Ուղղորդող աղոթք (Դատավոր)
Արմոդոքսիան այսօր. Ուղղորդված աղոթք
Անիրավ դատավորի մասին առակը Մեծ պահքի այս շաբաթվա թեման է։ Առակը գրված է Ղուկասի Ավետարանի 18-րդ գլխում։ Երեկ մենք լսեցինք մի դատավորի պատմությունը, ով ո՛չ Աստծուց է վախենում, ո՛չ էլ մարդկանցից է ամաչում։ Նրան անընդհատ հետապնդում է մի այրի կին, ով աղաչում է նրան՝ քննել իր գործը։ Ի վերջո, նա հանձնվում է՝ մտածելով, որ կինը կհոգնեցնի իրեն, եթե ինքը չքննի նրա գործը։
Այս առակը կարող է ոմանց մոտ այնպիսի տպավորություն թողնել, թե Հիսուսը բացատրում է, թե ինչպես է Աստված պատասխանում աղոթքներին, և որ եթե մենք համառ լինենք, կարող ենք ստիպել Աստծուն տալ մեզ այն, ինչ ցանկանում ենք։ Հավանաբար հենց այդ պատճառով է ավետարանիչ Սուրբ Ղուկասը առակի նախաբանում մի քանի բացատրական խոսք գրում։ Նա ասում է. «Հիսուսն իր աշակերտներին այս առակը պատմեց ցույց տալու համար, որ նրանք պետք է միշտ աղոթեն և չհուսահատվեն»։ Սուրբ Ղուկասի նախաբանը հուշում է, որ իր ժամանակներում՝ առաջին դարում, ինչպես և այսօր, աղոթքի բնույթի վերաբերյալ թյուրըմբռնում կար և կա։
Երբ Հիսուսը մեզ սովորեցնում է «Տերունական աղոթքը», նա զգուշացնում է. «Աղոթելիս շատախոս մի՛ եղեք։ Ձեր երկնավոր Հայրն արդեն գիտի, թե ինչի կարիք ունեք։ Ուրեմն, երբ աղոթում եք, աղոթե՛ք այսպես. Հայր մեր, որ երկնքում ես...»։ Եկե՛ք մի պահ մտածենք այս մասին։ Եթե մեր երկնավոր Հայրը գիտի մեր կարիքները, ապա ինչո՞ւ պետք է աղոթենք։ Այս հարցը մատնում է այն փաստը, որ մենք սխալ ենք հասկանում աղոթքը։
Աղոթքը պարզապես Աստծո հետ զրույց չէ։ Մենք աղոթում ենք, որովհետև մենք ինքներս մեզ հետ զրուցելու կարիք ունենք։ Աստված արդեն գիտի մեր սրտի ցանկությունները։ Նա գիտի մեր կարիքները և, որպես սիրող հայր, ցանկանում է լավագույնը մեզ համար։ Իրական հարցն այն է՝ արդյո՞ք մենք գիտենք մեր կարիքները։ Գուցե տարօրինակ հնչի, բայց եթե Դուք իսկապես կենտրոնացած չեք Ձեր կյանքի վրա, ապա կասկածելի է, թե արդյոք գիտեք, թե որոնք են Ձեր կարիքները։
Կարծո՞ւմ եք՝ Աստված չգիտի, որ Դուք ձեզ միայնակ եք զգում։ Այնուամենայնիվ, միայն Դուք կարող եք ձգտել դեպի մեկ ուրիշը՝ ընկերակցություն գտնելու համար։ Աղոթե՛ք, ուրեմն, քաջության համար, անցյալը ներելու կարողության համար։ Կարծո՞ւմ եք՝ Աստված չգիտի, որ Ձեր ընկերը պայքարում է մի հիվանդության դեմ, որը կարող է սպառել նրա կյանքը։ Այնուամենայնիվ, Դուք ունեք ոտքեր՝ նրա սենյակ մտնելու, և ձեռքեր՝ նրա դժվարին պահին նրան գրկելու համար։ Աղոթե՛ք, ուրեմն, ուժի համար, մեկնաբանություններին դիմադրելու և միայն լսելու կարողության համար։ Կարծո՞ւմ եք, որ Աստված չգիտի, որ աշխարհը հուսահատության մեջ է և պատերազմի եզրին։ Այնուամենայնիվ, միայն մարդիկ՝ Դուք և ես, ունենք այն ուժը, որպեսզի վայր դնենք մեր զենքերը։ Աղոթե՛ք, ուրեմն, խաղաղության ոգու համար, որպեսզի այն լինի Ձեր ներսում և Դուք դառնաք այդ խաղաղության գործիքը, ուր էլ որ գնաք։
Աղոթե՛ք Աստծուն, բայց այդ աղոթքն ուղղե՛ք այն Աստծուն, ով բնակվում է ինչպես Ձեր մեջ, այնպես էլ Երկնքում։ Սա Անիրավ դատավորի մասին առակի ևս մեկ դաս է։
Վաղը մենք ավելի խորը կանդրադառնանք աղոթքի բնույթին։ Այսօր մենք աղոթում ենք. Լսի՛ր իմ աղոթքը, Տե՛ր, և բացի՛ր իմ հոգին Քո ողորմությանն ու սիրուն։ Ամեն։

2026 Առաքյալ
2025 Առաքյալ

2010 Տեր Վազգեն
2025 Առաքյալ


2026 Առաքյալ
2026 Առաքյալ
Թողնել պատասխան
Ցանկանո՞ւմ եք միանալ քննարկմանը։Ազատորեն կիսվեք Ձեր մտքերով։