Կետից դեպի աշխարհ
Արմոդոքսին այսօր. կետից դեպի աշխարհ
Շարունակելով այն թեմաները, որոնք քննարկել ենք անցած շաբաթվա ընթացքում, այսօր ցանկանում եմ Ձեզ հետ կիսվել աստղագետ և մոլորակագետ, հանգուցյալ Կարլ Սագանի ուղերձով՝ Հիսուս Քրիստոսի վերջաբանով։
1990 թվականին «Վոյաջեր-1» տիեզերանավը, մեր արեգակնային համակարգի մասերը 13 տարի ուսումնասիրելուց հետո, հասել էր մեր մոլորակային հարևանության եզրին։ Մեկնելուց առաջ այն վերջին անգամ շրջվեց դեպի Երկիր մոլորակը։ Այն տնից ավելի քան 4 միլիարդ մղոն հեռավորության վրա էր, երբ լուսանկարեց այն և ռադիոազդանշանով ուղարկեց մեզ։ Եթե պատկերին շատ ուշադիր նայեք, և միայն այն բանից հետո, երբ այն ցույց տան Ձեզ, և Դուք երկրորդ, երրորդ ու չորրորդ անգամ հայացք նետեք, գուցե տեսնեք գունատ կապույտ կետ՝ Արեգակի ցրված լույսի ճառագայթների ֆոնին։ Այդ պատկերը Երկիր մոլորակն է։
1994 թվականին Կարլ Սագանը գրեց «Գունատ կապույտ կետ» գիրքը։ Այնտեղ նա հիշեցնում է մեզ, որ այդ կետը մեր տունն է։ Բոլոր նրանք, ում ճանաչել, սիրել կամ ատել ենք, յուրաքանչյուր պատմական գործիչ՝ աղքատից մինչև թագավոր, յուրաքանչյուր բարբարոս և նրա զինվորները, ինչպես նաև բարոյագիտության յուրաքանչյուր ուսուցիչ և նրա աշակերտները, որոնք երբևէ ուսումնասիրվել են, բոլորն էլ գոյություն են ունեցել այդ գունատ կապույտ կետի վրա։
Նա շարունակում է զգուշացնել մարդկությանը կյանքի փխրունության և այն մասին, թե որքան կարևոր է հարգել ու մեծարել այն, ինչ ունենք միմյանց հետ և մեր շրջակա միջավայրում այդ գունատ կապույտ կետի վրա։
Ծանոթացեք Սագանի գրքին և տիեզերքում այդ փոքրիկ կետի նրա դիտարկմանը, որը մենք Երկիր ենք անվանում։ Դուք կտեսնեք ականավոր գիտնականի, ֆուտուրիստի և մտածողի, որը խոսում է մարդ լինելու բարոյականության մասին։ Ինչպես տեսնում եք, գիտնականն ու հոգևորականը միմյանցից այնքան էլ հեռու չեն։ Նրանք երկուսն էլ իրենց օրը սկսում և ավարտում են երազանքներով։
Արմոդոքսին մատնանշում է սիրո, հավատքի և հույսի ուղերձի համընդհանուր լինելը։ Ձեզ հարկավոր չէ ուսումնասիրել տիեզերքի ծայրերը այս ճշմարտությունը գտնելու համար. այն մեր յուրաքանչյուրի սրտում է։ Մարտահրավերը կայանում է նրանում, որ իրականացնեք այն, ինչ գոյություն ունի այնտեղ, և գիտակցեք, որ այդ գունատ կապույտ կետը մեր տունն է։
Մատթեոսի Ավետարանում մենք կարդում ենք, որ օրենքի մի գիտակ փորձեց Հիսուսին այս հարցով. «Վարդապե՛տ, ո՞րն է օրենքի մեծագույն պատվիրանը»։ Հիսուսը պատասխանեց. «Սիրի՛ր Տիրոջը՝ քո Աստծուն, քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով և քո ամբողջ մտքով։ Սա՛ է առաջին և մեծագույն պատվիրանը։ Երկրորդը սրա նման է. Սիրի՛ր քո մերձավորին քո անձի պես։ Ամբողջ օրենքը և մարգարեները կախված են այս երկու պատվիրաններից» (Մատթեոս 22)։

2024 Տեր Վազգեն
2025 Առաքյալ
2024 Առաքյալ
2025 Առաքյալ
2009 Տեր Վազգեն Մովսեսյան

2023 Տեր Վազգեն
2023 Տեր Վազգեն
Թողնել պատասխան
Ցանկանո՞ւմ եք միանալ քննարկմանը։Ազատորեն կիսվեք Ձեր մտքերով։