Արմոդոքսի այսօրվա համար. Հոր կերպարի կիրառումը – Մեծ պահքի 17-րդ օր
Մենք շարունակում ենք սովորել Անառակ որդու առակից (Ղուկաս 15) և այսօր շարունակում ենք անդրադառնալ հոր կերպարին։ Երեկ մենք խոսեցինք նրա մասին՝ որպես մեր Երկնային Հոր սիրո արտահայտություն։ Այսօր մենք հասկանում ենք Մեծ պահքի այս շրջանի կարևորությունը, երբ հոր սերը կիրառում ենք մեր կյանքում։
Անառակ որդու հոր արարքները մեզ սովորեցնում են, թե ինչ է պահանջվում մեզանից մեր հարաբերություններում՝ ոչ միայն երեխաների, այլև միմյանց հետ։ Կան մարդիկ, ովքեր ցավեցրել են մեզ։ Ցավի չափը էական չէ։ Հնարավոր է՝ մենք արտասվել ենք անզգույշ արտասանված խոսքի պատճառով, կամ էլ կործանվել ենք դավաճանությունից։ Այդ ցավը անդունդ է ստեղծել մեր և այլոց հարաբերություններում։ Մենք բոլորս էլ մեր գործողություններով կամ անգործությամբ բաժանարար գծեր ենք քաշել մեր և Աստծո միջև, սակայն Աստված մեզ վերադարձի ճանապարհ է տվել։ Մենք նույնպես պետք է նույնն անենք և դռները բաց թողնենք նրանց համար, ովքեր կարող են վերադառնալ մեզ մոտ։ Այլ կերպ ասած՝ ժամանակն է վերջ տալու վիրավորանքներին։ Մի՛ տարվեք հիմար հպարտությամբ։ Դռները բաց պահեք՝ առանց ակնկալելու, որ ինչ-որ մեկը անպայման կմտնի։ Մի՛ սպասեք, որ ձեզ ցավեցնողները վերադառնան, պարզապես իմացեք, որ խորքում կան բազմաթիվ ցանկություններ, որոնք գուցե անհասկանալի են։ Եթե դուռը բաց է, նրանք կարող են վերադառնալ, և երբ վերադառնան, Դուք պետք է գրկաբաց ընդունեք նրանց։
Սիրտը խոսում է Ձեզ հետ։ Մի՛ մտածեք մտքով։ Պատրաստ եղեք ընդունելու։ Պատրաստ եղեք գրկելու, փաթաթվելու, նրանց խեղդելու այն սիրով, որը Ձեր սրտում է։ Սա այն օրինակն է, որը Հիսուսը տալիս է մեզ առակի հոր կերպարի միջոցով։ Մի կողմից՝ այն ցույց է տալիս, թե ինչ է անում մեր Երկնային Հայրը, և օրինակ է ծառայում մեզ՝ նույնը անելու մեր կյանքում հանդիպող մարդկանց հանդեպ։ Մյուս կողմից՝ մենք աղոթել ենք. «Թող մեզ մեր պարտքերը, ինչպես և մենք ենք թողնում մեր պարտապաններին»։ Աստված ներում է մեզ։ Հետևաբար, մենք նույնպես պետք է ներողամիտ լինենք ուրիշների հանդեպ։
Այսօր Ձեր ողորմության գործը պետք է լինի Ձեր իսկ փակած դռները բացելը։ Պահք պահեք այն կողպեքներից, որոնք փակ են պահում դռները և խոչընդոտում հարաբերությունների շարունակականությանը։
Աղոթենք Սուրբ Գրիգոր Նարեկացու խոսքերով (12). [Տե՛ր] Գրի՛ր անունդ իմ օթևանի լուսամուտին։ Ծածկի՛ր իմ տաճարի տանիքը Քո ձեռքով։ Նշի՛ր իմ խցի շեմը Քո արյամբ։ Դրոշմի՛ր իմ դռան դրսի կողմը Քո նշանով։ Պաշտպանի՛ր այն գորգը, որի վրա հանգստանում եմ, Քո աջ ձեռքով։ Ամեն։ (Թարգմանությունը՝ Թոմաս Ջ. Սամուելյանի)
Շապիկի լուսանկարը՝ Գրեգորի և Լունա Բեյլերյաններ, 2023 թ.
https://epostle.net/wp-content/uploads/2025/03/IMG_5742.jpg13652048Վազգեն Մովսեսյանhttps://epostle.net/wp-content/uploads/2022/07/final_logo_large_for_epostle_web-300x189.pngՎազգեն Մովսեսյան2025-03-19 00:01:492025-03-18 21:43:55Հոր կիրառումը. 40 օրից 17-րդ օրը
Armodoxy այսօրվա համար. Համբերատար սպասում – Մեծ պահքի 16-րդ օրը
Շարունակելով Անառակ որդու առակի թեման՝ այսօր անդրադառնում ենք հոր կերպարին, որը համբերատարությամբ սպասում է իր զավակի տունդարձին։
Նախ տեսնում ենք, որ հայրը տալիս է առանց սահմանափակումների կամ պայմանների։ Որդին ասում է. «Տո՛ւր ինձ իմ հասանելիք ժառանգությունը, որպեսզի կարողանամ գնալ, հաստատվել և սկսել իմ կյանքը»։ Հայրը, լինելով իմաստուն մարդ, անշուշտ հասկանում է, որ որդին կարող է կորցնել կամ վատնել գումարը, սակայն չի վիճում նրա հետ։ Նա բաց է թողնում նրան։ Թեև նա գիտի ավելին, միևնույն է, ընդունում է, որ զավակի կյանքը նրանն է, և նա պետք է ապրի այն։ Այո՛, սխալներ գործելը կարող է ցավալի լինել, բայց հենց այդ սխալների միջոցով են զավակները սովորում։
Հորը երկրորդ անգամ տեսնում ենք, երբ որդին վերադառնում է։ Հիշե՛ք, որ որդին զղջում է, կամ գոնե հասկանում է, որ կարող է ավելի լավ կյանք ունենալ՝ վերադառնալով հոր տուն։ Անկախ որդու մտադրություններից՝ հայրը, տեսնելով նրան տունդարձի ճանապարհին, վազում է ընդառաջ և նույնիսկ թույլ չի տալիս, որ որդին ներողություն խնդրի։ Նա հպարտության խաղ չի խաղում։ Նա հիմարաբար չի ասում. «Սպասեմ տեսնեմ՝ ինչ ունի ասելու»։ Նա այնտեղ է՝ իր որդուն ընդունելու համար։ Նա չի ասում. «Ես քեզ ասել էի։ Գիտեի, որ վերադառնալու ես»։ Փոխարենը՝ նա ճանաչում է իր սիրելիին՝ այն որդուն, որի մասին հոգ էր տարել, որին լույս աշխարհ էր բերել և մեծացրել, վերադարձել էր։ Որքա՜ն ոգևորված պետք է լինի նա։ Իհարկե, նա վազում է որդու մոտ և գրկում նրան։
