Այդ փոքրիկ մեծ բանը՝ 40 օրերից 19-րդ օրը
Արմոդոքսի այսօրվա համար. Այդ փոքրիկ մեծ բանը – Մեծ պահքի 19-րդ օրը
Մենք Մեծ պահքի երրորդ շաբաթում ենք։ Սա բարի ճանապարհորդություն է։ Մենք ժամանակ ենք ունեցել՝ նայելու մեր ներսը, խորհրդածելու, աղոթելու։ Մենք սահմանափակել ենք մեր սննդակարգը, ինչպես նաև՝ դատարկախոսությունը։ Մենք մեզ լավ ենք զգում։ Մեր կատարած փոփոխությունները սկսում են ազդել ուրիշների՝ մեր ընտանիքների, շրջապատի, աշխատավայրի, համայնքների և, հետևաբար, մեր աշխարհի վրա։
Այժմ մենք սկսում ենք հասկանալ, որ իրական փոփոխությունները գալիս են ներսից։ Հնարավոր է՝ սա միակ բանն է, որ մենք կարող ենք փոխել այս աշխարհում, քանի որ սա միակ բանն է, որի նկատմամբ մենք լիակատար վերահսկողություն ունենք։ Աստված այդ վերահսկողությունը դնում է մեր ձեռքերում։ Նա տալիս է մեզ այս կյանքը և թույլ է տալիս ապրել այնպես, ինչպես մենք ենք ցանկանում։
Մենք այս շաբաթն ավարտում ենք՝ դիտարկելով Անառակ որդու պատմության ևս մեկ կողմ՝ էգոյի հարթությունը։ Տեսե՛ք, կյանքում մեր բոլոր դժվարությունները բխում են էգոյից։ Շատ առաջ, քան Ֆրոյդը կմատնանշեր կյանքի դրդապատճառները, Հիսուսը սովորեցնում էր էգոն հետ թողնելու կարևորության մասին։ Մենք հիշում ենք Հիսուսի խոսքերը. «Ով սիրում է իր կյանքը, կկորցնի այն, և ով ատում է իր կյանքը այս աշխարհում, կպահի այն հավիտենական կյանքի համար»։ (Հովհաննես 12)
Ուշադրություն դարձրեք այն մեծ մարդկանց, ովքեր ազդեցություն են ունեցել հասարակության և կյանքի վրա և պատմության մեջ արձանագրվել են շատ դրական կերպով։ Դուք նրանց բոլորի կենսագրություններում շատ նման բան կգտնեք։ Նրանք պատրաստակամ են եղել զոհաբերելու իրենց։ Նրանք տվել են իրենցից։ Այժմ, սա մի՛ շփոթեք ցածր ինքնագնահատականի կամ ցածր ինքնարժեքի հետ։ Մարդիկ, ովքեր դրական ազդեցություն են թողնում կյանքի վրա, ունեն իրենց մասին շատ դրական պատկերացում, սակայն նրանք նաև պատրաստ են զոհաբերության, քանի որ այդ դրական ինքնապատկերը կեղծ չէ և հիմնված չէ սնափառության վրա։
Կեղծ հպարտությունը շատ հեշտ է ձեռք բերել։ Հատկապես Մեծ պահքի ծեսերի ընթացքում, ինչպես հիմա, շատ հեշտ է ինքնավստահ պարծենալ՝ ասելով. «Տեսե՛ք ինձ, ես անում եմ մի բան, որ ուրիշները չեն կարող»։ Այդ խոսքերով մենք մոռանում ենք Մեծ պահքի շրջանի բուն նպատակը։ Այլ կերպ ասած՝ միջոցը դառնում է մեր գործողությունների կենտրոնը, այլ ոչ թե մեր ջանքերի վերջնանպատակը։ Պահքի նպատակն է բարելավել ինքներս մեզ, և հետևաբար՝ բարելավել մեր հարաբերությունները և մեր աշխարհը։ Նույն կերպ կարող ենք մտածել պահքի ընթացքում մեր սննդակարգի սահմանափակումների մասին։ Կենդանական ծագման մթերքներից հրաժարվելու պատճառ կա։ Դա ոչ միայն խոլեստերինը կամ քաշը նվազեցնելու համար է, այլև ամեն ինչ հավասարակշռված պահելու և մեր կյանքում էականը հասկանալու համար։
Ձեր այսօրվա բարեգործությունը թող լինի ներս նայելը և այն փոփոխությունների գույքագրումը, որոնք Դուք նկատել եք վերջին մի քանի շաբաթների ընթացքում՝ Մեծ պահքը պահելիս։ Պահք պահե՛ք այն ամենից, ինչն անհրաժեշտ չէ Ձեր կյանքում։
Պատրաստվե՛ք վաղը շարունակելու էգոյի մասին զրույցը։ Այսօրվա մենյուում՝ ջեռոցում թխված քաղցր կարտոֆիլի շերտեր, բաղադրատոմսը՝ ստորև։
Մենք աղոթում ենք Սուրբ Ներսես Շնորհալու աղոթքով (4/24). Որդի Աստծո, Աստված ճշմարիտ, որ Հոր ծոցից իջար և մեր փրկության համար մարմնացար սուրբ Կույս Մարիամից, խաչվեցիր, թաղվեցիր, մեռելներից հարություն առար և համբարձվեցիր առ Հայր. մեղանչեցի երկնքի առաջ և Քո առաջ։ Հիշի՛ր ինձ, ինչպես ավազակին, երբ գաս Քո արքայությամբ։ Ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ մեղավորիս։ Ամեն։
Պահքի բաղադրատոմսեր սարկավագ Վարուժանից. Բաղադրատոմս 19. Ջեռոցում թխված քաղցր կարտոֆիլի շերտեր
Շապիկի լուսանկար՝ Ք. Թ. Նալիկ 2009


