Քո կամքը. Հովսեփի օրինակը
Արմոդոքսիան այսօր. Հովսեփի օրինակը
Սուրբ Ծննդյան պատմությունների բոլոր կերպարներից Հովսեփը՝ Հիսուսի Մայր Մարիամի ամուսինը, հաճախ ամենաքիչն է քննարկվում։ Երբեմն նրան նույնիսկ մոռանում են։ Ավետարանական վկայության համաձայն. «Մարիամը նշանված էր Հովսեփի հետ, և նախքան նրանց միանալը, գտնվեց, որ նա Սուրբ Հոգուց է հղիացել։ Հովսեփը՝ նրա ամուսինը, լինելով արդար մարդ և չկամենալով նրան հրապարակավ խայտառակել, մտադրվեց գաղտնի արձակել նրան։ Բայց երբ նա այս բաների մասին էր մտածում, ահա Տիրոջ հրեշտակը երևաց նրան երազում և ասաց. «Հովսե՛փ, Դավթի որդի, մի՛ վախեցիր քեզ մոտ առնելու Մարիամին՝ քո կնոջը, որովհետև նրա մեջ եղածը Սուրբ Հոգուց է։ Նա մի որդի է ծնելու, և նրա անունը Հիսուս պիտի դնես, որովհետև նա իր ժողովրդին պիտի փրկի իրենց մեղքերից»։ (Մատթեոս 1)
Ըստ Սուրբ Գրքի և Եկեղեցական ավանդության՝ Հովսեփը մասնագիտությամբ ատաղձագործ էր և ապրում էր Գալիլեայի Նազարեթ քաղաքում։ Նա նկարագրվում է որպես արդար և հավատքով լի մարդ, ինչի վկայությունն է Աստծո պատվիրանին նրա հնազանդությունը։ Սուրբ Մատթեոսը շարունակում է. «Հովսեփը, քնից արթնանալով, արեց այնպես, ինչպես Տիրոջ հրեշտակը պատվիրեց իրեն, և իր կնոջը առավ իր մոտ։ Եվ նրան չճանաչեց, մինչև որ նա ծնեց իր անդրանիկ Որդուն, և նրա անունը Հիսուս դրեց»։
Հովսեփը Հիսուսի որդեգիր հայրն էր, ով Հիսուս մանուկին մեծացրեց որպես սեփական զավակի։ Արևմտյան եկեղեցում նա համարվում է որդեգրողների հովանավոր սուրբը։
Հովսեփը մեզ է թողնում յուրօրինակ մի օրինակ, որով պետք է առաջնորդվենք մեր կյանքում։ Աղոթելիս մենք արտասանում ենք. «Եկեսցէ արքայութիւն քո, եղիցին կամք քո, որպէս յերկինս եւ յերկրի»։ Մենք խնդրում ենք, որ Աստծո կամքը տեսանելի լինի մեր կյանքում՝ այստեղ՝ երկրի վրա։ Հիսուսը մեզ պատվիրում է աղոթել այս խոսքերով, քանի որ Աստծո կամքը երկրի վրա դրսևորվում է մեր մասնակցությամբ։ Մենք աղոթում և արտասանում ենք այն՝ հիշեցնելու համար, որ մենք Արքայության մասնակիցներն ենք։ Հովսեփը հասկանում էր, որ եթե Աստծո Արքայությունը պետք է գար, ապա իր մասնակցությունը էական էր։ Եվ այսպես, հակառակ բոլոր դժվարությունների, հակառակ ժամանակի ընդունված կարգերի ու նորմերի, հակառակ կույսից ծննդյան հավանականության ու անհավանականության, հակառակ բամբասողների չարախոսության և սեփական համայնքի անդամների կողմից նվաստացման՝ Հովսեփն ասում է. «Եղիցի կամք քո» և հնազանդորեն հետևում է Մարիամին որպես կին առնելու պատվերին։
Աշխարհում ամենադժվար լուծումներից մի քանիսը սկսվում են նրանով, որ մենք պարզապես ընդունում ենք Աստծո Արքայությանը մասնակից լինելու պատասխանատվությունը։ Հովսեփը հրաժարվում է իր հարմարավետությունից և երազանքներից՝ ապահովելու համար, որ Արքայությունը հաստատվի «երկրի վրա, ինչպես երկնքում»։
Աղոթենք Սուրբ Հովսեփին նվիրված ավանդական աղոթքով. «Ո՛վ Սուրբ Հովսեփ, որի հովանին այնքան մեծ է, այնքան զորավոր և այնքան արագ Աստծո գահի առջև։ Ես Ձեզ եմ վստահում իմ բոլոր հոգսերն ու ցանկությունները։ Ո՛վ Սուրբ Հովսեփ, օգնեք ինձ Ձեր հզոր բարեխոսությամբ և Ձեր աստվածային Որդուց ինձ համար հայցեք բոլոր հոգևոր օրհնությունները՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով։ Ամեն։
Շապիկին. Սուրբ Հովսեփի և մանուկ Հիսուսի արձանը, Լոս Անջելեսի «Մեր Տիրուհու» տաճարում, Կալիֆոռնիա

2026 Առաքյալ
2009 Տեր Վազգեն Մովսեսյան
2025 Առաքյալ
2026 Առաքյալ

2026 Առաքյալ
Թողնել պատասխան
Ցանկանո՞ւմ եք միանալ քննարկմանը։Ազատորեն կիսվեք Ձեր մտքերով։