Առակի հայրը մեր Երկնավոր Հոր արտահայտությունն է։ Հիսուսը մեզ ցույց է տալիս Աստծո անպայմանական սիրո մի պատկեր։ Երկնքում Աստված սպասում է, որ մենք տուն վերադառնանք, և երբ մենք իսկապես հետ ենք դառնում, Նա չի սպասում, որ մենք աղաչենք՝ Իր Արքայություն վերադառնալու համար։ Նա համբերատար սպասում է, որ մենք կատարենք այդ առաջին քայլը դեպի Իրեն։ Հենց այդ ժամանակ է, որ Նա մոտենում է մեզ և լիովին գրկում։ Նա ընդունում է մեզ՝ պարգևելով Կյանք։ Աստված ընդունում է մեզ որպես Իր Արքայության ճշմարիտ զավակների։ Մեզ ընդունելը Նրա կողմից հաստատված փաստ է։ Պահանջն այն է, որ մենք ասենք. «Այո՛, ես մեղանչել եմ։ Ես սխալ ճանապարհով եմ գնացել։ Ես վատնել եմ այն, ինչ Աստված տվել է ինձ։ Ես ուզում եմ խաղաղություն գտնել։ Ես ուզում եմ գտնել այն սերը, որի մեջ Աստված ստեղծել է ինձ»։ Աստված սպասում է, որ մենք ասենք. «Ես պատրաստ եմ», որից հետո ամեն ինչ իր տեղն է ընկնում։
Ձեր այսօրվա բարեգործությունը Անառակ որդու հոր ոգով է՝ ընդունե՛ք նրանց, ովքեր մոլորվել են։ Արդյո՞ք նրանք փնտրում են վերադառնալու ուղին, և որքանո՞վ եք Դուք պատրաստ ներելու։ Այսօր պահե՛ք պահք այն ամենից, ինչը խանգարում է Ձեզ բացել Ձեր սրտի դուռը։
Այսօրվա բաղադրատոմսը բալով և ընկույզով քաղցրավենիքն է, բաղադրատոմսի հղումը ստորև է։
Մենք աղոթում ենք Սուրբ Գրիգոր Նարեկացու խոսքերով. «Տե՛ր, պատրաստի՛ր մեզ համար պատվավոր օթևաններ՝ Քո երկնային Գառանը հաղորդակից լինելու համար, որպեսզի ճաշակենք նոր փրկության կենարար մանանան և խուսափենք դատապարտության պատիժներից։ Թող մեր հայհոյանքը մաքրվի մաքրագործող կրակով, ինչպես մարգարեն պատմեց զոհասեղանին դրված ունելուի կենդանի ածխի մասին, որպեսզի Քո ողորմությունը հռչակվի ամեն ինչում՝ որպես Հոր գթասրտություն, որը գրկեց անառակ որդուն հայրական ժառանգությամբ և մարմնավաճառին առաջնորդեց դեպի երկնային արքայության երանություն, ինչպես հռչակվեց Աստծո Որդու կողմից։ Ամեն»։ (Թարգմանեց՝ Թոմաս Ջ. Սամուելյանը)
https://epostle.net/wp-content/uploads/2025/03/Son-Returning-Home-652.jpg11251125Վազգեն Մովսեսյանhttps://epostle.net/wp-content/uploads/2022/07/final_logo_large_for_epostle_web-300x189.pngՎազգեն Մովսեսյան2025-03-18 00:01:072025-03-18 21:37:31Համբերատար սպասում. 40 օրից 16-րդ օրը
Արմոդոքսի այսօրվա համար. Փորձեք հեռախոսը – 4-րդ օր
Ձեր հեռախոսը խափանվել է: Դուք փորձում եք գործարկել հավելված, բայց այն չի արձագանքում: Սեղմում եք, բայց ոչինչ չի լինում: Ոչ մի արձագանք: Հիշում եք, որ ավելի վաղ այն չափազանց դանդաղ էր աշխատում: Դուք հուսահատված եք, և Ձեր հուսահատությունը մեծանում է այն փաստից, որ չեք կարողանում դուրս գալ էկրանից: Սահեցնում եք, սեղմում, պատրաստ եք հարվածել սեղանին, ինչպես կանեիք հին մեխանիկական սարքերի դեպքում, եթե դրանք անսարք լինեին, բայց պատրաստ չեք ռիսկի դիմել և կոտրել էկրանը: Արդյո՞ք պետք է զանգահարել տեխնիկական աջակցման ծառայություն: Դե, կզանգահարեիք, եթե հեռախոսը կողպված չլիներ, և Դուք կարողանայիք զանգ կատարել: Բացում եք նոութբուքը՝ Google-ում լուծում գտնելու համար: Հենց այդ պահին երեխան մոտենում է և հարցնում, թե ինչու եք թակում ստեղնաշարը: Դուք նայում եք վեր, չեք կորցնում ինքնատիրապետումը, բայց պատրաստ եք ուսերը թոթվելով անտեսել նրա հարցը, սակայն ի վերջո նշում եք, որ հեռախոսը կողպված է և չի աշխատում: Երեխան ձեռքը մեկնում է, սեղմում երկու կոճակները, և հանկարծ էկրանը մթնում է: Դուք խուճապի եք մատնվում: Արդյո՞ք հեռախոսը կոտրվել է: Նա նայում է Ձեզ և ասում, որ սպասեք 30 վայրկյան և վերագործարկեք հեռախոսը: Դուք սպասում եք, անում եք դա, և մեկ րոպեի ընթացքում հեռախոսն աշխատում է այնպիսի արագությամբ և հեշտությամբ, որը հիշեցնում է այն օրը, երբ ստացել էիք Ձեր նոր հեռախոսը:
Սա կոչվում է վերագործարկում: Որոշ ժամանակ անց Ձեր հեռախոսը ծանրաբեռնվում է հավելվածների, գովազդների և էլեկտրոնային նամակների ավելորդ տվյալներով: Վերագործարկումը մաքրում է այդ ավելորդությունները: Վերագործարկումը նոր սկիզբ է:
Ես այսօր Ձեզ տեխնիկական խորհուրդներ չեմ տալիս, պարզապես զուգահեռ եմ անցկացնում Մեծ պահքի շրջանի հետ: Մեծ պահքի սկզբին Դուք անջատել եք Ձեր «հեռախոսը»: Մեծ պահքի օրերը, որոնցում Դուք հիմա գտնվում եք, 30-վայրկյանանոց սպասման շրջանն են, իսկ Սուրբ Հարության օրը Դուք նորից միացնելու եք կյանքը:
Ձեր այսօրվա բարեգործական քայլը ուղղված է հենց Ձեզ: Անջատեք Ձեր հեռախոսը: Սպասեք մի պահ և նորից միացրեք այն: Այժմ Դուք ունեք վերագործարկված հեռախոս:
Փորձեք սպանախով աղցան՝ մարակույաներով սոուսով և թխկու օշարակով պատված նուշով: Բաղադրատոմսը գտնվում է այս էջի ներքևում:
