Ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա
Արմոդոքսիան այսօր. Ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա
Հայ եկեղեցին այսօր հիշատակում է երկու Հովսեփների։ Եթե Հիսուսի կյանքը դարակի վրա դրված գրքերի շարք լիներ, ապա այս երկու Հովսեփները կլինեին Նրա կյանքի երկու կողմերի գրքի հենակները։ Մեկը հիշատակվում է Հիսուսի ծննդյան ժամանակ՝ որպես Սուրբ Մարիամի ամուսին, իսկ մյուս Հովսեփը՝ Խաչի վրա Հիսուսի մահից հետո, գալիս է Արիմաթեայից՝ մեր Տիրոջ Մարմինը պատշաճ թաղման համար վերցնելու։ (Մատթեոս 27:57)
Հայ եկեղեցու օրացույցում Սուրբ Աստվածածնի ամուսնուն՝ Սուրբ Հովսեփին, տրվում է «Աստվածահայր» տիտղոսը։ Արևմտյան ավանդության մեջ Սուրբ Հովսեփը որդեգրողների հովանավոր սուրբն է, չէ՞ որ նա որդեգրեց մեր Տեր Հիսուս Քրիստոսին և մեծացրեց նրան որպես սեփական զավակի։ Մենք գիտենք, որ նա ատաղձագործ էր, և կարող ենք պատկերացնել փոքրիկ Հիսուսի ջերմ կերպարը, երբ նա վազվզում էր փայտով ու գործիքներով լի արհեստանոցում՝ հորից՝ Հովսեփից սովորելով ատաղձագործության արհեստը։
Սուրբգրային վկայությամբ՝ Հովսեփը արդար և ուղղամիտ մարդ էր։ Նա հաստատուն էր իր հավատքի մեջ։ Ամենակարևորը՝ նա մի մարդ էր, ով այնքան էր սիրում, հոգ տանում և հարգում իր կնոջը, որ հավատաց անհնարին թվացողին՝ նրա հղիանալուն Սուրբ Հոգուց։ Չնայած այն ժամանակաշրջանի սոցիալական խարանին, հանրային ամոթին ու նվաստացմանը, որոնք անխուսափելի էին, նա Մարիամին առավ իր կնության և որդեգրեց Հիսուսին։
Հովսեփը մեզ տալիս է մի շատ առանձնահատուկ օրինակ, որը մենք պետք է որդեգրենք մեր կյանքում։ Երբ աղոթում ենք. «Եղիցի կամք քո, որպես յերկինս և յերկրի»՝ խնդրում ենք, որ Աստծո կամքը տեսանելի լինի մեր կյանքում՝ այստեղ՝ երկրի վրա։ Հիսուսը մեզ պատվիրում է աղոթել այդ խոսքերով ոչ թե այն պատճառով, որ Աստված պետք է լսի, թե մենք ցանկանում ենք, որ Իր կամքը կատարվի։ Ավելի շուտ, դա մեզ համար է՝ հասկանալու, որ այս աշխարհում Նրա կամքը կատարվում է մեր մասնակցության միջոցով։ Հովսեփը հասկանում էր, որ եթե Աստծո Արքայությունը պետք է գա, ապա իր մասնակցությունն անհրաժեշտ էր։ Եվ այսպես, հակառակ բոլոր դժվարություններին, հակառակ ժամանակի սովորույթներին ու նորմերին, հակառակ կույսից ծննդյան անհնարինությանը, հակառակ բամբասողների չարախոսությանն ու իր համայնքի անդամների նվաստացումներին, Հովսեփն ասում է. «Եղիցի կամք քո» և հնազանդորեն հետևում է Մարիամին կնության առնելու պատվերին։
Աշխարհի խնդիրների որոշ դժվարին լուծումներ սկսվում են նրանից, որ մենք պարզապես ստանձնում ենք Աստծո Արքայության մասնակիցը լինելու պատասխանատվությունը։ Հովսեփը հրաժարվում է իր հարմարավետությունից և երազանքներից՝ ապահովելու համար, որ Արքայությունը հաստատվի «ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա»։
Աղոթենք օրհնյալ ամուսնուն նվիրված ավանդական աղոթքով. «Ո՜վ Սուրբ Հովսեփ, որի պաշտպանությունն այնքան մեծ է, այնքան զորեղ, այնքան արագ Աստծո գահի առջև։ Իմ բոլոր հոգսերն ու ցանկությունները Ձեզ եմ վստահում։ Ո՜վ Սուրբ Հովսեփ, օգնեք ինձ Ձեր հզոր բարեխոսությամբ և Ձեր աստվածային Որդուց ինձ համար հայցեք բոլոր հոգևոր օրհնությունները մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով։ Ես երբեք չեմ հոգնում հայացքս Ձեզ հառելուց և Ձեր գրկում ննջող Հիսուսին դիտելուց. չեմ համարձակվում մոտենալ, երբ Նա հանգստանում է Ձեր սրտի մոտ։ Սեղմեք Նրան իմ անունից և իմ փոխարեն համբուրեք Նրա գեղեցիկ ճակատը, և խնդրեք Նրան, որ վերադարձնի համբույրը, երբ ես արտաշնչեմ իմ վերջին շունչը։ Ամեն»։
Շապիկ. Սուրբ Հովսեփը մանուկ Հիսուսի հետ։ Այս արձանը լուսանկարվել է Կալիֆոռնիայի Լոս Անջելես քաղաքի Սուրբ Աստվածամոր տաճարում։

2013 Հայր Վազգեն
2026 Epostle
2026 Epostle
2009 Հայր Վազգեն Մովսեսյան
2025 Epostle
Տեր Վազգեն 2021

2014 Հայր Վազգեն
Թողնել պատասխան
Ցանկանո՞ւմ եք միանալ քննարկմանը։Ազատորեն կիսվեք Ձեր մտքերով։