Բուժում Մյուիրոնով
Արմոդոքսի՝ այսօր. Բուժիչ սրբալույս մյուռոն
Երբ ժամանեցի Կալիֆոռնիայի Ռանչո Միրաժ քաղաքի Սուրբ Կարապետ հայկական եկեղեցի, հովիվ սարկավագ Գևորգը, ողջունելով ինձ, ներկայացրեց Ջինա Անզորին։ Այդ կիրակի առավոտյան ես Սուրբ Կարապետում էի՝ Սուրբ Պատարագ մատուցելու։ Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնն էր։ Սարկավագ Գևորգը նաև խնդրեց, որ Ջինայի համար կատարեմ Դրոշմի խորհուրդը՝ օծումը սրբալույս մյուռոնով։ Չէի էլ պատկերացնում, որ ականատես եմ լինելու կրկնակի հրաշքի։
Ջինան եկեղեցի էր եկել Հռոմեական կաթոլիկ եկեղեցու հոգևորական, հանգստի կոչված հայր Ռոնալդի ուղղորդմամբ։ Նա հայ եկեղեցու հետ կապ չուներ ո՛չ ազգությամբ, ո՛չ էլ ամուսնությամբ, սակայն ակնհայտ էր, որ Սուրբ Հոգին է նրան առաջնորդել դեպի այս եկեղեցի։ Նա եկել էր այդ օրը՝ որպես Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու լիիրավ օծյալ անդամ ընդունվելու համար։ Այս պահին նախապատրաստվելիս սարկավագ Գևորգը Ջինային ծանոթացրել էր հայ եկեղեցու էությանն ու ուսմունքին և ստանձնել նրա կնքահոր դերը։
Մինչ մենք պատրաստվում էինք խորհրդակատարությանը, ես Ջինային ներկայացրեցի համայնքին և շնորհավորեցի նրանց այս նշանակալի առիթի կապակցությամբ։ Այդ օրը տեղի ունեցած առաջին հրաշքն այն էր, որ մենք խորհեցինք մեր պատմության մասին. ընդամենը հարյուր տարի առաջ հայերը կանգնած էին ոչնչացման եզրին։ Նրանք բարձրացել էին խաչ՝ խաչվելու համար։ Բայց այսօր ոչ միայն ազգն է հարություն առել, այլև եկեղեցին հայ ազգից դուրս գտնվող մարդկանց է դարձի բերում։ Ես բացատրեցի, որ սա հավատքի փոփոխություն չէ։ Ջինան մկրտվել էր Հռոմեական կաթոլիկ եկեղեցում։ Մեր օծումը սրբալույս մյուռոնով նրան անհրաժեշտ հիմքերն ու ուժն է տալիս՝ իր հավատքի և ուղղափառ ավանդույթի մեջ աճելու ու հասունանալու համար։
Սրբալույս մյուռոնը սրվակից կաթեցնելով՝ մենք երգեցինք Սուրբ Հոգուն ուղղված շարական։ Ես ձեռնամուխ եղա նրա բոլոր զգայարանների օծմանը, ինչպես բացատրել էի այս շարքում մի քանի օր առաջ։ Արարողության ավարտին համայնքը նրան դիմավորեց ծափահարություններով և բարեմաղթանքներով։
Մի քանի օր անց Ջինան նամակ գրեց սարկավագ Գևորգին, և հենց այստեղ էլ մենք բացահայտում ենք երկրորդ հրաշքը։
Ինը տարի առաջ ես կորցրեցի ձախ աչքիս տեսողությունը և ձախ ձեռքիս զգայունությունը։ Դրանք ինսուլինակախյալ շաքարային դիաբետի երկարամյա հետևանքներն էին։ Ակնաբույժները ինձ ասել էին, որ ոչինչ չի բարելավի տեսողությունս։ Վերջին 2 տարում 3 վիրահատություն եմ տարել, որոնք քիչ օգնեցին։ Օծումից ի վեր ձախ աչքիս տեսողությունը շատ ավելի լավ է։ Ես այս տողերը տպում եմ և կարողանում եմ կարդալ բառերը։ Ձախ ձեռքս ազատված է ցավից։ Շնորհակալություն այս ճանապարհին ինձ աջակցելու համար։ 74 տարեկանում ինձ նոր մարդ եմ զգում։ Առողջ եմ, երջանիկ և ունեմ եկեղեցական օջախ։ Կհանդիպենք կիրակի։ – Ջինա
Սուրբ Հոգին մեզ հպվում է ամեն օր և տարբեր կերպերով։ Խորհուրդները այն միջոցներն են, որոնցով Սուրբ Հոգին հասնում է մեզ, իսկ սրբալույս մյուռոնով օծումը Հոգու հպման շոշափելի արտահայտությունն է։
Մենք Մաշտոցից աղոթում ենք Դրոշմի խորհրդին հաջորդող աղոթքը. Օրհնյալ ես, ով նախախնամ Աստված, որ Քո զավակին զգեստավորեցիր փրկության պատմուճանով և ուրախության զգեստով, և նրա գլխին դրեցիր փրկության սաղավարտ ու շնորհի պսակ՝ որպես անքակտելի զրահ ընդդեմ չարի։ Ամեն։






2024 Epostle.net
2024 Հայր Վազգեն Մովսեսյան



Թողնել պատասխան
Ցանկանո՞ւմ եք միանալ քննարկմանը։Ազատորեն կիսվեք Ձեր մտքերով։