Փախուստ չկա, մի՛ անտեսեք հատակին ընկած ծաղիկները
Արմոդոքսին այսօր. Փախուստ չկա, գործե՛ք
Անցյալ կիրակի եկեղեցում կանգնած էի հյուրընկալված մի հոգևորականի կողքին։ Նախքան առավոտյան պատարագը զրուցելու առիթ չունեցանք, բայց երբ պատարագիչ քահանան գնաց ավանդատուն՝ Սուրբ Պատարագին պատրաստվելու, մենք մի քանի պահ ունեցանք բարեմաղթանքներ փոխանակելու։ Հարցրեցի, թե որտեղից է եկել։ Նա արագ պատասխանեց՝ Ուկրաինայից։ Անսպասելի պատասխանից զարմացած՝ նայեցի նրան, և նա արագ հստակեցրեց վայրը. «Օդեսա՛», ասաց նա։ Նա այնտեղ ծառայում է հայ համայնքի փոքրաթիվ անդամներին։ Հարցրեցի՝ արդյո՞ք մոտ է ռազմական գործողություններին, ինչին նա կտրուկ արձագանքեց. «Ամեն օր մեր շուրջը ռումբեր են պայթում։ Մենք տեսնում ենք, թե ինչպես են դրանք ընկնում քաղաքի կենտրոնում»։
Պատերազմը հենց իմ կողքին էր՝ այս սուրբ տաճարում։ Փախուստ չկա։ Սուրբ Պատարագը սկսվեց, բայց ես չէի կարողանում Ուկրաինան դուրս հանել մտքիցս։ Նախորդ օրը նոր էի ձայնագրել իմ «Հաջորդ քայլը» փոդքաստը (#802)՝ կոչ անելով ակտիվության ընդդեմ պատերազմների։ Ուկրաինան, Գազան, Կոնգոն, Հնդկաստանը, Պակիստանը այն տարածքներն են, որոնց մասին հիշատակվում է լրատվականներում։ Բայց ես եկեղեցում էի՝ մի քահանայի հետ, ով ամեն օր ռումբերի և կրակոցների հարևանությամբ է ապրում։ Նոր իրականությունից փախուստ չկա։ Պատերազմը մեր շուրջն է և ներխուժում է մեր բոլոր տարածքներ։ Մենք կարող ենք ընտրել՝ անտեսե՞լ այն, թե՞ ակտիվ դերակատարում ունենալ խաղաղության ջատագովման գործում։
Ամեն կիրակի՝ Հայ Առաքելական եկեղեցու Սուրբ Պատարագի ընթացքում, պատարագիչ քահանան իջնում է խորանից և շրջում եկեղեցու ներսում։ Հավատացյալների կողքով անցնելիս նա մի ձեռքում պահում է խաչը, իսկ մյուսով՝ խունկ ծխում։
Հավատացյալների շրջանում նրա ներկայությունը տարբեր արձագանքներ է առաջացնում։ Ոմանք խոնարհում են գլուխը՝ օրհնություն ստանալու համար, իսկ ոմանք էլ ակնածանքով համբուրում են քահանայի ձեռքին եղած խաչը։ Մյուսները ժպտում և ողջունում են նրան, իսկ ոմանք էլ չափազանց զբաղված են եկեղեցական թերթիկը կամ գուցե Սուրբ Գիրքը կարդալով։ Կան նաև այնպիսիք, որոնք պարզապես հետևում են նրա անցնելուն՝ չցանկանալով որևէ կերպ շփվել։ Եվ, իհարկե, նրանց համար, ովքեր այդ պահին այնտեղ չեն, շփվելու հնարավորությունը կորչում է, քանի որ քահանան անցնում է եկեղեցու միջով և բարձրանում խորան՝ Սուրբ Պատարագը շարունակելու համար։
Սուրբ Պատարագի այս մասը հին է, ինչպես հենց Քրիստոնեությունը։ Այն խորհրդանշում է Քրիստոսի էջքը երկնքի հանգստից՝ մեր մեջ ապրելու, քայլելու և լինելու համար, որից հետո Նա համբարձվեց երկինք։ Հիսուսի երկրային կյանքի ընթացքում շատ պատճառներ կային և բազմաթիվ տարբեր շփումներ Նրա հետ, ճիշտ այնպես, ինչպես կիրակի առավոտյան պատարագի մասնակիցների շփումը քահանայի հետ։ Մարդիկ կային, որոնք Նրան փնտրում էին հրաշքների և բժշկության համար, իսկ ուրիշներն էլ շփվում էին Նրա հետ օրհնություն ստանալու կամ պարզապես Նրա զգեստին դիպչելու համար։ Եվ, իհարկե, շատերի համար ամբողջանալու հնարավորությունը կար, բայց նրանք թույլ տվեցին, որ Նա անցնի։ Նրանք զբաղված էին աղոթքով, ընթերցանությամբ, ռացիոնալիզմով կամ փիլիսոփայությամբ, և Նա անցավ՝ առանց նրանց հետ շփվելու։
Կյանքում լինում են եզակի պահեր, որոնք պահանջում են մեր անհապաղ արձագանքը, հակառակ դեպքում՝ դրանք անցնում են։ Երբեմն իրադարձությունները պահանջում են, որ մենք գործենք։
Այսօր պատերազմներ են ընթանում։ Համաշխարհային հարթակում ցեղասպանություն է տեղի ունենում։ Էթնիկ զտումները դարձել են սցենար։ Լռելը և/կամ սարսափն անտեսելը կորցրած հնարավորություն է։
Մենք աղոթում ենք. Երկնային Հայր, ես տեսնում եմ ցավն ու տառապանքը այս աշխարհում։ Ես անցել եմ այդ ճանապարհով անցյալում։ Ես ասել եմ՝ «Այլևս երբեք»։ Այսօր ինձ քաջություն տուր՝ բարձրաձայնելու չարիքի դեմ ամենուր, որպեսզի ես ունենամ բարոյական իրավունք՝ խոսելու այն ժամանակ, երբ չարիքը կանգնի իմ դեմ։ Ամեն։
What more? Try The Next Step with Fr. Vazken, Episode #802: Unapologetic Apologies



2024 Տեր Վազգեն
2025 Առաքյալ
2025 Տեր Վազգեն


2025 Առաքյալ
Թողնել պատասխան
Ցանկանո՞ւմ եք միանալ քննարկմանը։Ազատորեն կիսվեք Ձեր մտքերով։