Տեսնելով խավարը
Արմոդոքսին այսօր. Ավագ հինգշաբթի՝ խավարը տեսնելը
Ավագ հինգշաբթին հիշատակվում է որպես այն գիշերը, երբ Վերջին ընթրիքի ժամանակ աշակերտների հետ հաց կիսելուց հետո Հիսուսն աղոթեց Գեթսեմանիի պարտեզում, մատնվեց Հուդայի կողմից, ձերբակալվեց, դատվեց, տանջվեց, ծաղրվեց, նվաստացվեց և դատապարտվեց մահվան:
Հայ եկեղեցում երեկոյան ժամերգությունը կոչվում է «Խավարում», որի ընթացքում եկեղեցում բարձրաձայն ընթերցվում է Քրիստոսի չարչարանքների պատմությունը չորս ավետարանիչների՝ Մատթեոսի, Մարկոսի, Ղուկասի և Հովհաննեսի տեսանկյունից։ Պատմությանը հաջորդում է երեկոյան խորհուրդը, որը պատկերում է Աստծուն՝ Իրեն խոնարհեցրած՝ հասկանալու համար Իր արարածներին, և այժմ մենք՝ արարածներս, հնարավորություն ունենք հասկանալու մեր Աստծուն՝ մեր Արարչին։
Երեկոյի ընթացքում ընթերցվում են Ավետարաններից յոթ տարբեր հատվածներ, որոնք միահյուսված են 12-րդ դարի հայ եկեղեցու աստվածաբան և կաթողիկոս Սուրբ Ներսես Շնորհալու գրած «Այսօր անճառ» շարականի երգեցողությանը։ Հայոց այբուբենի 36 տառերից յուրաքանչյուրով այբբենական կարգով դասավորված այս շարականը հետևում է Քրիստոսի Չարչարանքներին՝ իրար կողքի դնելով այնպիսի գաղափարներ և իրադարձություններ, որոնք հրաշքի, խորհրդածության և այս գիշերվա իրադարձությունների շուրջ մտորումների տեղիք են տալիս։
Երեկոյի ընթացքին զուգընթաց՝ եկեղեցու մոմերը մեկ առ մեկ հանգցվում են, մինչև որ հավատացյալները մնում են լիակատար խավարի մեջ, որտեղից էլ ծագել է «Խավարում» անվանումը։ Մինչ Չարչարանաց պատմությունը ծավալվում է, աշխարհի Լույսը՝ Քրիստոսը, մատնվում և մահապատժի է ենթարկվում։ Այդ խավարի մեջ Դուք խորհում եք այն մասին, թե ինչպիսին կլիներ աշխարհը առանց մեր մեջ գտնվող Քրիստոսի։
Այս գիշերը լույսի և խավարի գիշերն է։ Գիշերվա ստվերներում Դուք իսկապես տեսնում եք խավարը։ Այն դատարկություն չէ, այլ մի խավար, որը լուսավորվելու կարիք ունի։ Դուք այժմ բակում եք։ Ներսում դատավարություն է ընթանում։ Պետրոսը պատրաստվում է ուրանալ Քրիստոսին։ Դուք լսում եք Ձեր Փրկչի հառաչանքներն ու աղաղակները, նկատում եք մարդկանց անտարբերությունը, լսում եք կրոնական հաստատության սուտը և դրանց մեջ ինքներդ Ձեզ հարցնում եք, թե որտեղ և ինչպես եք կանգնած։ Ո՞վ է Հիսուսը։ Ո՞վ է Նա Ձեզ համար։


