Մեծ պահքի 15-րդ օրը. Անառակ որդու հայրը Երեկ մենք ծանոթացանք Անառակ որդու պատմությանը։ Ղուկասի Ավետարանի 15-րդ գլխում Հիսուսն առաջարկում է այս առակը, որը շոշափում է մեր կյանքի բազմաթիվ տարբեր կողմերը։
Երեկ մենք խորհրդածեցինք անառակ որդու մեղքի, այսինքն՝ երիտասարդի «անառակության» մասին։ Նրա մեղքն այն էր, որ նա վատնեց իրեն տրված պարգևները։ Մենք նույնպես մասնակից ենք այդ մեղքին, երբ վատնում ենք Աստծուց մեզ տրված տաղանդները, կամ էլ պարզապես չենք օգտագործում դրանք։
Այսօր մենք դիտարկում ենք հոր կերպարը։ Առաջին բանը, որ սովորում ենք նրա մասին, այն է, որ նա տալիս է լիովին՝ առանց սահմանափակումների կամ պայմանների։ Կրտսեր որդին ասում է. «Հայր, տուր ինձ իմ հասանելիք ժառանգությունը, որպեսզի կարողանամ հեռանալ և սկսել իմ կյանքը»։ Հայրը, լինելով իմաստուն մարդ, անշուշտ հասկանում է, որ որդին կարող է կորցնել կամ վատնել գումարը, բայց չի վիճում իր զավակի հետ։ Մեր կյանքում լինում են պահեր, երբ պետք է բաց թողնել։ Թեև մենք գուցե ավելի լավ գիտենք, քան մեր երեխաները, բայց նրանց կյանքը նրանցն է։ Այո՛, սխալներ գործելը կարող է ցավալի լինել, բայց հենց այդ սխալների միջոցով են երեխաները սովորում։ Այս հայրը հասկանում է այդ օրենքը և բաց է թողնում իր որդուն։ Որքան էլ դժվար լինի, նա թույլ է տալիս իր սիրելի որդուն հեռանալ և կառուցել իր սեփական կյանքը։
Հորը երկրորդ անգամ տեսնում ենք, երբ որդին վերադառնում է։ Հիշեք, որ որդին զղջում է, կամ գոնե հասկանում է, որ կարող է ավելի լավ կյանք ունենալ՝ վերադառնալով հոր տուն։ Անկախ նրանից, թե ինչ մտադրություններ ունի որդին, հայրը, տեսնելով նրա վերադարձը, ընդառաջ է գնում ճանապարհին և նույնիսկ թույլ չի տալիս, որ որդին ներողություն խնդրի։ Նա հպարտության խաղ չի խաղում։ Նա հիմարաբար չի ասում. «Սպասեմ տեսնեմ՝ ինչ կասի»։ Նա այնտեղ է՝ իր որդուն ընդունելու համար։ Նա չի ասում. «Ես քեզ ասել էի, գիտեի, որ կվերադառնաս»։ Փոխարենը՝ նա ճանաչում է իր սիրելիին՝ այն որդուն, որի մասին հոգ էր տարել, որին լույս աշխարհ էր բերել և դաստիարակել, և որն այժմ վերադարձել էր։ Ի՜նչ մեծ ուրախություն պետք է ապրած լիներ նա։ Իհարկե, նա վազելով մոտեցավ որդուն և գրկեց նրան։
Այս ամենը երկու հարթություն ունի։ Եկեք հետևենք դրանցից յուրաքանչյուրին։ Նախ՝ առակի հայրը մեր Երկնային Հոր արտահայտությունն է։ Երկնքում Աստված սպասում է, որ մենք տուն վերադառնանք, և երբ մենք իսկապես դառնում ենք դեպի Նա, Նա չի սպասում, որ մենք աղաչենք Իր Թագավորություն վերադառնալու համար։ Նրա համբերությունը բավական է, որպեսզի մենք կատարենք այդ առաջին քայլը՝ դեպի Իրեն։ Հենց այդ ժամանակ է, որ Նա մոտենում է մեզ, գրկում, ընդունում և մեզ Կյանք պարգևում։ Այդպես վարվեց այս հայրը, և այդպես է վարվում մեր Երկնային Հայրը։
Աստված մեզ ընդունում է որպես Իր Թագավորության ճշմարիտ զավակների։ Մեզ ընդունելը Նրա կողմից անվիճելի է։ Մեզանից պահանջվում է ասել. «Այո՛, ես մեղանչել եմ։ Ես սխալ ճանապարհով եմ գնացել։ Ես վատնել եմ այն, ինչ Աստված ինձ տվել է։ Ես ուզում եմ գտնել խաղաղությունը։ Ես ուզում եմ գտնել այն սերը, որի համար Աստված ինձ ստեղծել է»։ Աստված սպասում է, որ մենք ասենք. «Ես պատրաստ եմ»։ Մնացած ամեն ինչ տեղի է ունենում՝ ինքնըստինքյան կարգավորվում է։
