Տառապանք. ոչ թե պատասխան մեղքին
Արմոդոքսիան այսօր. Գալստյան շարք – Չարիքը մեղքի պատասխան չէ
Գալստյան շրջանի կիրակի օրերին Հայ Եկեղեցին մեզ ուղղորդում է դեպի Ավետարանի որոշ հատվածներ, որոնք մեզ նախապատրաստում են Աստվածհայտնության հայտնությանը։ Այդպիսի մի հատված էլ գալիս է Ղուկասի Ավետարանի 13-րդ գլխից։ Այստեղ Հիսուսը բացատրում է, որ աղետը կամ չարիքը մարդու վրա չի գալիս նրա մեղքերի պատճառով։ Հիսուսը հիշատակում է երկու դեպք, երբ մարդիկ տառապալից մահով են մահացել. մեկը գալիլեացիների պատմությունն էր, որոնք Տիրոջը սուրբ ընծա էին մատուցել, որը պղծվել էր հռոմեացի կառավարիչ Պիղատոսի կողմից։ Մյուսը մի աշտարակի փլուզման աղետն էր, որի հետևանքով 18 մարդ զոհվեց։ Այս ողբերգությունների զոհերի վերաբերյալ Հիսուսն ասում է. «Կարծո՞ւմ եք, թե նրանք Երուսաղեմում բնակվող բոլոր մյուսներից ավելի մեղավոր էին։ Ես ձեզ ասում եմ՝ ո՛չ։ Բայց եթե չապաշխարեք, դուք էլ բոլորդ նույնպես կկորչեք»։
Պատմությունների մանրամասները Հիսուսի պատգամի կենտրոնում չեն։ Գալիլեացիների և աշտարակի այս երկու ողբերգությունները ժամանակի մարդկանց համար իմաստ ունեին, բայց աննշան են մեզ համար այսօր, երբ 2000 տարի է անցել այդ իրադարձություններից։ Այն ողբերգությունների փոխարեն, որոնց ակնարկում է Հիսուսը, Դուք կարող եք տեղադրել Քովիդ-19 համավարակը կամ սեպտեմբերի 11-ի ավերված երկվորյակ աշտարակները՝ երկու իրադարձություն, որոնք մեր ընդհանուր հիշողության և պատմության մասն են կազմում, և լսել Նրա ձայնը, որը նույն հարցն է տալիս. «Կարծո՞ւմ եք, թե նրանք՝ Քովիդ-19-ի զոհերը, բոլոր մյուսներից ավելի մեղավոր էին։ Ես ձեզ ասում եմ՝ ո՛չ։ Բայց եթե չապաշխարեք, դուք էլ բոլորդ նույնպես կկորչեք»։
Հիսուսից մեզ հասած դասը հիշեցնում է, որ աղետները կամ մարդկային տառապանքները Աստծո դատաստանը չեն մեր հանդեպ։ Ինչպես շատերն են հավատում այսօր, այնպես էլ Հիսուսի ժամանակներում, երբ չարիքը կամ տառապանքը պատուհասում էր մարդուն, հատկապես՝ թվացյալ անմեղներին, շատերը կարծում էին, թե դա Աստծո բարկությունն է՝ ուղղված նրանց մեղքերին։ Անկախ նրանից՝ դա քաղցկեղով տառապող մարդ է, հարբած վարորդի պատճառով տուժած անձ, թե պատերազմում ռմբակոծված անմեղ երեխաներ, Հիսուսը վճռականորեն ասում է. «Ո՛չ։ Դա նրանց մեղքերի պատճառով չէ»։ Ընդհակառակը, ուշադրությամբ լսե՛ք Նրա նախազգուշացումը. «Եթե չապաշխարեք, դուք էլ բոլորդ նույնպես կկորչեք»։ Նա պարզորեն ասում է. դադարեցրե՛ք Աստծուն մեղադրել այն տառապանքների համար, որոնք Դուք եք պատճառում աշխարհին։ Եթե չապաշխարեք... եթե չդադարեցնեք աղտոտել շրջակա միջավայրը, եթե չդադարեցնեք ոչ սթափ վիճակում մեքենա վարելը, եթե չդադարեցնեք պատերազմները... այո՛, Դուք էլ բոլորդ կկորչեք։
Մեր Գալստյան ուղևորության ընթացքում մի փոքր, բայց կարևոր հիշեցում անձնական պատասխանատվության և, իրոք, մեր Տեր Հիսուս Քրիստոսի կողմից մեզ փոխանցված ուշագրավ ու եզակի պատգամի մասին։
Աղոթենք Սուրբ Ներսես Շնորհալու աղոթքի 15-րդ ժամից. «Քրիստոս, ամենքի պահապան, Քո աջը թող պահպանի և հովանի լինի ինձ օր ու գիշեր, տանը և ճանապարհին, քնած և արթուն ժամանակ, որպեսզի չսայթաքեմ։ Ողորմիր ինձ, Քո բոլոր արարածներին և ինձ՝ մեղավորիս։ Ամեն»։

2024 Հայր Վազգեն
2007 Հայր Վազգեն
2025 Epostle
2024 Epostle
2024 Հայր Վազգեն

2010 Հայր Վազգեն
2024 Հայր Վազգեն
Թողնել պատասխան
Ցանկանո՞ւմ եք միանալ քննարկմանը։Ազատորեն կիսվեք Ձեր մտքերով։