Քրիստոսի մոռացված դեմքը
Արմոդոքսիան այսօր. Մոռացվածները, մաս 9 – Քրիստոսի դեմքը
Մարդկանց մեծ մասը կարողանում է իր մտքում Հիսուսի պատկերը կերտել՝ հիմնվելով արվեստում նրա տարածված ներկայացումների վրա՝ լինեն դրանք նկարներ, գծանկարներ, թե ֆիլմեր։ Երկար մազերով, մեջտեղից բաժանված սանրվածքով և մորուքով այս տղամարդը սովորաբար պատկերվում է առաջին դարի հագուստով՝ սպիտակ պատմուճանով և սանդալներով։
Կրոնական մասունքները նույնպես նպաստել են այս պատկերի ձևավորմանը։ Առավել հայտնի է Թուրինի պատանքը՝ Հիսուսի թաղման կտավը, որի վրա դրոշմված է նրա պատկերը։ Վերոնիկայի քողը պատկերի մեկ այլ աղբյուր է։ Խաչելության ճանապարհին Հիսուսի հավատարիմ հետևորդներից մեկը՝ Վերոնիկան, ծեծված և ուժասպառ Հիսուսին է մեկնում իր քողը՝ նրա սուրբ և տանջված դեմքից արյունն ու քրտինքը սրբելու համար։ Այդ կտավի վրա հավերժացել է նրա դեմքի պատկերը։
Այսօր, երբ արհեստական բանականության չաթ-բոտին տալիս ենք «Ստեղծիր Հիսուսի պատկերը» պարզ հրահանգը, ստանում ենք նախնական պատասխան՝ «սուրբ տեսիլքը կյանքի կոչելով», որին հաջորդում է մի պատկեր, որը քիչ թե շատ նման է այն ամենին, ինչ հոլիվուդյան պրոդյուսերները մեզ ստիպել են ընկալել որպես Աստծո Որդու պատկեր՝ երկար, մեջտեղից բաժանված մազերով, մորուքով և այլն։
Հիսուսի դեմքը մոռացվել է։ Ես խոսում եմ Հիսուսի իրական դեմքի մասին, որը հայ քրիստոնեական ավանդույթը ներկայացրել է դարերի ընթացքում։ Սա այն դեմքն է, որը Դուք տեսնում եք հայկական եկեղեցիների խորաններին, արվեստի գործերում և մանրանկարներում։
Հիսուսը մեզ խնդրում է Իրեն տեսնել «Իր եղբայրներից ու քույրերից ամենափոքրի» մեջ։ Նրա կոչը գրված է Մատթեոսի ավետարանի 25-րդ գլխում։ Դա սովյալի, ծարավի, լքվածի, միայնակ ու տանջվածի, անօթևանի, հիվանդի և սգավորի դեմքն է։
Ինչպես այն մարդիկ, որոնց մասին Նա հիշատակում է այս հատվածում (համարներ 31-46)՝ նրանք, ովքեր չմոռացան Նրա դեմքը, մենք ևս կարող ենք հարցնել. «Ե՞րբ տեսանք Քեզ սոված և կերակրեցինք, կամ ծարավի և խմեցրինք։ Ե՞րբ տեսանք Քեզ օտարական և հյուրընկալեցինք, կամ մերկ և հագցրինք։ Ե՞րբ տեսանք Քեզ հիվանդ կամ բանտում և այցելեցինք»։ Իսկ Հիսուսը պատասխանում է. «...Ինչ որ արեցիք իմ այս փոքր եղբայրներից մեկին, ինձ արեցիք»։
Սա մեր Տիրոջ ոչ թե հարմարավետ կամ հաճելի պատկեր է, այլ այն իրականությունը, որը Նա թողել է մեզ. պատերազմի եզրին ճչացող անծնող երեխան, տնտեսական ճգնաժամից տառապող սովյալ ընտանիքը, հալածանքներից փախչող գաղթականը, իր վերջին ընկերոջ կորստի սգի մեջ հույսը կորցրած միայնակ մարդը։ Սրանք Քրիստոսի մոռացված դեմքերից են։
Մենք աղոթում ենք. Տե՛ր, բացիր աչքերս, որպեսզի աշխարհը տեսնեմ որպես մի վայր և հնարավորություն՝ ուրիշների հետ Քո սերը կիսելու համար։ Ամեն։


2025 Առաքյալ
2025 Առաքյալ

2025 Առաքյալ

1015 Առաքյալ
2025 Առաքյալ
Թողնել պատասխան
Ցանկանո՞ւմ եք միանալ քննարկմանը։Ազատորեն կիսվեք Ձեր մտքերով։