Մենք աղոթում ենք. «Տե՛ր, շնորհակալ եմ ինձ ներման պարգևի համար: Իմանալով, որ Դուք ներում եք մեղքերը և Ձեր ներումը կատարյալ է, ես վերագործարկում եմ իմ կյանքը և շնորհակալություն հայտնում նորից սկսելու հնարավորության համար: Ամեն»:
https://epostle.net/wp-content/uploads/2025/03/Reset-Phone-640.jpg11251125Վազգեն Մովսեսյանhttps://epostle.net/wp-content/uploads/2022/07/final_logo_large_for_epostle_web-300x189.pngՎազգեն Մովսեսյան2025-03-06 00:01:282025-03-05 22:46:06Փորձեք հեռախոսը. 40 օրից 4-րդ օրը
«Տերունական» աղոթքում Աստծուց խնդրվող խնդրանքները քիչ են։ Մենք հայցում ենք մեր հանապազօրյա հացը, մեր մեղքերի թողությունը, փորձությունից և, ի վերջո, չարից զերծ մնալը։ Սա կարճ ցանկ է՝ հսկայական պահանջներով։ Դրանցից մեղքերի թողությունը առանձնանում է մյուսներից, քանի որ սա միակ խնդրանքն է, որը պայմանական է։ Հիսուսի ուսուցանած աղոթքում օգտագործված բառերն են՝ «Թող մեզ մեր պարտքերը, ինչպես և մենք ենք թողնում մեր պարտապաններին»։
Մեր պարտքերը կամ մեղքերը ներվում են նույն չափանիշով, որով մենք ներում ենք ուրիշների պարտքերը կամ մեղքերը։ Իրականում, սա «Հայր մեր» աղոթքի այնքան կարևոր մասն է, որ Հիսուս այն հաստատում է աղոթքին հաջորդող 6:14-15 համարներում. «Որովհետև եթե մարդկանց ներեք իրենց հանցանքները, ձեր երկնավոր Հայրն էլ կների ձեզ։ Իսկ եթե մարդկանց չներեք իրենց հանցանքները, ձեր Հայրն էլ չի ների ձեր հանցանքները»։
Մեր մեղքերը ներվում են այնքանով, որքանով մենք ներում ենք ուրիշների մեղքերը։ Եթե մարդուն ներեք նրա պարտքի միայն կեսը, վստահ եղեք, որ Աստված էլ կների ձեր պարտքերի կամ մեղքերի միայն կեսը։
Մեղքերի տոկոսները կամ ներման չափաբաժինները հաշվելուց ավելի կարևոր է այն, որ Հիսուս մեզ կոչ է անում պատասխանատվություն ստանձնել աշխարհում ներդաշնակություն հաստատելու համար։
Բարի, իմաստալից և լիարժեք կյանքով ապրելու ամենամեծ խոչընդոտը մեր մեղքն է։ Եկեղեցում մենք առանձնացնում ենք յոթ «մահացու» մեղքեր՝ հպարտություն, բարկություն, նախանձ, ագահություն, պոռնկություն, որկրամոլություն և ծուլություն։ Այսօր մի պահ տրամադրեք՝ բացահայտելու աստվածահաճո և բարի կյանքով ապրելու ձեր խոչընդոտների պատճառները։ Դուք կտեսնեք, որ ձեր դժվարությունների արմատին հենց այս նշված մեղքերից մեկը կամ մի քանիսն են։ Դուք ունեք ձեր մեջ մեղքերի թողություն ստանալու հնարավորությունը։ Պայմանը մեկն է՝ ներել ուրիշներին։ Այլ կերպ ասած՝ Հիսուս մեզ պատվիրում է ապրել բոլորի հետ ներդաշնակության մեջ։
Չկա մեկը, ով չի մեղանչում։ Միայն Հիսուսն է անմեղ։ Որպես այդպիսին՝ միայն Հիսուսն ունի ուրիշներին դատելու իրավունք, սակայն Նա ընտրում է չդատել։ Այժմ մեր հերթն է։ Ներե՛ք։
Աղոթենք. Հայր մեր, որ երկնքում ես, սուրբ թող լինի Քո անունը. թող գա Քո թագավորությունը. թող լինի Քո կամքը ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա. մեր հանապազօրյա հացը տուր մեզ այսօր. և ներիր մեզ մեր պարտքերը, ինչպես և մենք ենք ներում մեր պարտապաններին. և մի՛ տար մեզ փորձության, այլ փրկիր մեզ չարից. քանզի Քոնն է թագավորությունը և զորությունը և փառքը հավիտյանս։ Ամեն։
https://epostle.net/wp-content/uploads/2024/12/cover-572.jpg11251125Վազգեն Մովսեսյանhttps://epostle.net/wp-content/uploads/2022/07/final_logo_large_for_epostle_web-300x189.pngՎազգեն Մովսեսյան2024-12-23 00:01:162024-12-22 21:58:59Ներման պայմանները (կամ դրանց բացակայությունը)
Աղոթքի մասին մեր ամենօրյա պատգամում մենք աղոթքը սահմանեցինք որպես զրույց, որը ենթադրում է թե՛ խոսել, թե՛ լսել։ Լսելու արվեստը միայն ականջների գործառույթով չի սահմանափակվում։ Օրինակ՝ Տերունական աղոթքում մեր հանցանքների կամ մեղքերի թողության խնդրանքը կախված է նրանից, թե որքանով եք Դուք կարողանում ներել նրանց, ովքեր մեղանչել են Ձեր դեմ։
Լսելու գործողությունը, այս դեպքում, պահանջում է, որ Դուք խորհրդածեք ներողամտության Ձեր սկզբունքի շուրջ։ Լսել նշանակում է անդրադառնալ բոլոր նրանց, ովքեր ցավեցրել են Ձեզ, «մեղանչել» Ձեր դեմ, և անկեղծորեն հարցնել ինքներդ Ձեզ՝ արդյոք ներե՞լ եք նրանց։ Քանզի Աստծուց ներում ստանալու պայմանը կախված է ուրիշներին Ձեր ներելուց։ «Թող մեզ մեր պարտքերը, ինչպես մենք ենք թողնում մեր պարտապաններին»։ Արդյոք ներե՞լ եք նրանց պարտքի կեսը։ Այդ դեպքում կարող եք ակնկալել, որ Աստված կների Ձեր պարտքի կեսը։ Այլ կերպ ասած՝ ասելով «Թող մեզ մեր պարտքերը, ինչպես մենք ենք թողնում մեր պարտապաններին», Դուք պատասխանատու եք Ձեր իսկ պարգևի կամ դատապարտման համար։ Ձեր իսկ բերանով Դուք գրում եք խաղաղության տոմսը կամ տանջանքի ուղին։ Իրականում, այս պայմանն այնքան մեծ է, որ Հիսուսը կրկնում է այն «Տերունական աղոթքի» ավարտին։ Մատթեոս 6:14-15-ում Հիսուսը Տերունական աղոթքին ավելացնում է այս տողերը. «Եթե դուք մարդկանց ներեք իրենց հանցանքները, ապա ձեր երկնավոր Հայրը նույնպես կների ձեզ։ Իսկ եթե մարդկանց չներեք, ապա ձեր Հայրն էլ չի ներելու ձեր հանցանքները»։
