Հրավեր խնջույքին
Արմոդոքսին այսօր
Հրավեր խնջույքին
Գալստյան այս շաբաթը նվիրված է մեր Տիրոջ կողմից ներկայացված և Սուրբ Ղուկասի (գլուխ 14:12-24) կողմից արձանագրված առակին։
Պատկերացրեք, որ ցանկանում եք նշել Ձեր դստեր ծննդյան տարեդարձը ամսի 20-ին։ Դուք հրավերներ եք ուղարկում Ձեր հարազատներին, ընկերներին և նույնիսկ հարևաններին։ «Օգնե՛ք մեզ նշել մեր դստեր ծննդյան օրը», - ասվում է հրավերում։ «Ամսի 20-ին, ժամը 17:00-ին, մեր բակում, միացե՛ք մեզ խորովածի», - եզրափակում է հրավերը։ Դուք ուղարկում եք դրանք և սկսում պատասխաններ ստանալ. առաջինն ասում է. «Ներողություն, չեմ կարող գալ 20-ին, կարո՞ղ եք փոխել ամսաթիվը 19-ի»։ Մյուսն ասում է. «Ես խորոված չեմ սիրում, ափսոս, որ թխվածքներ չեք մատուցում։ Ես չեմ գա»։ Հաջորդը բողոքում է, որ բացօթյա տարածքը՝ Ձեր բակը, շատ ցուրտ է։ «Երանի թե միջոցառումը դահլիճում անեիք։ Ես չեմ մասնակցի»։
Նման իրավիճակը առնվազն զավեշտալի կլիներ, իսկ քաղաքավարության տեսանկյունից՝ ուղղակի անտակտ։ Հիսուս մեզ է ներկայացնում հետևյալ առակը։ Նրա նպատակը ոչ թե զվարճացնելն էր, ոչ էլ մեզ հունից հանելը, այլ այն դասերը փոխանցելը, որոնք հայ առաքելական եկեղեցու ավանդույթով դեպի Սուրբ Ծնունդ տանող մեր Գալստյան ճամփորդության մի մասն են կազմում։
Հիսուս ասաց. «Մի մարդ մեծ ընթրիք պատրաստեց և շատերին հրավիրեց։ Ընթրիքի ժամին իր ծառային ուղարկեց՝ հրավիրվածներին ասելու. «Եկե՛ք, որովհետև ամեն ինչ արդեն պատրաստ է»։ Բայց նրանք բոլորը միաբերան սկսեցին պատրվակներ բերել։ Առաջինն ասաց. «Հող եմ գնել, պետք է գնամ տեսնեմ այն. խնդրում եմ, ներողամիտ եղեք ինձ»։ Մյուսն ասաց. «Հինգ լուծ եզ եմ գնել և գնում եմ դրանք փորձելու. խնդրում եմ, ներողամիտ եղեք ինձ»։ Մեկ ուրիշն էլ ասաց. «Կին եմ առել, դրա համար էլ չեմ կարող գալ»։ Ծառան վերադարձավ և այս ամենը պատմեց իր տիրոջը։ Այն ժամանակ տանտերը բարկացավ և ասաց իր ծառային. «Շտա՛պ դուրս ելիր քաղաքի հրապարակներն ու փողոցները և այստեղ բե՛ր աղքատներին, հաշմանդամներին, կաղերին ու կույրերին»։ Ծառան ասաց. «Տե՛ր, արեցի այնպես, ինչպես հրամայեցիր, և դեռ տեղ կա»։ Տերն ասաց ծառային. «Գնա՛ ճանապարհներն ու ցանկապատների մոտ և ստիպի՛ր նրանց գալ, որպեսզի տունս լցվի։ Քանզի ասում եմ ձեզ, որ հրավիրվածներից ոչ ոք չի ճաշակի իմ ընթրիքից»։
Այս պատմությունը՝ Մեծ ընթրիքի առակը, բազմաշերտ է։ Այն խոսում է քրիստոնեությանն ու քրիստոնեական կյանքին հրավիրվելու մասին, ինչպես նաև մարդկության կոչի և աշխարհի հետ ներդաշնակ ապրելու մասին։ Այն մատնանշում է Սուրբ Ծննդյան էությունն ու նպատակը։ Այդ իսկ պատճառով Հայ եկեղեցին այս առակը սահմանել է որպես Գալստյան այս շաբաթվա թեմա։
Մենք լսեցինք առակը։ Մենք ընդառաջ ենք գնում վաղվա օրվան՝ շարունակելով մեր Գալստյան ճամփորդությունը։ Անհամբերությամբ սպասում եմ Ձեր միանալուն։
Աղոթենք. Երկնավոր Հայր, Դու ինձ հրավիրել ես Քո Արքայություն։ Սուրբ ավազանից իմ մկրտության օրվանից մինչ օրս ես փորձել եմ հետևել Քո ուղուն։ Երբեմն ես շեղվում եմ ճանապարհից և պատրվակներ գտնում իմ սխալները արդարացնելու համար։ Այսօր ես մի կողմ եմ դնում այդ պատրվակները և ակնկալում Քեզանից, որ ինձ պահես այն ճանապարհի վրա, որը Դու բացել ես ինձ համար։ Ամեն։

2009 Հայր Վազգեն Մովսեսյան
2025 Epostle
2009 Հայր Վազգեն Մովսեսյան
2009 Հայր Վազգեն Մովսեսյան
2023 Epostle.net

2019 Հայր Վազգեն
2009 Հայր Վազգեն Մովսեսյան
Թողնել պատասխան
Ցանկանո՞ւմ եք միանալ քննարկմանը։Ազատորեն կիսվեք Ձեր մտքերով։