Հավատից անդին. Ապրիլի 24
Արմոդոքսին այսօր. Բանականությունից վեր, Ապրիլի 24, կամ դիտարկման մեկ այլ եղանակ
Ծանոթացեք Տեր Խորեն Համբարձումյանի հետ։ Նա մի հոգևորական էր, որը ծառայում էր Արևմտյան Հայաստանի Սեբաստիա քաղաքի հայոց եկեղեցում։ Հայոց ցեղասպանության ժամանակ թուրքերը ծաղրում և նվաստացնում էին նրան իր քրիստոնեական հավատքի համար։ Նրան քարշ տվեցին եկեղեցու բակ, որտեղ նրա գրկին շուն դրեցին և հրամայեցին «մկրտել» այն՝ ի ցույց դնելով իրենց արհամարհանքը Քրիստոսի և Տեր Խորենի քարոզած քրիստոնեական հավատքի հանդեպ։ Երբ բարեպաշտ հոգևորականը հրաժարվեց կատարել այդ հրամանը, նրանք հրապարակային մահապատժի ենթարկեցին նրան՝ մորթազերծ անելով՝ այսինքն՝ մաշկը քերթելով ոսկորներից։
Տեր Խորենը Հայոց ցեղասպանության մեկուկես միլիոն նահատակներից մեկն է, որոնց Հայոց եկեղեցին դասել է սրբերի շարքին։ Ապրիլի 24-ին մենք հիշում ենք սրբերին և մեր աղոթքներում հայցում նրանց բարեխոսությունը։ Սուրբ Խորենը ավելի քան 1200 սրբերից մեկն է, որոնց նահատակությունը Թեոդիկ անունով մի գրչի կողմից արձանագրվել է 1922 թվականին հրատարակված «Գողգոթա հայ հոգևորականության» գրքում։ Այս բարբարոսական պատմությունները պարզապես սպանություններ չեն, դրանք ատելության և անհանդուրժողականության բարձրագույն դրսևորումներ են, որոնք մարմնավորվում են Ցեղասպանություն կոչվող երևույթի մեջ։
2006 թվականին ես այցելեցի Ռուանդայում այրիների և որբերի համար ստեղծված մի ճամբար։ Հանդիպեցի 200 այրիների, որոնք մեկ տասնամյակ առաջ վերապրել էին Ռուանդայի ցեղասպանությունը։ Երբ հարցրեցի, թե ինչպես են նրանք ողջ մնացել, ինձ ասացին, որ իրենց թույլ են տվել ապրել, քանի որ վարակված են եղել ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ով, և որպես այդպիսին՝ նրանք կենսական նշանակություն են ունեցել ոչնչացման գործում՝ վարակելով ուրիշներին։ Ես հասկացա, և վստահ եմ՝ հիմա դուք էլ եք հասկանում, թե ինչու են ցեղասպանությունը անվանում մարդկության դեմ ուղղված հանցագործություն։ Սա պարզապես ատելություն չէ, սա երևակայությունից վեր ուժգնացած չարիք է։
Այսօր Արցախում, որը հայտնի է նաև Լեռնային Ղարաբաղ անունով՝ Հայաստանի մի փոքր հատվածում, որը բռնի ուժով գրավվել է Ադրբեջանի կողմից, եկեղեցիներն ու տաճարները՝ սրբազան վայրերը, որտեղ Քրիստոսի թանկագին մարմինն ու արյունը բաշխվում են փրկության համար, ավերվում, պայթեցվում և քանդվում են։
Այս օրինակները՝ լինի Տեր Խորենը, ռուանդացի այրիները, թե Արցախի եկեղեցիները, ես կիսեցի Ձեզ հետ՝ ընդգծելու ատելության և անհանդուրժողականության ծայրահեղ աստիճանը։ Այս օրինակները անհավատալի են։ Դրանք մաքուր չարիքի դրսևորումներ են՝ ատելության, անհանդուրժողականության, արհամարհանքի և թշնամանքի ծայրահեղ օրինակներ, որոնք ուժգնացել և բազմապատկվել են մարդկային բանականության սահմաններից դուրս։
Այս հանցագործությունների պատասխանը նույնպես պետք է լինի մարդկային բանականությունից վեր։ Այդ պատասխանը պետք է հակասի մարդկային տրամաբանությանը։ Հենց սա է «Արմոդոքսի»-ի էությունը, և հենց սա ենք մենք ուսուցանում։ Հետևեք Հիսուս Քրիստոսի ուսուցանած Սիրո և Ներողամտության ծայրահեղ օրինակին։
«Լսել եք, որ ասվել է՝ սիրի՛ր ընկերոջդ և ատի՛ր թշնամուդ։ Իսկ Ես ասում եմ ձեզ՝ սիրե՛ք ձեր թշնամիներին և աղոթե՛ք ձեզ հալածողների համար, որպեսզի լինեք որդիները ձեր Հոր, որ երկնքում է, որովհետև Նա իր արեգակը ծագեցնում է չարերի ու բարիների վրա և անձրև է տեղում արդարների ու անիրավների վրա»։
Ճիշտ է։ Սա տրամաբանությունից վեր է, բայց քաղաքակրթության համար սա մեր միակ հույսն է։ Ոչ թե զենքերը, քաղաքական գործիչները կամ բանակցողները, այլ այն գիտակցումը, որ մենք բոլորս Մեկ Աստծո զավակներն ենք, և որ Աստված սահմանվում է Սիրով։
Մեր Տեր Հիսուս Քրիստոսից,
3 «Երանի՜ հոգով աղքատներին, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը։
4 «Երանի՜ սգավորներին, որովհետև նրանք մխիթարվելու են։
5 «Երանի՜ հեզերին, որովհետև նրանք երկիրը ժառանգելու են։
6 «Երանի՜ նրանց, որ քաղցն ու ծարավն ունեն արդարության, որովհետև նրանք հագենալու են։
7 «Երանի՜ ողորմածներին, որովհետև նրանք ողորմություն են գտնելու։
8 «Երանի՜ սրտով մաքուրներին, որովհետև նրանք Աստծուն են տեսնելու։
9 «Երանի՜ խաղաղարարներին, որովհետև նրանք Աստծո որդիներ են կոչվելու։
10 «Երանի՜ նրանց, որ հալածվում են արդարության համար, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը։
11 «Երանի՜ ձեզ, երբ ձեզ նախատեն, հալածեն և իմ պատճառով ձեր դեմ ամեն տեսակ չար խոսք ասեն ստելով։ 12 Ցնծացե՛ք և ուրախացե՛ք, որովհետև երկնքում ձեր վարձը շատ է. չէ՞ որ այսպես հալածեցին ձեզնից առաջ ապրած մարգարեներին»։ (Մատթեոս 5)


