Մեծ պահքի ուղին՝ օր 19. Եսասիրություն
Պահքի բաղադրատոմս
Բաղադրատոմս 19. Թխված քաղցր կարտոֆիլի շերտեր
Մեծ պահքի 19-րդ օրը. Ես-ը
Մենք Մեծ պահքի երրորդ շաբաթում ենք։ Սա բարի ճանապարհորդություն է։ Մենք ժամանակ ենք ունեցել՝ նայելու մեր ներսը, խորհրդածելու, աղոթելու։ Մենք սահմանափակել ենք մեր սննդակարգը, ինչպես նաև՝ դատարկախոսությունը։ Մենք մեզ լավ ենք զգում։ Մեր կատարած փոփոխությունները սկսում են ազդել ուրիշների՝ մեր ընտանիքների, շրջապատի, աշխատավայրի, համայնքների և, հետևաբար, մեր աշխարհի վրա։
Այժմ մենք սկսում ենք հասկանալ, որ իրական փոփոխությունները գալիս են ներսից։ Հնարավոր է՝ սա միակ բանն է, որ մենք կարող ենք փոխել այս աշխարհում, քանի որ սա միակ բանն է, որի նկատմամբ մենք լիակատար վերահսկողություն ունենք։ Աստված այդ վերահսկողությունը դնում է մեր ձեռքերում։ Նա տալիս է մեզ այս կյանքը և թույլ է տալիս ապրել այնպես, ինչպես մենք ենք ցանկանում։
Մենք եզրափակում ենք այս շաբաթը՝ դիտարկելով Անառակ որդու պատմության ևս մեկ կողմ՝ «Ես»-ի կողմը։ Տեսեք, կյանքում մեր բոլոր դժվարությունները բխում են «Ես»-ից։ Այդ իսկ պատճառով բոլոր մեծ կրոնները, ճշմարիտ կրոնները, պահանջում են, որ դուք հրաժարվեք «Ես»-ից՝ որպես ձեր հոգևոր կարգապահության մաս։ Քրիստոնյայի համար մենք հիշեցնում ենք Հիսուսի խոսքերը. «Ով սիրում է իր կյանքը, կկորցնի այն, իսկ ով ատում է իր կյանքը այս աշխարհում, կպահպանի այն հավիտենական կյանքի համար»։
Նայեք այն մեծ մարդկանց, ովքեր ազդել են հասարակության և կյանքի վրա և պատմության մեջ արձանագրվել են շատ դրական կերպով։ Դուք նրանց բոլորի կենսագրություններում շատ նման բան կգտնեք։ Նրանք պատրաստակամ են եղել զոհաբերելու իրենց։ Նրանք տվել են իրենցից։ Այժմ, սա մի՛ շփոթեք ցածր ինքնագնահատականի կամ ցածր ինքնարժեքի հետ։ Մարդիկ, ովքեր դրականորեն են ազդում կյանքի վրա, ունեն իրենց մասին շատ դրական պատկերացում, բայց նրանք նաև պատրաստ են զոհաբերության, քանի որ այդ դրական ինքնապատկերը կեղծ չէ և կառուցված չէ սուտ հպարտության վրա։
Կեղծ հպարտությունը շատ հեշտ է ձեռք բերել։ Հատկապես Մեծ պահքի որոշ ծեսեր անցնելիս, ինչպես մենք ենք անում հիմա, շատ հեշտ է վստահորեն պարծենալ. «Նայեք ինձ, ես անում եմ մի բան, որը ուրիշները չեն կարող անել»։ Այդ հայտարարության մեջ մենք մոռանում ենք Մեծ պահքի շրջանի պատճառը։ Այլ կերպ ասած՝ միջոցը դառնում է մեր գործողությունների կենտրոնը, այլ ոչ թե մեր ջանքերի նպատակը։ Մեծ պահքի նպատակն է բարելավել մեզ և, հետևաբար, բարելավել մեր հարաբերությունները և մեր աշխարհը։ Նույն կերպ մենք կարող ենք մտածել Մեծ պահքի ընթացքում մեր սննդային սահմանափակումների մասին։ Կենդանական ծագման մթերքներից հրաժարվելու պատճառ կա։ Սա ոչ միայն խոլեստերինը կամ քաշը նվազեցնելու համար է, այլև իրավիճակը հավասարակշռելու և հասկանալու համար, թե ինչն է էական մեր կյանքում։
Մտածեք այն մեծ մարդկանց մասին, ովքեր ազդել են աշխարհի վրա։ Այժմ կենտրոնացեք ձեր սեփական կյանքի մեծ մարդկանց վրա։ Նրանք կարող են լինել ծնող, ուսուցիչ կամ դաստիարակ։ Դուք կրկին կհայտնաբերեք, որ նրանք այն մարդիկ են եղել, ովքեր պատրաստակամ են եղել իրենց երկրորդ պլան մղել՝ ուրիշների կյանքը բարելավելու համար՝ լինեն դա իրենց երեխաները, ամուսինները, կանայք, իրենց երկիրը, հասարակությունը կամ համայնքը։ Ինչ էլ որ լինի, նրանց կատարած զոհաբերության մեջ «Ես»-ը զսպված է եղել։ «Ես»-ը մի կողմ է դրվել, որպեսզի ուրիշներին թույլ տրվի բարգավաճել։