Լսելը ինքնախորհրդածության գործընթաց է։ Աստված Ձեզ հետ խոսում է բազմաթիվ մակարդակներով. պատկերացրեք դրանք որպես տարբեր հաճախականություններ և թողունակություններ։ Մի՛ ակնկալեք լսել Աստծո որոտընդոստ ձայնը, եթե նախ չեք լսել Նրա մեղմ շշուկը Ձեր սրտում։ Դա մի ձայն է, որն ասում է՝ նայե՛ք ներս, ներե՛ք և առաջ շարժվե՛ք։ Զրուցե՛ք Աստծո հետ և հիշե՛ք լսել, հատկապես՝ Ձեր սրտով։
Ձեզ եմ ներկայացնում Սուրբ Ներսես Շնորհալու աղոթքը՝ 23-րդ ժամից. Ողորմած Տեր, ողորմիր Քո բոլոր հավատացյալներին՝ թե՛ իմ մտերիմներին, թե՛ օտարներին, թե՛ նրանց, ում ճանաչում եմ, և թե՛ նրանց, ում չեմ ճանաչում, թե՛ կենդանիներին և թե՛ ննջեցյալներին։ Ներիր իմ բոլոր թշնամիներին և ինձ ատողներին այն հանցանքների համար, որ գործել են իմ դեմ, և հեռացրու նրանց ինձ հանդեպ ունեցած չարությունից, որպեսզի արժանի լինեն Քո ողորմությանը։
Մյուռոնը Հայաստանից՝ Ձեր տուն. մինի-սերիալ՝ նվիրված Սրբալույս Մյուռոնի օրհնությանը։
Մինչ մենք բացահայտում ենք մյուռոնի իմաստը, դրա պատրաստումն ու խորհրդանշական նշանակությունը, սկսում ենք սուրբգրային մի հատվածով, որպեսզի մեր այս շարքի, և ի վերջո՝ հենց մյուռոնի նպատակը դնենք ճիշտ հեռանկարի մեջ։ Սա առաջին քայլն է այս խորհրդավոր տարրը հասկանալու ճանապարհին, որը մեզ կապում է մարդկության և Աստվածայինի հետ։
Սուրբ Ղուկասի Ավետարանից (7) կարդում ենք. «Փարիսեցիներից մեկը Հիսուսին խնդրեց, որ իր հետ ճաշի։ Նա մտավ փարիսեցու տունը և սեղան նստեց։ Եվ ահա քաղաքի մեջ մի մեղավոր կին, իմանալով, որ Նա փարիսեցու տանը սեղան է նստել, մի շիշ անուշահոտ յուղ բերեց, կանգնեց Նրա ոտքերի մոտ՝ հետևում, լաց էր լինում և սկսեց արցունքներով թրջել Նրա ոտքերը, իր գլխի մազերով սրբել, համբուրում էր Նրա ոտքերը և օծում անուշահոտ յուղով։ Երբ Նրան հրավիրած փարիսեցին տեսավ սա, իր մտքում ասաց. «Եթե սա մարգարե լիներ, կիմանար, թե ով և ինչպիսի կին է սա, որ դիպչում է Իրեն, որովհետև նա մեղավոր է»։
Հիսուսն ասաց նրան. «Սիմո՛ն, քեզ մի բան ունեմ ասելու... Մի պարտատիրոջ երկու պարտապան կար. մեկը հինգ հարյուր դինար էր պարտք, մյուսը՝ հիսուն։ Եվ քանի որ վճարելու ոչինչ չունեին, նա երկուսին էլ շնորհեց պարտքը։ Ասա՛, ուրեմն, նրանցից ո՞վ ավելի շատ կսիրի նրան»։
Սիմոնը պատասխանեց և ասաց. «Կարծում եմ՝ նա, ում ավելի շատ շնորհեց»։
Եվ Նա ասաց նրան. «Ճի՛շտ դատեցիր»։ Ապա շրջվեց դեպի կինը և Սիմոնին ասաց. «Տեսնո՞ւմ ես այս կնոջը։ Ես մտա քո տուն, դու Իմ ոտքերի համար ջուր չտվեցիր, իսկ նա իր արցունքներով լվաց Իմ ոտքերը և իր գլխի մազերով սրբեց։ Դու Ինձ համբույր չտվեցիր, իսկ նա, այն պահից, երբ մտա, չի դադարում համբուրել Իմ ոտքերը։ Դու Իմ գլուխը յուղով չօծեցիր, իսկ նա Իմ ոտքերը օծեց անուշահոտ յուղով։ Ուստի ասում եմ քեզ՝ նրա մեղքերը, որ շատ են, ներված են, որովհետև նա շատ սիրեց։ Իսկ ում քիչ է ներվում, նա քիչ է սիրում»։
Ապա Նա ասաց կնոջը. «Քո մեղքերը ներված են»։
Եվ նրանք, ովքեր Նրա հետ սեղան էին նստել, սկսեցին իրենց մեջ ասել. «Ո՞վ է սա, որ նույնիսկ մեղքերն է ներում»։ Ապա Նա ասաց կնոջը. «Քո հավատքը փրկեց քեզ։ Գնա՛ խաղաղությամբ»։
Այսօր խնդրում եմ, որ խորհրդածեք այս խիստ բացահայտող հատվածի շուրջ։ Ավելին, քան երեկվա մեր ընթերցած նմանատիպ հատվածը, սա մատնանշում է օծման արարողության նպատակը և այդպիսով հիմք է դնում Մյուռոնի օրհնության համար։ Մյուռոնի օրհնությունը պատճառ ունի, որը շոշափում է մեր առօրյա կյանքը և միմյանց հետ մեր հարաբերությունները։ Ներումը տանում է դեպի ներդաշնակություն և խաղաղություն՝ ինքներս մեզ, մեր եղբայրների ու քույրերի և աշխարհի հետ։
Սա ամենևին էլ թեթև բան չէ, այն անհրաժեշտ քայլ է, նախքան վաղը կսկսենք խորանալ Մյուռոնի օրհնության մեջ։ Ուստի, խորհեք այս մտքերի շուրջ։
Որպես Քրիստոսի չարչարանքների պատմության մաս՝ գրեթե բոլորը գիտեն, որ Սիմոն Պետրոսը երեք անգամ ուրացավ Հիսուսին։ Ամենավճռական պահին, երբ Հիսուսին դատում, դատապարտում և մահվան էին ուղարկում, Պետրոսը՝ Նրա մտերիմ ընկերն ու աշակերտը, հրաժարվում է Հիսուսին ճանաչելուց։ Քչերը գիտեն, որ Հարությունից հետո Պետրոսը հնարավորություն ունեցավ ցույց տալու իր զղջումը՝ հայտնելով իր սերը Տիրոջ հանդեպ։ Հովհաննեսի Ավետարանում (21) մենք հետևում ենք Հիսուսի և Նրա աշակերտ Սիմոն Պետրոսի երկխոսությանը։
