Հավասարակշռելով մեր երազանքները, հավատքը և գործերը. Մեծ պահքի 13-րդ օր
Օր 13. Մեր երազանքների, հավատքի և գործերի հավասարակշռումը
Պահքի բաղադրատոմս
Բաղադրատոմս 13. Թավայում տապակած ծնեբեկ
Հակոբոս առաքյալը գրում է, որ հավատքն առանց գործերի մեռած է։ Մեզ հաճախ է վիճակվում մեր հավատքը գործնականում դրսևորելու մարտահրավերը։ Այդ պահերին մենք գիտակցում ենք, որ միայն մեր գործերի շնորհիվ է, որ հավատքը իմաստ է ստանում։ Այսինքն՝ մեր հավատքը արժեք և կառուցվածք է ձեռք բերում հենց մեր գործերի միջոցով։ Հակառակը՝ գործերն առանց հավատքի հանգեցնում են գաղափարների, դրդապատճառների և նպատակների շփոթեցնող խառնուրդի։
Հավատքի և գործերի միջև այս հավասարակշռությունը սովորաբար սահմանվում է տրամաբանական եզրույթներով։ Երբ մենք մտածում և գործում ենք մեր բանականության սկզբունքներին համապատասխան, մենք առաջնորդվում ենք բանականությամբ՝ հիմնվելով կյանքի ընթացքում ձեռք բերած իմաստության վրա։ Թեև սա շատ կարևոր է գործնական առումով, քրիստոնյան պետք է գերազանցի երազելու ունակությամբ՝ երազելով անհնարին երազանքներ։
Երբ Դուք մտածում և գործում եք ըստ Ձեր սրտի, հենց այդ պահին հասկանում եք, որ Ձեր շարժումներն ու գործողությունները հիմնված են Ձեր ներսում ապրող կրքերի վրա։ Սա այն հավատքն է, որը կարող է լեռներ տեղաշարժել։ Մտածե՛ք Ձեր սրտով և ոչ թե բանականությամբ, երբ խոսքը վերաբերում է անհնարինը կատարելուն։
Իր խաչելության ժամանակ Հիսուսը կատարեց անհնարինը։ Նա ներեց այն մարդկանց, ովքեր դավաճանել և Նրան հանձնել էին մահվան։ Նա ներեց նրանց, ովքեր Նրան գամում էին խաչափայտին։ Նա ներեց մարդկանց այն սերունդներին, որոնք անտեսել էին խաղաղության աղերսները, արհամարհել սիրո արտահայտությունները և սիրո փոխարեն ատելությամբ հատուցել։ Հիսուսը կատարեց անհնարինը։ Նա ներեց Իր Սրտով։ Նույն կերպ, երբ մտածում ենք այն բոլոր գործերի մասին, որոնք պահանջվում են մեզանից՝ որպես քրիստոնյաներ, բարձրացե՛ք այդ վեհ կոչմանը։ Ստիպե՛ք Ձեզ, հատկապես Մեծ պահքի այս շրջանում, փնտրել այն հնարավորությունները, որոնք կօգնեն գտնել բանականությունից վեր ճշմարտությունը։ Հատուցե՛ք բոլորին սիրով։ Բարություն ցուցաբերել նրանց, ովքեր Ձեզ հետ բարի են, միայն մարդկային է։ Չարիքին և ատելությանը բարությամբ ու սիրով հատուցելը, անշուշտ, աստվածային է։ Այս վիճակում մենք գալիս ենք այն համոզման, որ մեր գործերը կառուցված են ամուր և հաստատուն հիմքի վրա, այն է՝ Հիսուս Քրիստոսի, որ մարմնացյալ Սերն է։ Երբ հավատքը հիմնված է սիրո վրա, Դուք կարողանում եք Ձեր սիրտը բացել անհնարին հնարավորությունների առջև։ Դրանք ամենուր են Ձեր շուրջը։
Աստված կանչում է Ձեզ Մեծ պահքի այս շրջանում՝ կատարելու անհնարինը և Ձեր գործողությունները կառուցելու Քրիստոսի վրա։ Ատելությանը պատասխանե՛ք բարությամբ, իսկ չարիքին՝ սիրով։ Եթե մտածեք այդ մասին, ապա ինչպիսին էլ լինեն Ձեր նպատակները, Դուք կարող եք հասնել դրանց՝ կարող եք անհնարին նպատակները դարձնել հնարավոր, երբ սերը դնեք Ձեր սրտի, Ձեր կյանքի և Ձեր կատարած բոլոր գործողությունների կենտրոնում։
Այժմ աղոթենք Սուրբ Ներսես Շնորհալու աղոթքով. (Նվիրված Սուրբ Հոգուն)
Հոգի Աստծո, ճշմարիտ Աստված, որ իջար Հորդանան և վերնատուն, և որ լուսավորեցիր ինձ սուրբ ավազանի մկրտությամբ, մեղանչեցի երկնքի և Քո առաջ։ Մաքրի՛ր ինձ Քո աստվածային կրակով, ինչպես մաքրեցիր սուրբ առաքյալներին հրեղեն լեզուներով։ Ողորմի՛ր ինձ և մեծ մեղավորիս։ Ամեն։.
Պատկերը՝ Gidon Pico-ի՝ Pixabay-ից


2025 Epostle
2023 Epostle
2005 IHS
2023 Epostle.net



Թողնել պատասխան
Ցանկանո՞ւմ եք միանալ քննարկմանը։Ազատորեն կիսվեք Ձեր մտքերով։