Սուրբ Թարգմանիչներն այսօր
Հայրախոսությունն այսօր. Թարգմանիչը
Թարգմանությունը հասկանալու առաջին քայլն է։ Այն փաստը, որ մերօրյա աշխարհում այնքան շատ է թյուրըմբռնումը, վկայում է թարգմանելու անկարողության (կամ անցանկության) մասին։ Առաջիկա հանգստյան օրերին Հայ Եկեղեցին նշում է «Սրբոց Թարգմանչաց» տոնը։ Այս խմբի անդամները ժամանակակիցներ չեն եղել, այսինքն՝ ապրել են տարբեր ժամանակաշրջաններում՝ շուրջ 700 տարվա տարբերությամբ, սակայն նրանք հայտնի են որպես մեկ խումբ՝ Սուրբ Թարգմանիչներ։ Երեկ մենք անդրադարձանք այս խմբին և պարզեցինք, որ նրանց միավորող ընդհանուր գիծը բարդ ու խճճված երևույթները պարզեցնելու և հաղորդակցելի դարձնելու նրանց կարողությունն էր։
Հիսուսը վերջնական թարգմանիչն էր։ Նա եկավ մի աշխարհ, որը պատված էր օրենքներով ու կանոնակարգերով, որոնք մարդկանց օտարացնում էին հավատքի էությունից՝ Աստծուց։ Նա պարզեցրեց այն։ Ցորենի, սերմերի, հողի և տաղանդների մասին առակներով Նա պարզեցրեց նպատակի և աստվածակենտրոնության ամենաբարդ գաղափարները։ Նա պարզեցրեց բարդ օրենքները։ Հին Կտակարանում կա 617 օրենք։ Մովսեսը դրանք հասցրեց 10 պատվիրանի։ Հիսուսը դրանք էլ ավելի պարզեցրեց՝ հասցնելով մեկ բառի՝ Սեր։ «Սիրի՛ր Տիրոջը՝ քո Աստծուն, քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով և քո ամբողջ մտքով», – պատասխանեց Նա, երբ հարցրին, թե որն է մեծագույն պատվիրանը։ «Եվ երկրորդը նման է դրան. Սիրի՛ր մերձավորիդ քեզ պես։ Այս երկու պատվիրաններից են կախված ամբողջ Օրենքը և Մարգարեները» (Մատթեոս 22:37-38)։
Մտածե՛ք, թե որքան պարզ է սա։ Եթե սիրում եք Աստծուն և սիրում եք մերձավորին, ապա չեք կարող սպանել, չեք կարող ստել, չեք կարող գողանալ, դուք լցված եք ուրիշների հանդեպ հարգանքով։ Հետևաբար, օրենքի և մարգարեների պարզեցումը գտնվեց Հիսուս Քրիստոսի անձի մեջ։ Նա օրենքի և մարգարեների կատարումն է։ Նա հստակ ասաց. «Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը» (Հովհաննես 14:6)։
Սուրբ Թարգմանիչները մարդկանց ուղղորդում էին դեպի Քրիստոս։ Հենց Սուրբ Ներսես Շնորհալին՝ այս խմբի 12-րդ դարի անդամը, Քրիստոսին նույնացրեց Սիրո հետ։ «Անունն է սիրո՝ Հիսուս», - գրել է նա «Առավոտ Լուսո» շարականում։ Մատնանշելով Քրիստոսին՝ Սուրբ Թարգմանիչները մատնանշում էին սերը՝ որպես ըմբռնման ոսկե բանալի։ Այսինքն՝ սիրո միջոցով ամենաբարդ և խճճված իրողությունները թարգմանվում և պարզեցվում են։
Թարգմանիչները պատմական անձինք են, սակայն մեր օրերում ևս կան թարգմանիչներ։ Մտածեք մի մոր մասին, որը կանգնած է իր ամուսնու, երեխաների, երբեմն ծնողների կամ հարազատների միջև և ինչ-որ կերպ թարգմանում է տարբերվող մտքերն ու տրամադրությունները՝ ներդաշնակություն հաստատելու համար։ Մտածեք ուսուցչի մասին, որը լրացուցիչ ժամանակ է հատկացնում աշակերտին՝ վստահեցնելու նրան, որ անհաջող քննությունից հետո էլ կան հնարավորություններ։ Կամ մտածեք քահանայի մասին, որը մխիթարություն է բերում մի ընտանիքի, որը չի կարողանում հասկանալ, թե ինչպես է վերապրելու սիրելիի ողբերգական կորուստը։ Նրանք բոլորն այն մարդիկ են, ովքեր ընդունել են թարգմանելու՝ այսինքն՝ ուրիշներին հասկանալու հրավերը։ Եվ այդ հրավերն այժմ տրված է մեզ՝ Ձեզ և ինձ։ Ընդունե՛ք այդ հրավերը։ Թարգմանե՛ք դառնության, ատելության, անջատողականության և այն ամենի բարդությունը, ինչը խանգարում է մեզ հասկանալ միմյանց, թարգմանե՛ք դրանք Քրիստոսի պատգամի պարզության՝ սիրո միջոցով։
Աղոթենք. «Տե՛ր Քրիստոս մեր Աստված, Ձեր Սուրբ Թարգմանիչների՝ Սուրբ Մեսրոպի, Եղիշեի, Մովսես Քերթողի, Դավիթ Անհաղթ փիլիսոփայի, Գրիգոր Նարեկացու և Ներսես Կլայեցու բարեխոսությամբ, խնդրում եմ, որ բացեք սիրտս ըմբռնման համար, որպեսզի կարողանամ ներդաշնակ լինել շրջապատիս և նրանց հետ, ում հետ շփվում եմ։ Թող որ ուրախություն գտնեմ Ձեր սիրո պատվիրանի պարզության մեջ և այն միշտ պահեմ իմ առջև՝ այս կյանքով անցնելիս։ Ամեն ինչում փառաբանում եմ Ձեզ՝ Հոր և Սուրբ Հոգու հետ։ Ամեն»։



2026 Առաքյալ

2025 Առաքյալ


2025 Առաքյալ
Թողնել պատասխան
Ցանկանո՞ւմ եք միանալ քննարկմանը։Ազատորեն կիսվեք Ձեր մտքերով։