Երբ լեգենդար «Բիթլզ» ռոք խումբը ձայնագրեց «Let it Be» երգը, Փոլ Մաքքարթնիի ձայնը շատ նուրբ երանգ հաղորդեց դաշնամուրի հնչյուններին։ «Երբ ես ինձ դժվարին պահերի մեջ եմ գտնում,- երգում էր նա,- Մայր Մարիամը գալիս է ինձ մոտ»։
Երբ երգը թողարկվեց, ես 12 տարեկան էի։ Այն գեղեցիկ և հուզիչ ստեղծագործություն էր։ Հիշում եմ՝ մտածում էի, որ նույնիսկ նա՝ «Բիթլզ»-ի անդամներից մեկը, և հետևաբար՝ ամբողջ խումբը, կիսում էին այն առանձնահատուկ տեղը, որ Մայր Մարիամն ունի մեր կյանքում։
Տարիներ, գուցե նույնիսկ տասնամյակներ անց, Մաքքարթնին հարցազրույցներից մեկում կիսվեց, որ երգի տողերը վերաբերում էին իր մորը՝ Մերի Մաքքարթնիին, որը մահացել էր հիվանդությունից՝ երգչի կյանքի վաղ շրջանում։ Այդ բառերով նա արտահայտում էր իր մոր հանդեպ ունեցած կարոտը։
Այս շաբաթ սկսվում է Սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնի նախապատրաստությունը։ Մենք բոլորս էլ կարոտ ունենք դեպի Սուրբ Մայրը։ Մենք կպատրաստվենք տոնին՝ մեր ուշադրությունը սևեռելով նրա և նրա պատմության վրա։
Շատերի համար հրաժեշտ տալը, թերևս, ամենադժվար գործերից մեկն է։ Հրաժեշտ տալ նշանակում է, որ հարաբերություններն ավարտվել են, և դրանք շարունակելն այլևս հնարավոր չէ։ Մենք հուզական էակներ ենք, և շարունակականությունը, ինչպես հուշում է հենց «հարաբերություն» բառը, մեզ կայունություն է հաղորդում։ Հրաժեշտ տալը վտանգում է այդ կայունությունը, ուստի հաճախ ուղեկցվում է ցավալի զգացումներով։
Հետաքրքիր է, որ մենք մեր աղոթքներն ավարտում ենք մի արտահայտությամբ, որը հռչակում է հրաժեշտ տալու մեր պատրաստակամությունը։ «Ամեն» բառը մեր հանձնումն է այն իրողությանը, որ մեր հոգսերը վստահել ենք Աստծուն։ Ամենը մեր վստահության, հույսի և հավատի հաստատումն է առ Աստված։ Յուրաքանչյուր աղոթքի վերջում մենք ասում ենք՝ «Թող այդպես լինի» կամ «Թող այնպես լինի»։ Ամեն։ Սա հրաժեշտ տալու վերջնական արտահայտությունն է։ Մենք հրաժարվում ենք վերահսկողությունից։
Բաց թողնելը կենսական նշանակություն ունի, հատկապես տեղեկատվության այս դարաշրջանում։ Ամեն օր լուրերի հոսքի տակ մնալով՝ հեշտ է հուսահատվել և կորցնել հույսը։ Իրականում, մեզ հասնող լուրերի մեծ մասը միայն տեղեկատվություն է հաղորդում և ուրիշ ոչինչ։ Այդ պատճառով չափազանց կարևոր է, որ Դուք ընդունեք, որ որոշ իրադարձություններ և խնդիրներ Ձեր անմիջական վերահսկողությունից դուրս են։ Դիմելով Արմոդոքսիին՝ Դուք կբացահայտեք, որ այն ամենը, ինչ Ձեր վերահսկողությունից դուրս է, բաց թողնելը թույլ է տալիս կարգավորել Ձեր կյանքը, լինել ավելի արդյունավետ և հոգեպես կենդանի։ Մենք մեր աղոթքներն ավարտում ենք «Ամեն» բառով՝ որպես արտաքին հավաստիացում այն բանի, որ մենք հանձնել ենք մեր հոգսերը Աստծուն. թող լինի այնպես։
Բողոքական աստվածաբան Ռայնհոլդ Նիբուրը հեղինակել է մի կարճ աղոթք, որը հաճախ օգտագործվում է 12-քայլանի ծրագրերում։ Այն թույլ է տալիս մեզ խնդիրներն ու իրադարձությունները դնել համատեքստի մեջ։ Այն Աստծուն է հանձնում այն, ինչ մենք չենք կարող անել, և խոստովանում է «Ամեն» կամ «թող լինի այնպես»։
Ուստի, միացեք ինձ աղոթքի մեջ. «Աստվա՛ծ, շնորհիր ինձ հոգեկան խաղաղություն՝ ընդունելու այն, ինչ չեմ կարող փոխել, քաջություն՝ փոխելու այն, ինչ կարող եմ, և իմաստություն՝ տարբերելու դրանք միմյանցից»։
Ամեն։
