Գալուստ 3-50. Հոգով աղքատներ
Գալստյան 50 օրերից 3-րդը. Հոգով աղքատները
Առաջին հայացքից թվում է, թե Երանիները հակասում են աշխարհիկ արժեքներին։ Ավելի ուշադիր զննելիս հասկանում ենք, որ դրանք իրոք հակասության մեջ են աշխարհի որդեգրած հեռանկարի հետ։ Հիսուսը երջանկության մի ծրագիր է ներկայացնում, որտեղ խոնարհությունը գերադասվում է հպարտությունից։ Նա պնդում է, որ իսկական ուրախությունը ոչ թե մեր կուտակած նյութական հարստության, այլ ուրիշներին օգնելու մեջ է։
Անգլիկան եկեղեցական Ջ. Բ. Ֆիլիպսը ներկայացնում է աշխարհիկ երանիների մի ցանկ, որն ունի այսպիսի տեսք. «Երանի հրմշտողներին, քանզի նրանք առաջ են գնում աշխարհում։ Երանի կոշտերին, քանզի նրանք թույլ չեն տալիս, որ կյանքը վիրավորի իրենց։ Երանի նրանց, ովքեր բողոքում են, քանզի վերջում հասնում են իրենց ուզածին։ Երանի ստրկատերերին, քանզի նրանք արդյունքի են հասնում։ Երանի գիտակներին, քանզի նրանք գիտեն իրենց անելիքը։ Երանի խռովարարներին, քանզի նրանք ստիպում են, որ մարդիկ նկատեն իրենց»։ Սա ավելի համահունչ է նրան, ինչին մենք սովոր ենք, և այստեղ է, որ մենք հասկանում ենք քրիստոնեության և աշխարհիկ ուղիների միջև առկա լարվածությունը։
«Պտուտակի նամակներում» Ք. Ս. Լյուիսը գրում է, որ երջանկության գայթակղությունը «երբեք չբավարարվող հաճույքի նկատմամբ երբեք չմարող տենչն է»։
Երբ Հիսուսն ասում է. «Երանի հոգով աղքատներին, քանզի նրանցն է երկնքի արքայությունը», Նա մեզ հրավիրում է խորհելու այն իսկական գանձերի մասին, որոնք հիմնված չեն աշխարհի սահմանած չափանիշների վրա։ Հոգով աղքատ մարդը չի պարծենում իր տաղանդներով կամ որևէ այլ բանով, քանի որ գիտի՝ ամեն ինչ կախված է Աստծո ողորմությունից։ Հոգով աղքատները գիտակցում են իրենց հոգևոր կարիքը։ Այս գիտելիքը հոգևոր աճի առաջին քայլն է, ճիշտ այնպես, ինչպես «ես չգիտեմ» ասելը մարդուն բացում է կրթության հրաշալի աշխարհի առջև։
Մի՛ շփոթեք սա այն քննադատության հետ, թե «անտեղյակությունը երանություն է»։ Ավելի շուտ մտածեք, որ Աստծո ներկայության մեջ մեր երանության շնորհիվ մենք հասկանում ենք մեր մարդկային էությունը։ «Երանի հոգով աղքատներին, հեզերին, ողորմածներին և սրտով մաքուրներին...» մեր առօրյա կյանքի մարտահրավերներն են՝ հասկանալու Աստծո մեծությունը և մեր տեղը որպես Նրա արարածներ։
Մենք գիտակցում ենք մեր դատարկությունը՝ առանց Աստծո։ Մենք սիրո և կարեկցանքի ոգով ձգտում ենք դեպի ուրիշները՝ առաջնորդվելով մեր խոնարհությամբ։ Մենք այստեղ ենք ծառայելու համար։
Ավագ հինգշաբթի օրը Հայոց եկեղեցում մի վարդապետ՝ եկեղեցու վարդապետության գիտակը, մի աղոթք է գրել, որը մենք օգտագործում ենք որպես այսօրվա աղոթքի հիմք։ «Տե՛ր և Փրկիչ Հիսուս Քրիստոս, մենք խոնարհեցնում ենք մեր գլուխները Քո ներկայության մեջ։ Դու՝ որպես Տեր և Աստված, խոնարհվեցիր՝ լվանալով Սուրբ Առաքյալների ոտքերը։ Դու մեզ օրինակ տվեցիր և խնդրեցիր, որ մենք էլ նույնն անենք միմյանց հանդեպ։ Ամեն անգամ, երբ թույլ եմ տալիս, որ հպարտությունը մեծանա իմ մեջ, երբ իմ հպարտությունը դրսևորում եմ զայրույթի և դառնության միջոցով, ես դառնում եմ նրանց նման, ովքեր Քեզ մատնեցին Խաչին։ Ես Քեզ կրկին Խաչի վրա եմ բարձրացնում։ Ներիր ինձ և օգնիր կենտրոնանալ Քո խոնարհ ծառայության օրինակի վրա։ Ամեն»։
Շապիկ՝ Լունա և Գրեգորի Բեյլերյաններ Epostle.net-ի համար

2023 Epostle
2018 Fr Vazken
2025 Epostle
2024 Fr. Vazken

2023 Epostle
2023 Epostle.net
Թողնել պատասխան
Ցանկանո՞ւմ եք միանալ քննարկմանը։Ազատորեն կիսվեք Ձեր մտքերով։