Երկրորդ՝ հոր արարքները մեզ սովորեցնում են, թե ինչ է պահանջվում մեզանից մեր հարաբերություններում՝ ոչ միայն երեխաների, այլև միմյանց հետ։ Կան մարդիկ, ովքեր ցավեցրել են մեզ։ Ցավի չափը էական չէ։ Հնարավոր է՝ մենք լացել ենք անզգույշ արտասանված խոսքի պատճառով, կամ մեզ կործանել է դավաճանությունը։ Այդ ցավը անդունդ է ստեղծել մեր և ուրիշների հարաբերություններում։ Մենք բոլորս էլ մեր գործողություններով կամ անգործությամբ բաժանումներ ենք ստեղծել Աստծո և մեր միջև, սակայն Աստված մեզ վերադարձի ճանապարհ է տվել։ Մենք նույնպես պետք է նույնն անենք և դռները բաց թողնենք նրանց համար, որպեսզի նրանք կարողանան վերադառնալ մեզ մոտ։ Այլ կերպ ասած՝ ժամանակն է վերջ տալու վիրավորանքներին։ Մի՛ տարվեք հիմար հպարտությամբ։ Դռները բաց պահեք՝ առանց ակնկալելու, որ ինչ-որ մեկը կմտնի դրանցից։ Մի՛ սպասեք նրանց վերադարձին, ովքեր ցավեցրել են Ձեզ, պարզապես իմացեք, որ խորքում կան բազմաթիվ ցանկություններ, որոնք գուցե անհասկանալի մնան։ Եթե դուռը բաց է, նրանք կարող են վերադառնալ, և երբ վերադառնան, Դուք կգրկեք նրանց։
Իմացեք, որ սիրտը խոսում է Ձեզ հետ։ Մի՛ մտածեք մտքով։ Պատրաստ եղեք ընդունելու։ Պատրաստ եղեք գրկելու, փաթաթվելու, նրանց խեղդելու այն սիրով, որը Ձեր սրտում է։ Սա այն օրինակն է, որը Հիսուսը տալիս է մեզ հոր կերպարի միջոցով։ Սա երկսայրի սուր է, չէ՞։ Մի կողմից՝ այն ցույց է տալիս, թե ինչ է անում մեր Երկնային Հայրը, և օրինակ է ծառայում մեզ՝ նույնը անելու մեր կյանքում եղած մարդկանց հանդեպ։ Մյուս կողմից՝ մենք աղոթել ենք. «Թող մեզ մեր պարտքերը, ինչպես և մենք ենք թողնում մեր պարտապաններին»։ Աստված ներում է մեզ։ Հետևաբար, մենք նույնպես պետք է ներողամիտ լինենք ուրիշների հանդեպ։
Վերջապես, երրորդ անգամ մենք հորը տեսնում ենք այս պատմության մեջ, երբ նա խոսում է ավագ որդու հետ։ Նա մխիթարում է նրան և հիշեցնում, որ մենք բոլորս հավասար ենք։ Աստծո աչքում կարևոր չէ՝ Դուք վերադարձել եք այսօր, թե հարյուր տարի անց։ Կարևոր չէ՝ վերադարձել եք երեկ, թե ոչ։ Կարևորն այն է, որ յուրաքանչյուրս վերադառնանք Աստծուն։ Եվ հենց այդպիսի հոգատար Հայր ունենք երկնքում, ով իր որոշումները չի կողմնակալում նրանով, թե ով ենք մենք, որտեղ ենք կամ ինչ ենք արել։ Կարևորը «հենց հիմա»-ն է։ Արդյո՞ք պատրաստ ենք միավորվել, ներդաշնակ լինել Նրա հետ՝ այն սիրով և տիեզերքով, որը Նա տվել է մեզ։Վաղը մենք կշարունակենք Անառակ որդու թեման՝ անդրադառնալով նրա ավագ եղբորը։
Այժմ աղոթենք Սուրբ Ներսես Շնորհալու աղոթքը՝ «Հավատով խոստովանիմ»-ից.
Հավատով խոստովանում և երկրպագում եմ Քեզ, Հայր և Որդի և Սուրբ Հոգի, անեղ և անմահ էություն, արարիչ հրեշտակների, մարդկանց և ամենայն գոյի։ Ողորմիր Քո արարածներին և ինձ՝ մեծ մեղավորիս։ (1/24)
https://epostle.net/wp-content/uploads/2024/02/father-6648076_1280.jpg8531280Վազգեն Մովսեսյանhttps://epostle.net/wp-content/uploads/2022/07/final_logo_large_for_epostle_web-300x189.pngՎազգեն Մովսեսյան2024-02-26 00:01:532024-02-25 22:06:22Անառակ որդու հայրը. Մեծ պահքի 15-րդ օր
Թողնել պատասխան
Ցանկանո՞ւմ եք միանալ քննարկմանը։Ազատորեն կիսվեք Ձեր մտքերով։