Գալուստ 5-50. Քաղց արդարության համար
Սուրբ Ծննդյան պահքի 5-րդ օրը 50-ից. Քաղց
Ամերիկայում Գոհաբանության օրվա տոնակատարությանը զուգընթաց գալիս է նաև առատ սեղաններ գցելու ավանդույթը, որը խորհրդանշում է Նոր աշխարհում ուխտավորների կիսած առաջին ճաշկերույթը։ Թերևս սովը վերջին բանն է, որ ակնկալում եք լսել այսօր, սակայն Հիսուսը միշտ անսպասելին մատուցողն էր, ուստի մենք էլ հետևում ենք Նրա օրինակին։
«Երանի՜ նրանց, որ քաղցն ու ծարավն ունեն արդարության, որովհետև նրանք պիտի հագենան», – ասում է Հիսուսը (Մատթեոս 5:6)՝ Լեռան քարոզում Իր էական ուսմունքների նախաբանի շրջանակում։ Քաղցը ֆիզիոլոգիական երևույթ է։ Մարմինը, ինքնապահպանման իր բնազդով, ուղեղին ազդանշան է տալիս, որ ուտելու ժամանակն է։ Քաղցը պետք է հագեցվի, որպեսզի մարմինը շարունակի գործել։
Հոգևոր աշխարհում նույնն է։ Երբ անիմաստ զբաղմունքներից առաջացած դատարկությունը ազդանշան է ուղարկում ուղեղին, մեր հոգևոր ախորժակը սկսում է գործել։
Մենք գիտենք, որ ֆիզիկական սովի դեպքում սնունդը կարող է տարբեր լինել։ Որոշ կերակուրներ արագ հագեցում են տալիս, մինչդեռ մյուսները ավելի երկարատև են։ Հոգևոր աշխարհում նույնն է։ Կան կերակուրներ, ինչպես օրինակ՝ քաղցրավենիքը կամ կարկանդակը, որոնք արագ բավարարվածություն են պարգևում, բայց մեզ թողնում են առանց իրական սննդի։ Այստեղ Հիսուսը մատնանշում է ճաշացանկի հիմնական կետը՝ Արդարությունը։ Նրանք, ովքեր քաղցում և ծարավում են արդարության, կհագենան։
Արդարությունը վերացական կամ սուբյեկտիվ հասկացություն չէ։ Հիսուսն ասում է. «Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը»։ Հիշե՛ք, որ մենք ճանապարհորդում ենք Սուրբ Ծննդյան պահքի ընթացքում։ Մենք պատրաստվում ենք այն արդարության հայտնությանը, որը մեզ քաղցած չի թողնի։ Այսօր մենք և՛ քաղց ենք զգում, և՛ ունենք հագենալու երաշխիքը։ Մեր պատրաստության համար համբերություն է հարկավոր։
Աղոթենք Սաղմոսներից (37)
Մի՛ վրդովվիր չարագործների պատճառով և մի՛ նախանձիր անօրեններին, քանզի նրանք խոտի պես շուտ կթառամեն և կանաչ բույսի պես կչորանան։ Հուսա՛ Տիրոջը և բարի՛ք գործիր, բնակվի՛ր երկրում և վայելիր ապահով արոտավայրերը։ Ուրախացի՛ր Տիրոջով, և Նա կկատարի քո սրտի փափագները։ Քո ճանապարհը հանձնի՛ր Տիրոջը, վստահի՛ր Նրան, և Նա կգործի. Նա քո արդարությունը կհանի լույսի պես, և քո իրավունքը՝ կեսօրվա արեգակի պես։ Լռի՛ր Տիրոջ առաջ և համբերությամբ սպասի՛ր Նրան. մի՛ վրդովվիր, երբ մարդիկ հաջողության են հասնում իրենց ճանապարհներին կամ իրագործում են իրենց չար նպատակները։ Հրաժարվի՛ր բարկությունից և թող զայրույթը. մի՛ վրդովվիր, դա միայն չարիքի է տանում։ Չարագործները կոչնչանան, իսկ Տիրոջը հուսացողները կժառանգեն երկիրը։ Մի փոքր ժամանակ ևս, և ամբարիշտը չի լինի. կփնտրես նրան, բայց չես գտնի։ Իսկ հեզերը կժառանգեն երկիրը և կվայելեն խաղաղություն ու բարօրություն։
Շապիկ՝ Լունա և Գրեգորի Բեյլերյաններ Epostle.net-ի համար

2023 Epostle.net
2009 Հայր Վազգեն
2009 Հայր Վազգեն Մովսեսյան




2023 Epostle.net
Թողնել պատասխան
Ցանկանո՞ւմ եք միանալ քննարկմանը։Ազատորեն կիսվեք Ձեր մտքերով։