Կասկածելը թույլատրելի է
Արմոդոքսիան այսօր. Կասկածելը թույլատրելի է
Հիսուսի հարությունից մեկ շաբաթ անց Թովմաս առաքյալը առանձնանում է աշակերտների խմբից՝ կասկածելով Հարությանը։ Նա մյուսների հետ չէր, երբ Հիսուսը հայտնվեց, և երբ նրանք փորձում էին համոզել, որ տեսել են «Հարուցյալ Տիրոջը», նա կասկածում է նրանց խոսքին։ «Եթե Նրա ձեռքերի վրա չտեսնեմ մեխերի հետքերը և իմ մատը չդնեմ մեխերի տեղը, և իմ ձեռքը չդնեմ Նրա կողի մեջ, չեմ հավատա»։ Թովմասը հավերժ հայտնի մնաց որպես «Թովմաս Անհավատ»՝ ֆիզիկապես անհնարին թվացող երևույթին հավատալու և այն ընդունելու իր այս վարանումների պատճառով։
Կարծում եմ՝ մեզանից շատերը նույնքան թերահավատ կլինեին նման լուրի հանդեպ, որը հակասում է մեր ողջ փորձառությանը։ Յուրաքանչյուր ոք, ով հանձնվել է հողին, մնացել է իր գերեզմանում կամ վերածվել մոխրի։ Մեր փորձառության մեջ, ինչպես նաև Թովմասի փորձառության մեջ, ոչ ոք երբեք կյանքի չի վերադարձել։ Հարությունը կասկած է հարուցում։
Կասկածը վատ համբավ ունի։ Շատերը կարծում են, որ այն հավատքի հակառակն է։ Իրականում, հավատքի հակառակը վախն է։ Կասկածը հարցադրումների և տրամաբանական գործընթացի սկիզբն է, որը մեզ տանում է դեպի ըմբռնում, ընդունում և հավատք։ Այն հավատքի գործընթացի սկիզբն է։ Կասկածից ծնվում է հարցը և հնարավորությունը՝ մտածելու, վերլուծելու և մեր վախին դեմ առ դեմ հանդիպելու։ Մեր վախերը մի կողմ դնելով՝ մենք հաշտվում ենք մեր հավատքի հետ։
Կասկածելը մեր մտածողության և ուսումնառության գործընթացի բնական մասն է։ Մտքերի այդ ընթացքը ճնշելը հանգեցնում է թյուրիմացությունների՝ մեր անձի և այն ներդաշնակության վերաբերյալ, որը պետք է ունենանք կյանքի և մեզ շրջապատող աշխարհի հետ։
Կասկածելը թույլատրելի է։ Հարցեր տալը թույլատրելի է։ Կյանքի մեծ հրաշքի մասին մտածելը/խորհելը թույլատրելի է։ Ընդունե՛ք Հիսուսի հրավերը, որն ուղղված էր Թովմասին. «Մատդ այստեղ բե՛ր և տե՛ս Իմ ձեռքերը, ձեռքդ մեկնի՛ր և դի՛ր Իմ կողի մեջ. և մի՛ եղիր անհավատ, այլ՝ հավատացյալ»։
Ժամագրքից մենք աղոթում ենք. Տե՛ր Աստված մեր, հոգիս միշտ Քո խնամքին է հանձնված, և ես վստահում եմ Քո Սուրբ Խաչին։ Ունեմ սրբերի բազմությունը՝ որպես Քեզ մոտ իմ բարեխոսներ։ Դու համբերատար ես բոլորի հանդեպ, մի՛ անտեսիր նրանց, ովքեր ապավինում են Քեզ, այլ պաշտպանի՛ր նրանց խաղաղությամբ Քո պատվական և սուրբ Խաչով։ Ամեն
Շապիկ՝ Kick off the Cascade, 2019, Տեր Վազգեն

2019 Տեր Վազգեն
2023 թ., Տեր Վազգեն






2014 Տեր Վազգեն
2004 Տեր Վազգեն
Թողնել պատասխան
Ցանկանո՞ւմ եք միանալ քննարկմանը։Ազատորեն կիսվեք Ձեր մտքերով։