Խաղաղության ձգտումներ՝ կարեկցանքի միջոցով
Արմոդոքսիան այսօր. խաղաղության ձգտում
Հայաստան կատարած ուխտագնացության վերջին երեկոյան ես նստած էի իմ սենյակում և պատուհանից նայում էի մայրամուտին։ Սենյակը բավական բարձր էր, որպեսզի ինձ հնարավորություն տար տեսնելու Երևանի համայնապատկերը՝ Արարատ լեռան վեհաշուք ստվերի ներքո։ Ուղևորությանս ընթացքում ես հանդիպել էի մարդկանց, ովքեր աշխատում էին տեխնոլոգիաների առաջնագծում։ Ես ժամանակ անցկացրի նրանց հետ, ովքեր մարտահրավեր էին նետում նորմերին և գերազանցում էին՝ հանուն իրենց, իրենց ընտանիքների և իրենց երկրի բարօրության։ Օդում իրական հույս կար։
Հիշում եմ՝ նայում էի պատուհանից և աղոթում խաղաղության համար։ Դա պարզ մի ցանկություն էր. եթե այս փոքր, բայց հզոր երկիրը կարողանար խաղաղություն ունենալ, հրաշքներ կարող էին և կլինեին։ Այդ ժամանակ արդեն երեք տասնամյակ էր, ինչ այս երկիրը, որը ճաշակել էր դարերի ճնշումներ, ջարդեր, կոմունիզմ, տեղեկատվության սահմանափակում և նույնիսկ ցեղասպանություն, ապրում էր խաղաղության մեջ։ Ես նայում էի Երևանի երկնակամարին և գիտեի, որ մենք կտեսնենք լավագույն հրաշքները, եթե միայն խաղաղություն լիներ։
Մի քանի տարի անց, մի առավոտ Հայաստանից մի ընկեր զանգահարեց ինձ։ Մեր զրույցի վերջում նա ասաց. «Եթե միայն խաղաղություն ունենանք, մենք ամեն ինչ կարող ենք անել, կարող ենք ձգտել լավագույնին և լինել լավագույնը։ Եթե միայն խաղաղություն ունենանք»։ Նրա զանգը հիշեցրեց ինձ այդ գիշերվա իմ աղոթքի մասին։ Կարծես մի քանի տարի առաջվա իմ աղոթքը ձայնագրված լիներ և նորից հնչեր ինձ համար։ Նրա աղոթքն, այնուամենայնիվ, ավելի արդիական էր և ավելի հրատապ հնչերանգ ուներ։
Հեռվից դժվար է հասկանալ ուրիշների ցավն ու տառապանքը։ Արմոդոքսիայի հիմնական սկզբունքներից մեկը ուրիշների կոշիկների մեջ մտնելու կոչն է։ Սա կարեկցանքի արտահայտություն է, այսինքն՝ ուրիշների ցավն ու տառապանքը լիովին հասկանալու համար մենք պետք է քայլենք նրանց կոշիկներով։
Ահա մի փոքր վարժություն, որը կարող է օգնել մեզ հարմարեցնել մեր ոտքերը այդ կոշիկներին։ Մեզանից նրանք, ովքեր ապրում են Միացյալ Նահանգներում, գուցե լիովին չհասկանան Հայաստանում խաղաղության համար աղոթքը, բայց մենք կարող ենք սկսել՝ պատկերացնելով մի աշխարհ, որտեղ մենք անընդհատ ենթարկվում ենք Մեքսիկայի և Կանադայի հարձակումներին այն աստիճան, որ ապրում ենք մեր անկախությունը պահպանելու անորոշության մեջ՝ օրեցօր։ Հնարավոր է՝ օրինակն արդարացի չէ՝ հաշվի առնելով ԱՄՆ-ի չափերը, հզորությունը և աշխարհագրությունը։ Դուք՝ Եվրոպայում, Աֆրիկայում կամ Մերձավոր Արևելքում գտնվողներդ, որտեղ երկրներն իրար շատ ավելի մոտ են և փոխկապակցված, կարող եք դիտարկել Շվեյցարիայի նման մի երկիր, եթե նրա հարևաններ Ֆրանսիան, Իտալիան, Ավստրիան և Գերմանիան ունենային միայն մեկ նպատակ՝ ոչնչացնել այդ համեմատաբար փոքր երկիրը։ Ցավոք, Ձեզ հարկավոր չէ պատկերացնել, պարզապես նայեք գոյություն ունեցող լարվածություններին՝ լինի դա Ուկրաինայի և Ռուսաստանի, Իսրայելի և պաղեստինցիների, Հնդկաստանի և Պակիստանի միջև, Կոնգոյում, Սուդանում կամ Դարֆուրում առկա մշտական սպառնալիքներին և, իհարկե, Հայաստանի ու Ադրբեջանի միջև։
Իսկ եթե դեռ դժվար է պատկերացնել, նստեք Ձեր իսկ տանը՝ բնակարանում, և պատկերացրեք Ձեր բոլոր հարևաններին՝ յուրաքանչյուրին՝ հարևան դռան և փողոցի մյուս կողմում, որոնք ցանկանում են միայն մեկ բան՝ ճնշել, հաղթել և ազատվել Ձեզանից այդ թաղամասում։
Ուրիշի կոշիկների մեջ մտնելը կարեկցանքի կոչ է։ Սա նշանակում է հասկանալ, որ միակ իրական և ճշմարիտ հրաշքը, որի համար պետք է աղոթենք և աշխատենք, խաղաղությունն է։ Ուրիշի կոշիկների մեջ մտնելը մեզ հնարավորություն է տալիս հասկանալու, իսկ երբ արդեն այդ կոշիկների մեջ ենք, պետք է քայլենք դեպի լուծում։
Եկեք քայլենք դեպի այդ լուծումը՝ այսօրվա աղոթքով, որը պատշաճ կերպով վերցված է Ասսիզիի Սուրբ Ֆրանցիսկոսից. Տե՛ր, դարձրու ինձ Քո խաղաղության գործիքը։ Որտեղ ատելություն կա, թող սեր ցանեմ, որտեղ վիրավորանք՝ թող ներում շնորհեմ, որտեղ կասկած՝ հավատ, որտեղ հուսահատություն՝ հույս, որտեղ խավար՝ լույս, և որտեղ տխրություն՝ ուրախություն։ Ո՛վ Աստվածային Վարդապետ, շնորհիր ինձ, որ ոչ թե մխիթարվել փնտրեմ, այլ մխիթարել, ոչ թե հասկացվել, այլ հասկանալ, ոչ թե սիրվել, այլ սիրել։ Քանզի տալով է, որ ստանում ենք, ներելով է, որ ներվում ենք, և մահանալով է, որ ծնվում ենք հավերժական կյանքի համար։ Ամեն։
Շապիկի լուսանկարը՝ Լունաբել Բեյլերյան, 2023
Մի երիտասարդ աղջիկ քնած է, մինչ մայրը գորգեր է գործում

2023 Լունա Բեյլերյան


2024 Տեր Վազգեն
2025 Առաքյալ

2025 Տեր Վազգեն
2025 Առաքյալ
Թողնել պատասխան
Ցանկանո՞ւմ եք միանալ քննարկմանը։Ազատորեն կիսվեք Ձեր մտքերով։