Երբ նախաճաշեցին, Հիսուս Սիմոն Պետրոսին ասաց. «Սիմո՛ն, Հովնանի՛ որդի, ինձ ավելի՞ ես սիրում, քան սրանք»։
Նա ասաց Նրան. «Այո՛, Տե՛ր, Դուք գիտեք, որ ես սիրում եմ Ձեզ»։
Նա ասաց նրան. «Արածեցրե՛ք Իմ գառները»։
Երկրորդ անգամ էլ ասաց նրան. «Սիմո՛ն, Հովնանի՛ որդի, սիրո՞ւմ ես Ինձ»։
Նա ասաց Նրան. «Այո՛, Տե՛ր, Դուք գիտեք, որ ես սիրում եմ Ձեզ»։
Նա ասաց նրան. «Հովվե՛ք Իմ ոչխարները»։
Երրորդ անգամ ասաց նրան. «Սիմո՛ն, Հովնանի՛ որդի, սիրո՞ւմ ես Ինձ»։ Պետրոսը տրտմեց, որ երրորդ անգամ ասաց նրան՝ «Սիրո՞ւմ ես Ինձ»։
Եվ նա ասաց Նրան. «Տե՛ր, Դուք ամեն ինչ գիտեք. Դուք գիտեք, որ ես սիրում եմ Ձեզ»։
Հիսուս ասաց նրան. «Արածեցրե՛ք Իմ ոչխարները»։
Ոմանք այս դրվագը անվանում են Պետրոսի վերականգնում. նա երեք անգամ ուրացավ Հիսուսին, իսկ այժմ երեք անգամ հայտնում է իր սերը, իսկ ոչխարների փոխաբերությունը վերաբերում է Եկեղեցում նրա հովվական պաշտոնին։ Մենք սա անվանում ենք ներում՝ մաքուր և պարզ, այնպիսի կերպով, որը միայն Աստված կարող է շնորհել և միայն Աստված կարող է հասկանալ։
Հիսուսը ներման մասին էր։ Ներման պատգամը ուսուցանվում էր խոսքերով, ապա Նա ցույց տվեց դա Խաչի վրա և Հարությունից հետո, երբ ներեց իր ընկերոջը՝ Պետրոսին։ Կյանքում մենք հաճախ ենք լսում մարդկանց կողմից կատարված սարսափելի արարքների մասին, սակայն նրանց ներումը նրանց և Աստծո միջև է։
Աղոթենք. Գաղտնիքներ ճանաչող, մեղանչել եմ Քեզ դեմ՝ կամա և ակամա, գիտությամբ և անգիտությամբ։ Շնորհի՛ր ներում ինձ՝ մեղավորիս. քանզի ծննդյանս օրից, սուրբ մկրտությամբ մինչև այսօր, մեղանչել եմ Քո առաջ, Տե՛ր, իմ բոլոր զգայարաններով և մարմնիս բոլոր անդամներով։ Ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ մեղավորիս։ Ամեն։
Շապիկ՝ Envato Elements
https://epostle.net/wp-content/uploads/2024/04/old-hand-holding-a-stick-close-up-2023-11-27-05-12-05-utc-scaled.jpg25601707Վազգեն Մովսեսյանhttps://epostle.net/wp-content/uploads/2022/07/final_logo_large_for_epostle_web-300x189.pngՎազգեն Մովսեսյան2024-04-11 00:01:082025-05-04 19:44:56Աստծո ներումը. Պետրոս
Վերջին երկու օրվա ընթացքում մենք դիտարկեցինք Անառակ որդու առակի (Ղուկաս 15) երկու տարբեր կերպարներին։ Այսօր մենք կշարունակենք դիտարկել առակը և այս անգամ կկենտրոնանանք ավագ եղբոր գործողությունների վրա։
Անառակ որդու մասին պատմության երեք կերպարներից թերևս ավագ եղբայրն է այն մարդը, ում հետ մենք կարող ենք առավել նույնանալ։ Հավանաբար պատճառն այն է, որ նա, ըստ էության, լավ մարդ է։ Նա բարեհամբույր է։ Նա այն մարդն է, ով ճիշտ է վարվել և մնացել է հավատարիմ։ Նա տանը մնաց և չվատնեց այն գումարը, որ հայրն իրեն էր տվել։ Նա հավատարիմ էր։ Նա հնազանդ էր։ Սակայն նրա մեջ մենք հիմնականում տեսնում ենք այն մարդուն, ով, ինչպես և բոլորս, գիտակցում է կյանքի անարդարությունը։ Անարդարություն էր տեղի ունենում, քանի որ երբ կրտսեր եղբայրը տուն վերադարձավ, տոնախմբություն կազմակերպվեց։ Կարծես թե նրան պարգևատրում էին կարգապահության խախտման համար։
Ավագ եղբայրը նույնպես հարցեր էր տալիս, որոնք կարող էին առաջանալ պարզ նախանձից։ Ինչո՞ւ ոչ ես։ Ինչո՞ւ է պատահում, որ լավ բաներ են լինում վատ մարդկանց հետ։ Ինչո՞ւ են վատ մարդու արարքները պարգևատրվում, մինչդեռ իմ բարությունը մնում է աննկատ։ Ես հավատարիմ եմ եղել։ Ես եղել եմ այն օրինակելի որդին, որով յուրաքանչյուր հայր կհպարտանար։ Իսկ հիմա, այս որդիդ տուն է վերադառնում այն բանից հետո, երբ վատնել և չարաշահել է այն ամենը, ինչ Դուք նրան տվել էիք։ Ինչպե՞ս կարող է նա արժանի լինել պարարտ հորթին։ Տոնախմբությանը։ Իշխանության մատանուն նրա ձեռքին։ Պարզապես՝ ինչո՞ւ ոչ ես։ Հավանաբար հենց այս արտահայտությունն է, որ ծանոթ է հնչում մեզանից յուրաքանչյուրի համար։
Մեր կյանքում անարդարության բազմաթիվ օրինակներ կան։ Հաճախ մենք տեսնում ենք մարդկանց, ովքեր կարծես թե արժանի չեն պարգևների, սակայն նրանց շնորհվում են առանձնաշնորհումներ և պարգևներ։ «Ինչո՞ւ ոչ ես» հարցը բնական է այս անհավասարության դիմաց։ Այն ոչ միայն բնական է, այլև տրամաբանական, եթե հավատում ենք, որ բարին պետք է վարձատրվի, իսկ ես ճիշտ եմ վարվել։ Ես լավ մարդ եմ։ Իհարկե, ես էլ ունեմ թերություններ, բայց, ըստ էության, ես բարի անձնավորություն եմ։ Ինչո՞ւ իմ բարությունը չի վարձատրվում։