https://epostle.net/wp-content/uploads/2024/10/cover-516.jpg639767Վազգեն Մովսեսյանhttps://epostle.net/wp-content/uploads/2022/07/final_logo_large_for_epostle_web-300x189.pngՎազգեն Մովսեսյան2024-10-11 00:01:222024-10-10 18:30:54Ամեն – Բաց թողնելը
Հայկական ուղղափառությունն այսօր. Ուժը մարդկության մեջ
The Beatles խմբի «Let it Be» երգը մի քանի պատճառով ջերմ ու հոգևոր երանգ ունի։ Ներածական ակորդները սահմանում են երգի տրամադրությունը։ «Let it Be» կրկներգի բառերը «Ամեն» բառի սահմանումն են։ Երգում կան Սուրբ Մարիամ Աստվածածնին վերաբերող մի քանի հղումներ։ Երգի համաձայն՝ Նա «գալիս է ինձ մոտ» և արտասանում «իմաստության խոսքեր»։ Օրհնյալ Մոր հետ կապը հեշտ է պատկերացնել, սակայն մենք հասկանում ենք, որ դա մի կապ է, որը մենք ենթադրում ենք մեր նախապաշարմունքների պատճառով։ Երգի հեղինակի՝ սըր Փոլ Մաքքարթնիի խոսքով՝ Մարիամ Աստվածածնի մասին այս հղումը վերաբերում է իր սեփական մորը՝ Մերի Պատրիսիա Մաքքարթնիին, որին նա կորցրել է վաղ տարիքում։ Երգը գրվել է մի երազի մասին, որում մայրը գալիս է նրա մոտ՝ իմաստության խոսքերով։
Մեր կրոնական նախապաշարմունքները մեծ դեր են խաղում այն հարցում, թե ինչպես ենք մենք ընկալում աշխարհը և փոխազդում նրա հետ։ Քանի որ Սուրբ Մարիամը՝ Աստվածածինը, պատմության մեջ առանձնացվել է Քրիստոս Մանուկին կրելու համար, մենք իրավամբ նշում ենք նրա տոներն ու հիշատակի օրերը՝ կենտրոնանալով նրա սրբության վրա։ Սակայն Սուրբ Մարիամի, ինչպես և բոլոր սրբերի ուժը, նրանց մարդկային էության մեջ է։
Սրբերը, այդ թվում՝ Սուրբ Մարիամը, աստվածներ չեն։ Հայ եկեղեցում նրանք չեն երկրպագվում։ Փոխարենը՝ նրանք մեծարվում են, այսինքն՝ նրանց նկատմամբ մեծ հարգանք ու ակնածանք է տածվում։ Քանի որ նրանք մարդ են, մենք կարող ենք նրանց դիտարկել որպես մեր կյանքի օրինակներ։ Սա սրբերի շատ կարևոր գործառույթ է։ Որպես մարդիկ՝ նրանք ունեցել են այն բոլոր թուլություններն ու դժվարությունները, որոնք ունեն մարդիկ։ Նրանք ունեցել են նույն գայթակղություններն ու կասկածները, որոնք ունենք բոլորս։ Տարբերությունն այն է, որ նրանք իրենց մարդկային էությունից վեր են բարձրացել՝ հպվելու աստվածայինին։ Այդպիսով նրանք մեզ հույս են տալիս, որ մենք նույնպես կարող ենք վեր բարձրանալ մեր մարդկային էությունից և հպվել կամ մասնակից լինել աստվածային ոլորտին։
Նրան խնդրեցին ծննդաբերել առանց ամուսնության։ Այն գիշեր, երբ Նա լույս աշխարհ բերեց Հիսուս Մանկանը, ոչ իջևանատանը, ոչ էլ աշխարհում Նրա համար տեղ չգտնվեց։ Նա ականատես եղավ անմեղների սպանությանը։ Նա իր սրտում պահեց Հիսուսի մանկության բոլոր մանրամասները։ Նա Խաչի մոտ էր, երբ իր Որդուն գամեցին Խաչին և ոչնչացրեցին Իր իսկ արարածները։
Վերափոխման տոնին մենք հրավիրված ենք խորհելու Օրհնյալ Մայր Մարիամի, նրա պայքարի ու դժվարությունների մասին, և թե ինչպես նա հաղթահարեց դրանցից յուրաքանչյուրը՝ դառնալու «օրհնյալ կանանց մեջ»։ (Ղուկաս 1:42)
Մենք աղոթում ենք Եկեղեցու աղոթքով. «Աղաչում ենք Քեզ, Սուրբ Մարիամ, փառքով լի և Աստծո ծնող՝ Աստվածածին, բարձրացրու մեր աղոթքները դեպի Քո սիրելի Որդին, որպեսզի Նա ներողամիտ լինի մեր մեղքերին։ Ամեն»։
https://epostle.net/wp-content/uploads/2024/08/ECUAD054.jpg900600Վազգեն Մովսեսյանhttps://epostle.net/wp-content/uploads/2022/07/final_logo_large_for_epostle_web-300x189.pngՎազգեն Մովսեսյան2024-08-16 00:01:072024-08-15 19:59:27Ուժը մարդկության մեջ