Մյուռոնը՝ ամենաբարձր մակարդակով
Արմոդոքսի՝ այսօրվա համար. Մյուռոնը՝ վերին աստիճանի
Սրբալույս Մյուռոնի օրհնության նման արարողությունների ժամանակ անխուսափելի է, որ մարդիկ հարցնեն արարողակարգը ուղեկցող շքեղության մասին։ Հաշվի առնելով, որ Հիսուսը համեստ հագուստով էր շրջում, ինչպե՞ս կարող ենք արդարացնել այն փայլն ու ոսկեզօծությունը, որը ցուցադրվում է այս արարողություններին։ Ավելին, հաշվի առնելով Հայաստանի և հարևանների միջև հարաբերությունների փխրուն վիճակը, ինչպես նաև ժողովրդի կրած դժվարություններն ու զրկանքները, ինչպե՞ս կարելի է արդարացնել այս արտահայտչաձևը՝ բարդ զգեստներով և զարդարանքներով։ Սա նման է այն աշակերտին, որը տեսավ Հիսուսին թանկարժեք յուղով օծող կնոջը և հարցրեց Հիսուսին, թե ինչպե՞ս կարող է Նա թույլ տալ այդպիսի վատնում։ Այն կարելի էր վաճառել և հասույթը տալ աղքատներին (Մատթեոս 26, Ղուկաս 7)։
Մեր եկեղեցական արարողությունների շքեղության և Հիսուսի կյանքի պարզության միջև եղած անհամապատասխանությունը միշտ պատասխան է պահանջել։ Դարեր առաջ Հայոց եկեղեցու նշանավոր հայրապետներից մեկին նույն կերպ էին քննադատում. «Ձեր ժողովուրդը տառապում է, իսկ Դուք շրջում եք այսպիսի բարդ ու փայլուն զգեստներով»։ Մոտենալով բողոքողին՝ Հայրապետը հանեց իր վերնազգեստը՝ ցույց տալով մարմնին հպված կոպիտ քրքումե շապիկը։ Նա բացատրեց, որ իր գեղեցիկ զգեստները ծառայում են հույսը վառ պահելուն և արժանապատվություն ներշնչելուն այն ժողովրդին, որը կրել է պարտություն պարտության հետևից և անասելի հալածանքներ։ Գեղեցիկ զգեստներով հանդես գալը նրա միջոցն էր՝ կիսելու մեր հավատքից բխող դրական պատգամը։ Մինչդեռ մարմնին հպված կոպիտ կտորի շփումը նրան անընդհատ հիշեցնում էր այն ցավն ու տառապանքը, որը կրում էր իր ժողովուրդը։
Հալածանքներ ու տառապանքներ տեսած, պարտություն պարտության հետևից ապրած ժողովրդի համար Սրբալույս Մյուռոնի օրհնության պես իրադարձությունները մեր հավատքի հիմնաքարի՝ Հիսուս Քրիստոսի վրա կենտրոնանալու ժամանակ են։ Նա ժողովրդին կյանք խոստացավ և հույս պարգևեց՝ իմանալով հանդերձ, որ Իր սիրելի արարածները Իրեն կմատնեն խաչելության։ Տառապանքի ֆոնին այս գեղեցիկ ու շքեղ օրհնությունը հիշեցում է մեր Տեր Հիսուսի խոսքերի. «Աշխարհի մեջ նեղություն պիտի ունենաք, բայց քաջալերվե՛ք, Ես հաղթեցի աշխարհին» (Հովհաննես 16)։
Այսօր մենք աղոթում ենք Սուրբ Եփրեմի աղոթքով. «Տէր և Տիրակալ կենաց իմոց, հոգի ծուլութեան, զբօսասիրութեան, սիրոյ իշխանութեան և բանսարկութեան մի տուր ինձ։ Այլ հոգի ողջախոհութեան, խոնարհութեան, համբերութեան և սիրոյ շնորհեա ծառայի քում։ Այո՛, Տէր, շնորհեա ինձ տեսանել զիմս յանցանս և մի դատել զեղբայր իմ, զի օրհնեալ ես յաւիտեանս. Ամէն»։


2024 Հայր Վազգեն
2018 Հայր Վազգեն
2025 Epostle
2025 Epostle
2023 Epostle


2024 Հայր Վազգեն
Թողնել պատասխան
Ցանկանո՞ւմ եք միանալ քննարկմանը։Ազատորեն կիսվեք Ձեր մտքերով։