Մեծ պահքի ուղին՝ օր 11. Աստծուց ավելի կարևորը
Օր 11. Ավելի կարևոր, քան Աստված
Պահքի բաղադրատոմս
Բաղադրատոմս 11. Տապակած կարտոֆիլի հովհարներ
Մեծ պահքի 11-րդ օրը. Աստծուց ավելի կարևորը
Մեծ պահքի տասնմեկերորդ օրը յուրահատուկ է մեր ուղևորության մեջ։ Տասնմեկը հավասար համամասնություն ունեցող առաջին և միակ պարզ թիվն է։ Այն հիշեցնում է մեզ մարմնի, հոգու և մտքի միջև եղած նուրբ հավասարակշռության մասին։ Այն հիշեցնում է մեզ պարզ թվերի եզակիության, ինչպես նաև մեր կյանքի եզակիության մասին։ Այդ հավասարակշռությունը մեր կյանքում գտնելը, անշուշտ, այն պատճառներից մեկն է, որի համար մենք ձեռնարկել ենք այս ուղևորությունը։
Այսօրվա պատգամը մեզ է հասնում Սուրբ Մատթեոսի ավետարանի 5-րդ գլխից։ Այստեղ Հիսուսը դիմում է մեծ բազմությանը այն քարոզում, որը հայտնի է որպես Լեռան քարոզ։ Քարոզում Հիսուսը ուրվագծում է կյանքի և ապրելակերպի ուղի։ Նրա պատգամը շատ պարզ է։ Նա խոսում է միմյանց հետ մեր հարաբերությունների մասին։ Այդ ընթացքում Նա նշում է, որ կա մի բան, որն ավելի կարևոր է, քան Աստված։
Մատթեոս 5:21-ում Հիսուսն ասում է. «Լսել եք, որ ասվեց հնօրյա մարդկանց. «Մի՛ սպանիր, և ով սպանի, դատապարտելի կլինի», բայց Ես Ձեզ ասում եմ, որ յուրաքանչյուր ոք, ով բարկանում է իր եղբոր վրա, դատապարտելի կլինի, և ով վիրավորում է իր եղբորը, դատապարտելի կլինի ատյանի առաջ, և ով ասում է՝ հիմար, դատապարտելի կլինի հրեղեն գեհենին»։
Քրիստոնեությունը, իրականում, շատ դժվար կրոն է գործնականում կիրառելու համար. ավելին, պնդում են, որ քրիստոնեությունը երբեք էլ իրականում չի կիրառվել՝ հաշվի առնելով այնպիսի հայտարարություններ, ինչպիսիք մենք կարդում ենք։ Հիսուսը մեզ ասում է, որ բավարար չէ միայն ասել, թե սպանությունը վատ բան է, այլ երբ Դուք Ձեր սրտում չարություն ունեք, երբ Դուք Ձեր եղբոր հանդեպ այդ զայրույթն եք պահում, Դուք կատարում եք այդ չար գործերը, սպանության այդ արարքները։ Նա ասում է. «Եթե Դուք զայրույթ ունեք և գործում եք այդ զայրույթի ազդեցությամբ ու վիրավորում Ձեր եղբորը, կամ եթե զայրացած եք և վատ եք խոսում Ձեր քրոջ մասին, ապա Դուք արդեն իսկ սպանություն եք գործում»։
Եթե մենք ցանկանում ենք մեր կյանքից ջնջել ատելությունն ու զայրույթը, ապա պետք է ուշադրություն դարձնենք այս պատգամին։ Այն չափազանց անհրաժեշտ է Հիսուսի բերած հեղափոխությունը հասկանալու համար։ Եվ հիմա, եթե ավելի խորը կարդանք, կգտնենք մի բան, որն էլ ավելի կարևոր է։ Իրականում, դա այն է, ինչը Հիսուսն ավելի կարևոր է համարում, քան Աստծուն։ Որքան էլ դժվար լինի դրան հավատալը, Սուրբ Գիրքը մատնանշում է Հիսուսի խոսքերը. «Ուրեմն, եթե Ձեր ընծան մատուցեք զոհասեղանին և այնտեղ հիշեք, որ Ձեր եղբայրը Ձեր դեմ բան ունի, թողեք Ձեր ընծան, թողեք Ձեր պատարագը և գնացեք։ Նախ հաշտվեք Ձեր եղբոր հետ, ապա նոր եկեք և մատուցեք Ձեր ընծան»։