Երեխաներ մեծացնելը, ամուսնուն կամ կնոջը աջակցելը, տարեց ծնողների հոգսը հոգալը, շրջապատի մարդկանց սեր ու ջերմություն ընծայելը զոհողություն են պահանջում: Եկեղեցական կյանքում հաճախ ենք կարիք ունենում կամավորների՝ գործերն իրականացնելու համար: Երբեմն մտածում ենք՝ արդյո՞ք ավելի հեշտ չէր լինի վարձատրել մարդկանց այդ պաշտոններում աշխատելու համար: Անշուշտ, դա ավելի հեշտ կլիներ, սակայն եկեղեցում գործերն առաջ տանելու իրական ուժը կամավորների մեջ է, քանի որ կամավորության դեպքում ես-ը պետք է զսպվի:
Երբ Դուք ծնկի եք իջնում և մաքրում եկեղեցու հատակը, Դուք ընդունում եք, որ այնտեղ կա Ձեզանից ավելի մեծ մի բան, որին պետք է ծառայել: Երբ Դուք կամավորագրվում եք օգնելու հասարակական կազմակերպություններին, այնպիսի կառույցներին, որոնք ձգտում են խաղաղության կամ համաշխարհային արդարության, Դուք «ավելի մեծ է» նշանը (>) դնում եք նպատակի և Ձեր միջև: Կամավորության մեջ ես-ը մնում է հետին պլանում: Դուք այնքան կարևոր չեք, որքան «մենք»-ը:
Անառակ որդու պատմության մեջ կրտսեր եղբորը մղում է ես-ը: Նա ուզում է իր ժառանգությունը ոչ թե հասարակական նախագծի, ոչ թե այլ մարդկանց կյանքը բարելավելու, այլ իր հաճույքի համար: Մենք արագ տեսնում ենք, որ երբ փողը վերջանում է, վերջանում է նաև հաճույքը: Նրա ընկերները հեռանում են: Նրա ձեռք բերած իրերը ներքին արժեք չունեն: Նրան մղում էր ես-ը, և նա կորցրեց կյանքի արժեքը:
Մտածեք Ձեր կյանքի բոլոր դժվարությունների մասին. կարո՞ղ եք դրանք կապել ես-ի հետ: Մտածեք մեր կողմից առանձնացված յոթ հիմնական մեղքերի մասին՝ հպարտություն, նախանձ, բարկություն, որկրամոլություն, պոռնկություն, ծուլություն և ագահություն: Այս մեղքերից յուրաքանչյուրի հիմքում ընկած է ես-ը, որը պետք է կերակրել: Երբ մենք ազատվում ենք ես-ից կամ գոնե նվազեցնում ենք այն, սկսում ենք տեսնել, որ մեր դրդապատճառները դառնում են ավելի մաքուր, իսկ գործողությունները՝ ավելի արդյունավետ: Մենք սկսում ենք հասկանալ, որ տալիս ենք, որովհետև տալը ճիշտ է, ոչ թե այն պատճառով, որ փոխարենը ինչ-որ բան ենք ակնկալում: Մենք հոգ ենք տանում մարդկանց մասին, որովհետև ճիշտ է հոգ տանել նրանց մասին, ոչ թե այն պատճառով, որ պարտավոր ենք: Եթե մենք սիրում ենք մարդկանց, ապա դա անում ենք, որովհետև սիրելը ճիշտ է, ոչ թե այն պատճառով, որ ապրում ենք ուրիշի գաղափարներով: Երբ ես-ը լքվում է, մենք գտնում ենք նպատակի և անձի նոր մաքրություն: Մեր դրդապատճառներն ու մտադրությունները շարժվում են դեպի վեհը և, գուցե, նույնիսկ սրբազանը: Մենք գտնում ենք ուժ՝ դառնալու այն մարդիկ, որոնք ցանկանում ենք և պետք է լինենք: Այդ իսկ պատճառով մեր Տեր Հիսուս Քրիստոսը հիշեցնում է մեզ. «Երանի՜ նրանց, որ սրտով մաքուր են, որովհետև նրանք Աստծուն պիտի տեսնեն»: Այսօրվա խորհրդածությունն ավարտելու համար աղոթենք Սուրբ Ներսես Շնորհալու աղոթքով. Որդի Աստծո, ճշմարիտ Աստված, որ Հոր գրկից իջար և մեր փրկության համար սուրբ Կույս Մարիամից մարմնացար, խաչվեցիր, թաղվեցիր, մեռելներից հարություն առար և համբարձվեցիր առ Հայր: Մեղանչեցի երկնքի դեմ և Քո առաջ: Հիշի՛ր ինձ, ինչպես ավազակին, երբ գաս Քո արքայության մեջ: Ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ մեծ մեղավորիս: (Հավատով խոստովանիմ 4/24)


2009 Հայր Վազգեն Մովսեսյան
2025 Հայր Վազգեն
2014 Հայր Վազգեն
2024 Հայր Վազգեն



Թողնել պատասխան
Ցանկանո՞ւմ եք միանալ քննարկմանը։Ազատորեն կիսվեք Ձեր մտքերով։