Պատմության մեջ հայրը շատ պարզ պատասխան է տալիս։ Նրա պատասխանը բխում է ծնողական տեսանկյունից։ «Որդյա՛կ»,— ասում է հայրը իր ավագ որդուն,— «դու միշտ ինձ հետ ես, և իմ ունեցած ամեն ինչ քոնն է։ Բայց այս քո եղբայրը կորած էր և գտնվեց, մեռած էր և կենդանացավ»։ Այս խոսքերով հայրը հորդորում է որդուն տեսնել ավելի մեծ պատկերը։ Խոսքը միայն այս պահի մասին չէ, այլ ավելի մեծ «ծրագրի»։ Ի վերջո, Աստծո նպատակն է, որ Իր բոլոր զավակները հաշտվեն Իր ամբողջ արարչագործության հետ։ Խոսքը սիրո և ներդաշնակության վիճակի մասին է, որպեսզի յուրաքանչյուրը կարողանա մասնակից լինել այդ Արքայությանը։
Այժմ եկեք մի փոքր ավելի խորանանք և մարտահրավեր նետենք ինքներս մեզ, քանի որ, ի վերջո, աշխարհում կա իրական անարդարություն։ Սակայն Մեծ պահքի այս ճանապարհին մենք հասկանում ենք, որ իրական խնդիրը նպատակի՝ պարգևի մեր ընկալման մեջ է։ Մենք այդ ավելորդություններն ու նյութական բարիքները դիտում ենք որպես պարգև և կորցնում ենք տեսադաշտից այն իրական գանձը, որն արդեն մեր կյանքի մի մասն է։ Ապացո՞ւյց։ Խորը շունչ քաշեք։ Զգո՞ւմ եք, թե ինչպես է այն մտնում ձեր թոքերը։ Դա Աստծուց տրված մի պարգև է, որի վրա հնարավոր չէ գնապիտակ դնել։ Դուք սիրո՞ւմ եք որևէ մեկին։ Մեկին, ում կարող եք նայել՝ զավակ, ծնող, ամուսին, կին, սիրեցյալ։ Դա պարգև է։ Դուք ունե՞ք ժպտալու կարողություն։ Ունե՞ք կարողություն նայելու ծաղիկներին, ծառերին, լեռներին, ծովին և մի պահ հիանալու՝ գիտակցելով, որ կա մի բան, որը շատ ավելի մեծ է, քան այն նյութական բարիքները, որոնցով մենք տարվում ենք։ Դա պարգև է։ Եվ դա այն պարգևն է, որը տրվել է ձեզ Աստծո կողմից։ Նա ասում է՝ մի՛ չարաշահեք այն։ Մի՛ եղեք անառակ որդու պես։ Մի՛ վատնեք այն, ինչ Ես տվել եմ ձեզ։ Եվ այժմ, ավելին մի՛ փնտրեք։ Որովհետև ցանկացած ավելորդ բան այն ավելցուկներն են, որոնց դեմ դուք միևնույն է պետք է պայքարեք։ Մի՛ փնտրեք այդ հավելյալ բաները, քանի որ ձեզ արդեն տրվել է կյանքի պարգևը։ Ի՞նչ ավելի մեծ պարգև կարող է լինել։ Դուք ձեր սրտում ունեք սիրո պարգևը՝ այդ սերը վերցնելու և ուրիշների հետ կիսելու կարողության հետ միասին։
Մեծ պահքի ճանապարհին այսօրվա մարտահրավերը ցանկացած նախանձից ձերբազատվելն է, որը կարող է սպառել մեզ և խանգարել հաջորդ քայլն առաջ կատարելուն։ Ինչպես առակի հայրը մարտահրավեր նետեց ավագ որդուն, այնպես էլ մենք մարտահրավեր ենք ստանում հենց Ինքնին Առակից՝ քայլելու հոր կոշիկներով։ Մենք կնկատենք, որ նրա երկու որդիների հանդեպ ունեցած անվերապահ սիրո մեջ նախանձի համար տեղ չկա։ Աստծո Սերը գերազանցում է ամեն ինչին, անկախ նրանից, թե որքան ուժեղ կարող են լինել նախանձի կամ խանդի այդ զգացմունքները։
Հիշե՛ք, Աստված սեր է դրել մեր սրտերում։ Մեզանից է կախված այն օգտագործելը, ոչ թե չարաշահելը։ Մեզանից է կախված այն կիսելը նրանց հետ, ում սիրում ենք, մեր ընտանիքի, մեր համայնքի և այս աշխարհի հետ։
Մենք եզրափակում ենք Սուրբ Ներսես Շնորհալու աղոթքով, Ողորմած Տե՛ր, ողորմի՛ր Քո բոլոր հավատացյալներին։ Նրանց, ովքեր իմն են, և նրանց, ովքեր օտար են։ Նրանց, ում ճանաչում եմ, և նրանց, ում չեմ ճանաչում, կենդանիներին և մեռյալներին։ Ներիր իմ բոլոր թշնամիներին և ինձ ատողներին այն մեղքերը, որ գործել են իմ դեմ։ Դարձրո՛ւ նրանց իմ հանդեպ ունեցած չարությունից, որպեսզի նրանք արժանի լինեն Քո ողորմությանը։ Ողորմի՛ր Քո բոլոր արարածներին և ինձ՝ մեծ մեղավորիս։ (Հավատով խոստովանիմ, 23/24)
https://epostle.net/wp-content/uploads/2024/02/NRTH1054.jpg600900Վազգեն Մովսեսյանhttps://epostle.net/wp-content/uploads/2022/07/final_logo_large_for_epostle_web-300x189.pngՎազգեն Մովսեսյան2024-02-27 00:01:332024-02-26 18:39:14Եղբոր իրական նվերը Ձերն է. Մեծ պահքի 16-րդ օր
Մեծ պահքի 15-րդ օրը. Անառակ որդու հայրը Երեկ մենք ծանոթացանք Անառակ որդու պատմությանը։ Ղուկասի Ավետարանի 15-րդ գլխում Հիսուսն առաջարկում է այս առակը, որը շոշափում է մեր կյանքի բազմաթիվ տարբեր կողմերը։
Երեկ մենք խորհրդածեցինք անառակ որդու մեղքի, այսինքն՝ երիտասարդի «անառակության» մասին։ Նրա մեղքն այն էր, որ նա վատնեց իրեն տրված պարգևները։ Մենք նույնպես մասնակից ենք այդ մեղքին, երբ վատնում ենք Աստծուց մեզ տրված տաղանդները, կամ էլ պարզապես չենք օգտագործում դրանք։
Այսօր մենք դիտարկում ենք հոր կերպարը։ Առաջին բանը, որ սովորում ենք նրա մասին, այն է, որ նա տալիս է լիովին՝ առանց սահմանափակումների կամ պայմանների։ Կրտսեր որդին ասում է. «Հայր, տուր ինձ իմ հասանելիք ժառանգությունը, որպեսզի կարողանամ հեռանալ և սկսել իմ կյանքը»։ Հայրը, լինելով իմաստուն մարդ, անշուշտ հասկանում է, որ որդին կարող է կորցնել կամ վատնել գումարը, բայց չի վիճում իր զավակի հետ։ Մեր կյանքում լինում են պահեր, երբ պետք է բաց թողնել։ Թեև մենք գուցե ավելի լավ գիտենք, քան մեր երեխաները, բայց նրանց կյանքը նրանցն է։ Այո՛, սխալներ գործելը կարող է ցավալի լինել, բայց հենց այդ սխալների միջոցով են երեխաները սովորում։ Այս հայրը հասկանում է այդ օրենքը և բաց է թողնում իր որդուն։ Որքան էլ դժվար լինի, նա թույլ է տալիս իր սիրելի որդուն հեռանալ և կառուցել իր սեփական կյանքը։
