Որպեսզի չդատվեք
Արմոդոքսիան այսօր. Գալստյան շարքը – Որպեսզի չդատվեք...
Հիսուսի էական ուսմունքների մեր ուսումնասիրությունը շարունակվում է դատաստանի վերաբերյալ Նրա հորդորով (Մատթեոս 7:1-5)։
«Մի՛ դատեք, որպեսզի չդատվեք», – ասում է Հիսուսը։ – «Որովհետև ինչ դատաստանով որ դատում եք, նույնով դատվելու եք, և ինչ չափով որ չափում եք, նույնով էլ ձեզ է չափվելու»։
Ինչպես տեսանք Լեռան քարոզի ընթացքում, Հիսուսը մեզ մղում է անձնական պատասխանատվության։ Այլ կերպ ասած՝ մեր այսօրվա գործողությունները՝ այստեղ և հիմա, այն չափանիշն են, որով սահմանվում է մեր հավատքը։ Դատաստանն արդար է, եթե Դուք պատրաստ եք դատվել նույն չափանիշով։ Այս կերպ ներկայացնելով՝ Հիսուսը մեզ հնարավորություն է տալիս գնահատելու մեր կյանքը, մեր աշխատանքը և մեր գործերը։
Ինքնագնահատման գործընթացում Դուք հրավիրված եք անկեղծորեն նայելու Ձեր դրդապատճառներին և մտադրություններին։ Եթե դա անեք անկեղծորեն, կհասկանաք, որ մարդկային էության մի մասն եք կազմում, այսինքն՝ ունեք թերություններ, կատարյալ չեք և, հետևաբար, մեղանչում եք։
«Մեղք» բառը թե՛ եբրայերենում, թե՛ հունարենում նետաձգության տերմին է, որը նշանակում է «թիրախից վրիպել»։ Դուք նշան եք բռնում դեպի կենտրոնը՝ թիրախը, որը կատարելությունն է։ Ամեն անգամ, երբ վրիպում եք թիրախից, Դուք մեղանչում եք։ Մեղքն ինքնին մարդկային էության պարզապես մի մասն է։ Միայն Հիսուսն է անմեղ, և հետևաբար, միայն Նա ունի ուրիշներին դատելու իրավունքը, քանի որ եթե Նա դատվի այն նույն չափանիշով, որով դատում է, ապա Նա կատարյալ է։
Եվ ուստի Հիսուսը շարունակում է. «Ինչո՞ւ ես նայում եղբորդ աչքի շյուղին, իսկ քո աչքի գերանը չես նկատում։ Կամ ինչպե՞ս կարող ես ասել եղբորդ. Թո՛ւյլ տուր, որ հանեմ աչքիդ շյուղը, մինչդեռ ահա քո աչքի մեջ գերան կա։ Կեղծավոր, նախ հանի՛ր գերանը քո աչքից, և այն ժամանակ պարզ կտեսնես, որպեսզի հանես եղբորդ աչքի շյուղը»։
Ուրիշներին չդատելը Հիսուսի ուսմունքի հիմնաքարերից է։ Նա այս չափազանցված օրինակը բերում է՝ միտքը հստակեցնելու համար։ Երբ Ձեր աչքում գերան կա, անհնար է տեսնել ուրիշի աչքի շյուղը։ Այս օրինակով Նա մարտահրավեր է նետում մեզ՝ փնտրելու, գտնելու և հանելու գերանները՝ թերությունները, մեր իսկ կյանքից, նախքան ուրիշի կյանքին նայելը կամ այն մեկնաբանելը։
Այսօր մենք աղոթում ենք Սուրբ Ներսես Շնորհալու «Հավատով խոստովանիմ» աղոթքի 22-րդ ժամից. «Արդար Դատավոր, երբ գաս Հոր փառքով՝ դատելու կենդանիներին և մեռյալներին, մի՛ մտիր դատաստանի մեջ Քո ծառայի հետ, այլ փրկի՛ր ինձ հավիտենական կրակից և արժանացրո՛ւ լսելու արդարների երանավետ կոչը դեպի Քո երկնային Արքայությունը։ Ամեն»։

2024 Հայր Վազգեն

2014 Գրեգորի Բեյլերյան
2024 Հայր Վազգեն
2014 Հայր Վազգեն
2025 Հայր Վազգեն


2024 Հայր Վազգեն
Թողնել պատասխան
Ցանկանո՞ւմ եք միանալ քննարկմանը։Ազատորեն կիսվեք Ձեր մտքերով։