Ի՞նչ կվերցնեիք Ձեզ հետ
Արմոդոքսիան այսօր. Ի՞նչ կվերցնեիք Դուք
Լոս Անջելեսը բռնկվել է։ Դժվար է այն անվանել «Հրեշտակների քաղաք», երբ երկինք են սլանում միայն բոցերը, օդը լցված է այրվող տների, դպրոցների ու ձեռնարկությունների հոտով, իսկ բոլորի մտքում միայն մեկ հարց է՝ «Արդյո՞ք հաջորդը մենք ենք»։
Անցյալ երեքշաբթի տուն հասա ժամը 7-ից քիչ առաջ։ Որդիս զանգահարել էր ժամանումիցս կես ժամ առաջ։ Նա զգուշացրել էր, որ տարածքում մեծ հրդեհ կա։ Այդ օրը քամիները փչում էին այնպես, ինչպես երբեք չէի հիշում, ասում էին՝ հասնելով մինչև ժամում 80 մղոն արագության։ Երբ հասա, մոտ մեկ մղոն հեռավորության վրա արդեն ծուխ ու բոցեր կային։ Քամին իր հետ բերում էր ազդանշանների և հրշեջ մեքենաների ձայները, որոնք հերոսներին շտապեցնում էին դեպի մարտական գոտի։ Օդը սկսեց թանձրանալ։ Ժամը 8-ին մեր հեռախոսներին ստացանք առաջին նախազգուշացումը՝ պատրաստվել տարհանման։ Հրդեհը մոտենում էր։ Ժամը 8:30-ին նախազգուշացումը վերածվեց հստակ «Լքե՛ք Ձեր տունը» հրամանի։ Իսկ ժամը 9-ին շերիֆի տեղակալները բարձրախոսներով երթևեկում էին փողոցներով՝ հրամայելով. «Տարհանվե՛ք հիմա»։
Նախազգուշացման և տարհանման հրամանի միջև ընկած ժամանակահատվածում բազմաթիվ մտքեր են անցնում գլխովդ։ Այս ամենը անիրական է թվում։ Տարհանման հրամանները սովորական են փոթորիկների կամ պտտահողմերի գոտիներում, բայց արևոտ Հարավային Կալիֆոռնիայո՞ւմ։ Կարծես ինչ-որ մեկը շփոթել է սցենարը, սակայն տարհանման հրամանը հնչեց հստակ ու շատ իրական։
Արագ, Դուք ունեք կես ժամ (նույնիսկ ավելի քիչ, եթե հաշվի առնեք զարմանքն ու սկզբնական ժխտումը, որ դա կատարվում է հենց Ձեզ հետ) որոշելու, թե ինչ եք վերցնելու Ձեզ հետ։ Նայելով տան պատերին ու սենյակին՝ մտածում եք, որ գուցե այլևս երբեք չտեսնեք այս ամենը։ Ի՞նչ եք վերցնում Ձեզ հետ։
Սա մի վարժություն է, որի մասին մտածել եմ, բայց այն երբեք այնքան իրական չի եղել, որքան այդ գիշեր։ Լուսանկարներ՝ հիշողություններս թարմացնելու համար. դրանք ինձ համար կարևոր էին։ Բայց կարող եմ պատկերացնել, որ Ձեզ համար շատ այլ բաներ են կարևոր։ Ի՞նչ կվերցնեիք Դուք, եթե մտածեիք, որ այլևս երբեք չեք տեսնի այս իրականությունը։ Ճիշտ կամ սխալ պատասխաններ չկան, բայց ինքներդ Ձեզ հարց տալու այս վարժությունը կարող է օգնել Ձեզ այլ կերպ ճանաչել ինքներդ Ձեզ։
Ցավոք, վերջին մի քանի օրվա ընթացքում շատերը վերադարձան մոխրացած տներ։ Փորձեք կատարել «Ի՞նչ կվերցնեի ինձ հետ» վարժությունը, իսկ մենք վաղը կշարունակենք այս թեման։ Այսօր մենք աղոթում ենք Սուրբ Ներսես Շնորհալու «Հավատով խոստովանիմ» աղոթքի տասնհինգերորդ ժամի խոսքերով.
Քրիստո՛ս, աջովդ հովանի եղիր ինձ օր ու գիշեր, տանը նստելիս, ճանապարհ գնալիս, քնելիս և արթնանալիս, որպեսզի երբեք չսայթաքեմ։ Ողորմի՛ր ինձ։ Ամեն։

2025 Տեր Վազգեն
2025 Առաքյալ
2025 Տեր Վազգեն

2023 Epostle.net
2025 Տեր Վազգեն
Թողնել պատասխան
Ցանկանո՞ւմ եք միանալ քննարկմանը։Ազատորեն կիսվեք Ձեր մտքերով։