Հորը երկրորդ անգամ տեսնում ենք, երբ որդին վերադառնում է։ Հիշեք, որ որդին զղջում է, կամ գոնե հասկանում է, որ կարող է ավելի լավ կյանք ունենալ՝ վերադառնալով հոր տուն։ Անկախ նրանից, թե ինչ մտադրություններ ունի որդին, հայրը, տեսնելով նրա վերադարձը, ընդառաջ է գնում ճանապարհին և նույնիսկ թույլ չի տալիս, որ որդին ներողություն խնդրի։ Նա հպարտության խաղ չի խաղում։ Նա հիմարաբար չի ասում. «Սպասեմ տեսնեմ՝ ինչ կասի»։ Նա այնտեղ է՝ իր որդուն ընդունելու համար։ Նա չի ասում. «Ես քեզ ասել էի, գիտեի, որ կվերադառնաս»։ Փոխարենը՝ նա ճանաչում է իր սիրելիին՝ այն որդուն, որի մասին հոգ էր տարել, որին լույս աշխարհ էր բերել և դաստիարակել, և որն այժմ վերադարձել էր։ Ի՜նչ մեծ ուրախություն պետք է ապրած լիներ նա։ Իհարկե, նա վազելով մոտեցավ որդուն և գրկեց նրան։
Այս ամենը երկու հարթություն ունի։ Եկեք հետևենք դրանցից յուրաքանչյուրին։ Նախ՝ առակի հայրը մեր Երկնային Հոր արտահայտությունն է։ Երկնքում Աստված սպասում է, որ մենք տուն վերադառնանք, և երբ մենք իսկապես դառնում ենք դեպի Նա, Նա չի սպասում, որ մենք աղաչենք Իր Թագավորություն վերադառնալու համար։ Նրա համբերությունը բավական է, որպեսզի մենք կատարենք այդ առաջին քայլը՝ դեպի Իրեն։ Հենց այդ ժամանակ է, որ Նա մոտենում է մեզ, գրկում, ընդունում և մեզ Կյանք պարգևում։ Այդպես վարվեց այս հայրը, և այդպես է վարվում մեր Երկնային Հայրը։
Աստված մեզ ընդունում է որպես Իր Թագավորության ճշմարիտ զավակների։ Մեզ ընդունելը Նրա կողմից անվիճելի է։ Մեզանից պահանջվում է ասել. «Այո՛, ես մեղանչել եմ։ Ես սխալ ճանապարհով եմ գնացել։ Ես վատնել եմ այն, ինչ Աստված ինձ տվել է։ Ես ուզում եմ գտնել խաղաղությունը։ Ես ուզում եմ գտնել այն սերը, որի համար Աստված ինձ ստեղծել է»։ Աստված սպասում է, որ մենք ասենք. «Ես պատրաստ եմ»։ Մնացած ամեն ինչ տեղի է ունենում՝ ինքնըստինքյան կարգավորվում է։
Երկրորդ՝ հոր արարքները մեզ սովորեցնում են, թե ինչ է պահանջվում մեզանից մեր հարաբերություններում՝ ոչ միայն երեխաների, այլև միմյանց հետ։ Կան մարդիկ, ովքեր ցավեցրել են մեզ։ Ցավի չափը էական չէ։ Հնարավոր է՝ մենք լացել ենք անզգույշ արտասանված խոսքի պատճառով, կամ մեզ կործանել է դավաճանությունը։ Այդ ցավը անդունդ է ստեղծել մեր և ուրիշների հարաբերություններում։ Մենք բոլորս էլ մեր գործողություններով կամ անգործությամբ բաժանումներ ենք ստեղծել Աստծո և մեր միջև, սակայն Աստված մեզ վերադարձի ճանապարհ է տվել։ Մենք նույնպես պետք է նույնն անենք և դռները բաց թողնենք նրանց համար, որպեսզի նրանք կարողանան վերադառնալ մեզ մոտ։ Այլ կերպ ասած՝ ժամանակն է վերջ տալու վիրավորանքներին։ Մի՛ տարվեք հիմար հպարտությամբ։ Դռները բաց պահեք՝ առանց ակնկալելու, որ ինչ-որ մեկը կմտնի դրանցից։ Մի՛ սպասեք նրանց վերադարձին, ովքեր ցավեցրել են Ձեզ, պարզապես իմացեք, որ խորքում կան բազմաթիվ ցանկություններ, որոնք գուցե անհասկանալի մնան։ Եթե դուռը բաց է, նրանք կարող են վերադառնալ, և երբ վերադառնան, Դուք կգրկեք նրանց։
Իմացեք, որ սիրտը խոսում է Ձեզ հետ։ Մի՛ մտածեք մտքով։ Պատրաստ եղեք ընդունելու։ Պատրաստ եղեք գրկելու, փաթաթվելու, նրանց խեղդելու այն սիրով, որը Ձեր սրտում է։ Սա այն օրինակն է, որը Հիսուսը տալիս է մեզ հոր կերպարի միջոցով։ Սա երկսայրի սուր է, չէ՞։ Մի կողմից՝ այն ցույց է տալիս, թե ինչ է անում մեր Երկնային Հայրը, և օրինակ է ծառայում մեզ՝ նույնը անելու մեր կյանքում եղած մարդկանց հանդեպ։ Մյուս կողմից՝ մենք աղոթել ենք. «Թող մեզ մեր պարտքերը, ինչպես և մենք ենք թողնում մեր պարտապաններին»։ Աստված ներում է մեզ։ Հետևաբար, մենք նույնպես պետք է ներողամիտ լինենք ուրիշների հանդեպ։
Վերջապես, երրորդ անգամ մենք հորը տեսնում ենք այս պատմության մեջ, երբ նա խոսում է ավագ որդու հետ։ Նա մխիթարում է նրան և հիշեցնում, որ մենք բոլորս հավասար ենք։ Աստծո աչքում կարևոր չէ՝ Դուք վերադարձել եք այսօր, թե հարյուր տարի անց։ Կարևոր չէ՝ վերադարձել եք երեկ, թե ոչ։ Կարևորն այն է, որ յուրաքանչյուրս վերադառնանք Աստծուն։ Եվ հենց այդպիսի հոգատար Հայր ունենք երկնքում, ով իր որոշումները չի կողմնակալում նրանով, թե ով ենք մենք, որտեղ ենք կամ ինչ ենք արել։ Կարևորը «հենց հիմա»-ն է։ Արդյո՞ք պատրաստ ենք միավորվել, ներդաշնակ լինել Նրա հետ՝ այն սիրով և տիեզերքով, որը Նա տվել է մեզ։Վաղը մենք կշարունակենք Անառակ որդու թեման՝ անդրադառնալով նրա ավագ եղբորը։
Այժմ աղոթենք Սուրբ Ներսես Շնորհալու աղոթքը՝ «Հավատով խոստովանիմ»-ից.
