չափազանց գեղեցիկ է իր պայծառությամբ։ Այն շրջապատում է երկինքը իր փառահեղ կամարով. Ամենաբարձրյալի ձեռքերը տարածեցին այն։ (գլուխ 43)


