Advent 44-50. Կարեկցանք
Ծննդյան պահք, օր 44. Կարեկցանք
Այս օրվա համար նախատեսված սուրբգրային ընթերցումը Եբրայեցիներին ուղղված թղթի 13-րդ գլխից է. «Եղբայրսիրությունը թող մնա ձեր մեջ։ Մի՛ մոռացեք հյուրասիրությունը, որովհետև դրանով ոմանք անգիտակցաբար հրեշտակներ են հյուրընկալել։ Հիշե՛ք կապյալներին, իբր թե նրանց հետ կապված լինեք, և չարչարվողներին, քանի որ դուք էլ մարմնի մեջ եք։ Ամուսնությունը պատվական է ամենքի մոտ, և անկողինը՝ անպիղծ, իսկ պոռնիկներին ու շնացողներին Աստված պիտի դատի։ Ձեր վարքը թող առանց արծաթասիրության լինի. բավարարվե՛ք եղածներով, որովհետև Ինքն ասաց. «Քեզ չեմ լքի և քեզ չեմ թողնի»։ Այնպես որ, մենք համարձակությամբ ասում ենք. «Տերն է իմ օգնականը, և ես չեմ վախենա. ի՞նչ կարող է անել ինձ մարդը»»։
Մենք գտնվում ենք Ծննդյան պահքի ավարտին և Աստվածահայտնության տոնին ընդառաջ ընկած վերջին օրերում։ Եկեղեցին այս խոսքերով մեզ ուղղորդում է դեպի կարեկցանքի վրա հիմնված հավատքի հանձնառություն։ «Անգիտակցաբար հյուրընկալեցին հրեշտակներ» արտահայտությունը վերաբերում է օտարականի, պանդուխտի, գաղթականի և փախստականի կարիքների հանդեպ բաց լինելուն։ «Հիշեք կապյալներին, իբր թե նրանց հետ կապված լինեք» պատգամը կոչ է՝ օգնության ձեռք մեկնելու և կարեկից լինելու բանտարկյալների տառապանքներին։ Այլ կերպ ասած՝ սա կոչ է բարիք գործելու՝ ուրիշների տեղում լինելով, հասկանալով նրանց ցավն ու տառապանքը։ Սա է մեր հավատքի գործնական կիրառումը և, անշուշտ, կարևոր հիշեցում՝ Նոր տարվա շեմին։
Նոր տարին սկսելու համար ներկայացնում ենք Հայ Առաքելական Եկեղեցու Առավոտյան ժամերգության աղոթքներից մեկը. «Գոհանում ենք Քեզնից, Տե՛ր մեր Աստված, որ Քո լույսով ուրախացնում ես Քո բոլոր արարածներին, և Քո պատվիրանների լույսով լուսավորեցիր բոլոր նրանց, ովքեր հավատում են Քեզ։ Ամրացրո՛ւ մեզ, Տե՛ր, այս օրվա ընթացքում և ամեն ժամ, որպեսզի լուսավոր մտքով միշտ կատարենք այն, ինչ հաճելի է Քեզ, և հասնենք Քո սրբերի հետ գալիք բարիքներին՝ մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի շնորհով և ողորմությամբ, որին վայել է փառք, իշխանություն և պատիվ, այժմ և հավիտյանս հավիտենից։ Ամեն»։


2025 Առաքյալ
2005 IHS


2014 Տեր Վազգեն



Թողնել պատասխան
Ցանկանո՞ւմ եք միանալ քննարկմանը։Ազատորեն կիսվեք Ձեր մտքերով։