Հավատով խոստովանում և երկրպագում եմ Քեզ, Հայր և Որդի և Սուրբ Հոգի, անեղ և անմահ էություն, արարիչ հրեշտակների, մարդկանց և ամենայն գոյի։ Ողորմիր Քո արարածներին և ինձ՝ մեծ մեղավորիս։ (1/24)
https://epostle.net/wp-content/uploads/2024/02/father-6648076_1280.jpg8531280Վազգեն Մովսեսյանhttps://epostle.net/wp-content/uploads/2022/07/final_logo_large_for_epostle_web-300x189.pngՎազգեն Մովսեսյան2024-02-26 00:01:532024-02-25 22:06:22Անառակ որդու հայրը. Մեծ պահքի 15-րդ օր
Հակոբոս առաքյալը գրում է, որ հավատքն առանց գործերի մեռած է։ Մեզ հաճախ է վիճակվում մեր հավատքը գործնականում դրսևորելու մարտահրավերը։ Այդ պահերին մենք գիտակցում ենք, որ միայն մեր գործերի շնորհիվ է, որ հավատքը իմաստ է ստանում։ Այսինքն՝ մեր հավատքը արժեք և կառուցվածք է ձեռք բերում հենց մեր գործերի միջոցով։ Հակառակը՝ գործերն առանց հավատքի հանգեցնում են գաղափարների, դրդապատճառների և նպատակների շփոթեցնող խառնուրդի։
Հավատքի և գործերի միջև այս հավասարակշռությունը սովորաբար սահմանվում է տրամաբանական եզրույթներով։ Երբ մենք մտածում և գործում ենք մեր բանականության սկզբունքներին համապատասխան, մենք առաջնորդվում ենք բանականությամբ՝ հիմնվելով կյանքի ընթացքում ձեռք բերած իմաստության վրա։ Թեև սա շատ կարևոր է գործնական առումով, քրիստոնյան պետք է գերազանցի երազելու ունակությամբ՝ երազելով անհնարին երազանքներ։
Երբ Դուք մտածում և գործում եք ըստ Ձեր սրտի, հենց այդ պահին հասկանում եք, որ Ձեր շարժումներն ու գործողությունները հիմնված են Ձեր ներսում ապրող կրքերի վրա։ Սա այն հավատքն է, որը կարող է լեռներ տեղաշարժել։ Մտածե՛ք Ձեր սրտով և ոչ թե բանականությամբ, երբ խոսքը վերաբերում է անհնարինը կատարելուն։
Իր խաչելության ժամանակ Հիսուսը կատարեց անհնարինը։ Նա ներեց այն մարդկանց, ովքեր դավաճանել և Նրան հանձնել էին մահվան։ Նա ներեց նրանց, ովքեր Նրան գամում էին խաչափայտին։ Նա ներեց մարդկանց այն սերունդներին, որոնք անտեսել էին խաղաղության աղերսները, արհամարհել սիրո արտահայտությունները և սիրո փոխարեն ատելությամբ հատուցել։ Հիսուսը կատարեց անհնարինը։ Նա ներեց Իր Սրտով։ Նույն կերպ, երբ մտածում ենք այն բոլոր գործերի մասին, որոնք պահանջվում են մեզանից՝ որպես քրիստոնյաներ, բարձրացե՛ք այդ վեհ կոչմանը։ Ստիպե՛ք Ձեզ, հատկապես Մեծ պահքի այս շրջանում, փնտրել այն հնարավորությունները, որոնք կօգնեն գտնել բանականությունից վեր ճշմարտությունը։ Հատուցե՛ք բոլորին սիրով։ Բարություն ցուցաբերել նրանց, ովքեր Ձեզ հետ բարի են, միայն մարդկային է։ Չարիքին և ատելությանը բարությամբ ու սիրով հատուցելը, անշուշտ, աստվածային է։ Այս վիճակում մենք գալիս ենք այն համոզման, որ մեր գործերը կառուցված են ամուր և հաստատուն հիմքի վրա, այն է՝ Հիսուս Քրիստոսի, որ մարմնացյալ Սերն է։ Երբ հավատքը հիմնված է սիրո վրա, Դուք կարողանում եք Ձեր սիրտը բացել անհնարին հնարավորությունների առջև։ Դրանք ամենուր են Ձեր շուրջը։
Աստված կանչում է Ձեզ Մեծ պահքի այս շրջանում՝ կատարելու անհնարինը և Ձեր գործողությունները կառուցելու Քրիստոսի վրա։ Ատելությանը պատասխանե՛ք բարությամբ, իսկ չարիքին՝ սիրով։ Եթե մտածեք այդ մասին, ապա ինչպիսին էլ լինեն Ձեր նպատակները, Դուք կարող եք հասնել դրանց՝ կարող եք անհնարին նպատակները դարձնել հնարավոր, երբ սերը դնեք Ձեր սրտի, Ձեր կյանքի և Ձեր կատարած բոլոր գործողությունների կենտրոնում։
Այժմ աղոթենք Սուրբ Ներսես Շնորհալու աղոթքով. (Նվիրված Սուրբ Հոգուն)
Հոգի Աստծո, ճշմարիտ Աստված, որ իջար Հորդանան և վերնատուն, և որ լուսավորեցիր ինձ սուրբ ավազանի մկրտությամբ, մեղանչեցի երկնքի և Քո առաջ։ Մաքրի՛ր ինձ Քո աստվածային կրակով, ինչպես մաքրեցիր սուրբ առաքյալներին հրեղեն լեզուներով։ Ողորմի՛ր ինձ և մեծ մեղավորիս։ Ամեն։.
https://epostle.net/wp-content/uploads/2024/02/rocks-1757593_1280.jpg8531280Վազգեն Մովսեսյանhttps://epostle.net/wp-content/uploads/2022/07/final_logo_large_for_epostle_web-300x189.pngՎազգեն Մովսեսյան2024-02-24 00:01:462024-02-23 23:25:40Հավասարակշռելով մեր երազանքները, հավատքը և գործերը. Մեծ պահքի 13-րդ օր