Յուղոտ կեղծավորություն
Արմոդոքսիան այսօր. Յուղոտ կեղծավորություն
Կայսրինը՝ կայսրին, իսկ Աստծունը՝ Աստծուն. սա այն կետն էր, որտեղ մենք կանգ առանք երեկ։ Եռանդով և սրբազանը պղծից տարանջատելու ձգտումով՝ շատերը շտապում են արտաբերել այս խոսքերը՝ փորձելով հեռու մնալ անսուրբ քաղաքական գործիչներից՝ լինի դա Կայսրը, թե քաղաքային խորհրդի անդամը։ Եվ հետո նրանք (բառացիորեն) բախվում են Անիրավ տնտեսի առակին և լսում Քրիստոսի խոսքերը, որոնք մատնանշում են աշխարհի գործիքներն օգտագործելու անհրաժեշտությունը՝ այս աշխարհի մարդկանց հետ հարաբերվելիս։ Բարեկամներ ձեռք բերե՛ք անիրավ մամոնայով, որպեսզի երբ ձախողվեք, նրանք ձեզ ընդունեն հավիտենական օթևաններում։ (Ղուկաս 16)
Կայսրին պատկանողը Աստծուց տարանջատելուն նախորդող հատվածում մենք տեսնում ենք, որ Հիսուսի ժամանակների կրոնական վերնախավը փորձում էր ծուղակը գցել Նրան՝ «յուղելով» Նրա ճանապարհը։ Լսե՛ք հարցադրմանը նախորդող խոսքերը.
«Վարդապե՛տ, գիտենք, որ Դուք ճշմարիտ եք։ Դուք ոչ մեկի աչքին չեք նայում և ոչ մեկի հանդեպ կողմնակալություն չեք ցուցաբերում, այլ Աստծու ճանապարհը ճշմարտությամբ եք ուսուցանում»։ Սա, հավանաբար, Հիսուսի համար առաջին ազդանշանն էր, որ դրան հաջորդելու է խայթոցը։ Նրանք հարցրին. «Կայսրին հարկ տալը օրինակա՞ն է, թե՞ ոչ։ Պե՞տք է տանք, թե՞ ոչ»։
Մարկոսը գրում է. «Հիսուսը գիտեր նրանց կեղծավորությունը. Ինչո՞ւ եք փորձում ծուղակը գցել Ինձ»։ (Մարկոս 12)
Յուղելը՝ հաստ թե բարակ շերտով, նշանակում է մարդուն չափից ավելի գովաբանել, շողոքորթել կամ հաճոյախոսել՝ նրանից ինչ-որ բան ստանալու ակնկալիքով՝ լինի դա բարեհաճություն, հավանություն, զիջում կամ ավելի լավ արդյունք։
Սա պարզապես բարություն չէ։ Սա ռազմավարական բարություն է։ Հենց այստեղ էլ ծլարձակում է կեղծավորությունը։
Այո՛, նրանք օգտագործեցին պարզ շողոքորթություն՝ Հիսուսին մանիպուլյացիայի ենթարկելու և ծուղակը գցելու համար։ Նա չընկավ այդ ծուղակը։ Մտածե՛ք այն գովեստների, պատիվների և պատվանդանների մասին, որոնք առաջարկվում են մեզ։ Ի՞նչ է ակնկալվում դրա դիմաց։
Մենք թողնում ենք Ձեզ այս հարցով և այս աղոթքով. Սովորեցրե՛ք ինձ խոնարհությամբ քայլել, խորությամբ լսել և հիշել, որ իմ մեջ եղած ամեն բարիք Ձեզանից է գալիս։ Ամեն։

2025 Առաքյալ
2023 Առաքյալ

2004 Տեր Վազգեն
2025 Առաքյալ



2024 Տեր Վազգեն
Թողնել պատասխան
Ցանկանո՞ւմ եք միանալ քննարկմանը։Ազատորեն կիսվեք Ձեր մտքերով։