316 նախադասության խորհրդածություն
Հայրախոսությունը այսօր. խորհրդածություն մեկ նախադասության շուրջ
Հովհաննես 3:16-ը, որը յուրահատուկ ճանաչում ունի տարբեր սերունդների և տարբեր նախապատմություն ունեցող մարդկանց շրջանում, հաճախ անվանում են Ավետարանը հակիրճ։ Այս համարը, որը զարդարում է շապիկներն ու գլխարկները, և կարելի է գտնել այցեքարտերի ու սննդի փաթեթների վրա, յուրօրինակ նշան է՝ ազդարարելու, որ հավատացյալը մոտակայքում է։ «Աստված այնքան սիրեց աշխարհը»,— սկսվում է համարը, որն ավարտվում է փառահեղ բացատրությամբ. «որ տվեց իր միածին Որդուն, որպեսզի ով հավատում է նրան, չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա»։
Այս հատվածը «Ավետարանը հակիրճ» անվանելը ավելի շատ մեր՝ մարդկանց մասին է խոսում, քան բուն խոսքերի ու արտահայտության։ Մենք չափազանց շտապում ենք դյուրին ճանապարհներ գտնել այն ամենի շուրջ, ինչը ժամանակի և ջանքերի ներդրում է պահանջում։ Ինչո՞ւ կարդալ գիրքը, եթե կարելի է ծանոթանալ համառոտագրությանը։ Ինչո՞ւ ծանոթանալ համառոտագրությանը, եթե կարելի է դիտել ֆիլմը։ Ինչո՞ւ դիտել ֆիլմը, եթե կարելի է կարդալ գրախոսությունը։ Եվ վերջում հանգում ենք հարցին՝ արդյո՞ք կարող եմ այն ամփոփել մեկ կարճ նախադասությամբ։
Այնուամենայնիվ, Հովհաննես 3:16-ն ունի որոշակի ժողովրդականություն, որն անխուսափելի է։ Այդ պատճառով Մեծ պահքի ընթացքում, երբ մենք ավելի շատ ժամանակ ենք հատկացնում մեր հոգևոր բարեկեցությանը, եկեք տեսնենք, թե ինչ է այն ասում։
Հովհաննես 3:16-ը բավականին պարզ է։ Աստված այնքան է սիրում, որ տալիս է մեզ Իր Որդուն՝ Հիսուս Քրիստոսին։ Մարտահրավերը գալիս է երկրորդ մասից, որը ենթադրում է հավատք Նրա Որդու հանդեպ։ Ի՞նչ է դա նշանակում։ Արդյո՞ք հավատքը պարզապես այն փաստի ընդունումն է, որ Հիսուսը գոյություն է ունեցել, կամ նույնիսկ ավելին՝ գոյություն ունի։ Թե՞ մեզանից ավելի մեծ բան է պահանջվում։
Աստված այնքան սիրեց մեզ, որ եկավ մեզ մոտ։ Նա հրավիրում է մեզ վերադառնալ Իրեն, սիրել Նրան այնքան, որ մեր կյանքը նվիրենք Նրան։ Աղոթքի միջոցով մենք կապվում ենք Աստծո հետ, գործերի միջոցով մեր աղոթքները մարմնավորվում են, իսկ նվիրումի ու զոհաբերության միջոցով մենք գտնում ենք չկորչելու և հավիտենական կյանք ունենալու ուղին։
Մենք աղոթում ենք. Ո՛վ Տեր Հիսուս Քրիստոս, հավատում եմ Քեզ։ Թող այդ խոսքերը կենդանանան իմ մեջ՝ իմ մերձավորին սիրելու, հոգ տանելու և օգնելու գործերով։ Ամեն։


