Աստվածահայտնության տոնից հետո. Մարիամի «Այո»-ն
Արմոդոքսին այսօր. Մարիամի «Այո»-ն
Մարիամը՝ Հիսուսի մայրը, Եկեղեցու բոլոր սրբերի մեջ առաջինն է։ Հայ Եկեղեցում նրան անվանում են Աստվածածին կամ Աստվածամայր։ Այս տիտղոսները ոչ թե Մարիամի, այլ մեր հավատքի մեջ Հիսուս Քրիստոսի գերակայության մասին են վկայում, սակայն դրանք մատնանշում են այն խոնարհումը, որով պետք է մոտենանք Սուրբ Մորը։
Քրիստոնեական պատմության մեջ եզակի՝ Մարիամն Աստծո կողմից ընտրվել է Քրիստոս Մանուկին կրելու համար։ Սուրբ Գրքում մենք Մարիամին հանդիպում ենք Ավետման, Ծննդյան, Հիսուսի պատանեկության և, վերջապես, Խաչելության ժամանակ՝ Խաչի ստորոտին, երբ նա դիտում է, թե ինչպես են իր զավակին ծեծում, տանջում և սպանում հենց այն մարդիկ, որոնց փրկելու համար Նա եկել էր։ Ըստ Սուրբ Գրքի՝ Մարիամը Հիսուսի կյանքի միակ վկան է «օրորոցից մինչև գերեզման»։ Թեև հնարավոր է, որ Հովսեփն էլ նույնքան ապրած լինի, սակայն նրա կյանքի մասին 12 տարեկան Հիսուսի պատմությունից հետո մանրամասներ չկան (Ղուկաս 2:41-49)։
Թեև դարերի ընթացքում շատ բան է ասվել և գրվել Մարիամ Աստվածածնի մասին, նրա պատմությունը պարզ է և տեղի է ունենում Մատթեոսի և Ղուկասի Ավետարանների առաջին երկու գլուխներում։ Ավելին, Մարիամի պատմության պարզությունը կարելի է ամփոփել մեկ բառով՝ «Այո»։ Մարիամը՝ Աստծո Սուրբ Մայրը, հարգված և առանձնացված է բոլոր սրբերից՝ Աստծո հրավերին իր ասած պարզ ու քաջարի «Այո»-ի շնորհիվ։
Այդ «Այո»-ի պատմությունը չի կարող ավելի պերճախոս արտահայտվել, քան Սուրբ Ղուկասի Ավետարանում (գլուխ 1) է։
Վեցերորդ ամսին Աստված Գաբրիել հրեշտակին ուղարկեց Գալիլեայի Նազարեթ քաղաքը՝ մի կույսի մոտ, որ նշանված էր Դավթի տանից Հովսեփ անունով մի մարդու հետ։ Կույսի անունը Մարիամ էր։ Ներս մտնելով՝ հրեշտակը նրան ասաց. «Ուրախացի՛ր, ո՛վ շնորհընկալ, Տերը քեզ հետ է. օրհնյա՛լ ես դու կանանց մեջ»։
Երբ նա տեսավ հրեշտակին, խռովվեց նրա խոսքից և մտածում էր, թե ինչպիսի ողջույն է սա։ Հրեշտակը նրան ասաց. «Մի՛ վախեցիր, Մարիա՛մ, որովհետև Աստծուց շնորհ գտար։ Ահա դու կհղիանաս և կծնես մի Որդի և Նրա անունը Հիսուս կդնես։ Նա մեծ կլինի և Բարձրյալի Որդի կկոչվի, և Տեր Աստված Նրան կտա Իր հոր՝ Դավթի գահը։ Նա հավիտյան կթագավորի Հակոբի տան վրա, և Նրա թագավորությունը վախճան չի ունենա»։
Մարիամն ասաց հրեշտակին. «Ինչպե՞ս կլինի դա, քանի որ ես տղամարդ չեմ ճանաչում»։
Հրեշտակը պատասխանեց և ասաց նրան. «Սուրբ Հոգին կգա քեզ վրա, և Բարձրյալի զորությունը հովանի կլինի քեզ...»։ Այն ժամանակ Մարիամն ասաց. «Ահա Տիրոջ աղախինը. թող ինձ լինի քո խոսքի համաձայն»։ Եվ հրեշտակը հեռացավ նրանից։
Մարիամի «Այո»-ն հրեշտակին պարզ է, բայց հզոր։ Թվում է, թե այն հեշտությամբ է դուրս եկել նրա շուրթերից, սակայն այն արտաբերելու համար պահանջվել է ողջ կյանքի քաջություն։ Հիշե՛ք, որ մենք խոսում ենք 2000 տարի առաջվա Մերձավոր Արևելքի մասին։ Այս պատմությունը 21-րդ դարի ԱՄՆ-ում չէ։ Ամուսնությունից դուրս հղիության համար սահմանված պատիժը մահն էր, չհաշված այն նվաստացումը, անարգանքը և խարանը, որ այն բերում էր ընտանիքի վրա։ Ինչպես իրական, այնպես էլ հոգեբանական ճնշումը «Ոչ» ասելու համար մեծ էր, ուստի այդ «Այո»-ի արժեքն անչափելի էր։ Եվ այսպես, նրա «Այո»-ն փոխեց մարդկության պատմության ընթացքը, քանզի նրանից ծնվեց մի մանուկ, որ Աստծո Որդին է։
Այժմ հրավիրե՛ք Մարիամի գործողությունը ձեր 21-րդ դար։ Ամեն օր և ամեն պահ մեզանից պահանջվում է Քրիստոսին բերել այս աշխարհ։ Քրիստոս սիրո մարմնացումն է։ Սիրելով, հոգ տանելով, ուրիշների կարիքների հանդեպ կարեկից լինելով՝ մենք Քրիստոսին բերում ենք այս աշխարհ, մենք «Այո» ենք ասում Աստծուն։ Դա այդքան պարզ է, և դա անելու դժվարության աստիճանը կախված է մեզանից։ Արմոդոքսին վկայությունն է այն ժողովրդի, որն ընտրել է Քրիստոսին կրել աշխարհին։ Հեշտ չի եղել, բայց վարձատրությունը մեծ է եղել։ Յուրաքանչյուր հայկական եկեղեցու խորան կրում է Սուրբ Մարիամի պատկերը, որը Հիսուս Քրիստոսին՝ Սերը, ներկայացնում և ընծայում է աշխարհին։ Յուրաքանչյուր խորան հիշեցում է, որ այս «Այո»-ն փոխում է մարդկության պատմությունը։
Մենք աղոթում ենք. «Տե՛ր Հիսուս Քրիստոս, Քո սուրբ մայրը «այո» ասաց Քեզ կրելու և աշխարհին ներկայացնելու հրավերին։ Դու եկար խավար աշխարհ և լույս բերեցիր, եկար ատելությամբ լի աշխարհ և սեր քարոզեցիր։ Ես այսօր «Այո» եմ ասում՝ լույս և սեր բերելու տառապող աշխարհին։ Փայլի՛ր իմ կյանքում, միշտ առաջնորդի՛ր ինձ Քո սիրո ուղիներով։ Ամեն»։
12a23





2009 Հայր Վազգեն Մովսեսյան





Թողնել պատասխան
Ցանկանո՞ւմ եք միանալ քննարկմանը։Ազատորեն կիսվեք Ձեր մտքերով։