Հաշտվել մեր եղբայրների հետ։ Հիսուսը մեզ ասում է, որ դա ավելի կարևոր է, քան Աստծո պաշտամունքը, այսինքն՝ Աստծո փառաբանումը։ Թողեք Ձեր ընծաները զոհասեղանին։ Թողեք Աստծուն։ Գնացեք, հաշտվեք Ձեր եղբոր հետ և ապա նոր վերադարձեք զոհասեղանի մոտ։ Նա պահանջում է, որ մենք սիրենք միմյանց։ Ուրիշներին սիրելու կարողությունը այն արտահայտությունն է, որը Աստված պահանջում է մեզանից։ Այդ սիրո մեջ մենք սկսում ենք հասկանալ մեր և մեր երկնային Հոր միջև եղած եզակի հարաբերությունը։
Քրիստոնեական պատգամը մարդկանց մասին է։ Այն ներդաշնակության մասին է, և այդ խաղաղ գոյությունը ստեղծվում է այն ժամանակ, երբ մենք դառնում ենք լուծման մասը։ Խոսքը ոչ թե երկնքին նայելու, այլ այստեղ՝ Երկրի վրա, միմյանց ձեռք մեկնելու մասին է։ Եթե մեր կյանքում պետք է լինի ներդաշնակություն, եթե այս աշխարհում պետք է լինի խաղաղություն, ապա դա ոչ թե այն պատճառով, որ ես աղոթք եմ հղում դեպի վեր, այլ որովհետև ես աղոթք եմ հղում դեպի կողք։ Ես ձեռք եմ մեկնում իմ եղբայրներին ու քույրերին և դառնում եմ սիրո փոխադրամիջոցը։ Ես եմ լինելու նա, ով ձեռք է մեկնում և դառնում հաշտության այդ միջոցը։ Իսկական խաղաղությունը, իսկական ներդաշնակությունը, իսկական գոյությունը միմյանց սիրելու մեջ է։
«Դուք չեք կարող ասել,- ասում է ավետարանիչ Հովհաննեսը,- որ սիրում եք Աստծուն, Ում չեք տեսնում, եթե նախ չեք սիրում եղբորը, Ում տեսնում եք»։ Քրիստոնյայի կյանքում չափազանց կարևոր է, որ մենք սա շատ հստակ և պարզ հասկանանք։ Աստված Սեր է։ Ուստի եկեք կրկնենք. «Դուք չեք կարող ասել, որ սիրում եք Աստծուն, Ում չեք տեսնում, եթե նախ չեք սիրում եղբորը, Ում տեսնում եք»։
Մեր առաջին պարտականությունը միմյանց սիրելն է։ Հիսուսն ասում է, որ սրանով ենք մենք դառնում քրիստոնյա։ Սիրելով՝ մարդիկ կիմանան, որ մենք իսկապես Նրա զավակներն ենք։
Մեծ պահքի այս տասնմեկերորդ օրը, երբ մենք գտնում ենք ներդաշնակություն և հավասարակշռություն, երբ մարմինը, հոգին և միտքը միավորվում են, հիշեք, թե որտեղ է Աստված ցանկանում, որ մենք լինենք։ Այն հարաբերությունները, որոնք պետք է խնամվեն, որոնք պետք է շտկվեն մեր կյանքում, սա կատարյալ ժամանակ է դրանց ուղղությամբ գործելու համար։ Մեծ պահքի շրջանը ժամանակ է՝ դուրս գալու և ձեռք մեկնելու դեպի կողք, ոչ միայն ուղղահայաց՝ Աստծո հետ, այլև հորիզոնական՝ Աստծո հետ, Ով մեր յուրաքանչյուրի մեջ է։ Ձեռք մեկնեք Ձեր շրջապատի մարդկանց՝ ասելով, որ այո, ես սայթաքել եմ, ես մեղանչել եմ։ Մենք բոլորս էլ սխալներ ենք անում, բայց ես պատրաստ եմ վեր կանգնել այդ անկատարությունից և դառնալ Աստծո զավակ։
Սիրելով միմյանց՝ հեռացրեք հին սովորություններն ու խնդիրները։ Սկսեք յուրաքանչյուր օրը որպես նոր արարչագործություն և գտեք այդ նոր արարչագործությունը Ձեր շրջապատի սիրելիների մեջ։
Եկեք եզրափակենք Սուրբ Ներսես Շնորհալու աղոթքով.
Անքնին Էություն, մեղանչեցի Քեզ մտքով, հոգով և մարմնով։ Մի հիշիր իմ նախկին մեղքերը, Քո Սուրբ անվան համար ողորմիր Քո արարածներին և ինձ՝ մեծ մեղավորիս։ Ամեն։ (Հավատով խոստովանում եմ 6/24)



2014 Հայր Վազգեն
1015 Epostle




2007 Epostle.net
Թողնել պատասխան
Ցանկանո՞ւմ եք միանալ քննարկմանը։Ազատորեն կիսվեք Ձեր մտքերով։