Փորձեք այս կոշիկը ձեր չափսով
Հայագիտությունն այսօր. Կարեկցանք
Հայաստան կատարած այցելությանս վերջին երեկոյան նստած էի ու պատուհանից նայում էի մայրամուտին։ Սենյակս բավական բարձր էր, ինչը թույլ էր տալիս հիանալ Երևանի համայնապատկերով՝ Արարատ լեռան վեհաշուք ստվերի ներքո։ Ուղևորությանս ընթացքում հանդիպել էի մարդկանց, որոնք աշխատում էին տեխնոլոգիաների առաջնագծում։ Ժամանակ էի անցկացրել նրանց հետ, ովքեր մարտահրավեր էին նետում կարծրատիպերին և ձգտում էին լավագույնին՝ հանուն իրենց, իրենց ընտանիքների և իրենց երկրի բարօրության։ Օդում իրական հույս կար։
Հիշում եմ՝ պատուհանից դուրս էի նայում և աղոթում խաղաղության համար։ Դա պարզ ցանկություն էր. եթե այս փոքր, բայց հզոր երկիրը կարողանար խաղաղություն ունենալ, հրաշքներ տեղի կունենային։ Այն հրաշքները, որ մենք կտեսնեինք, չէին լինի արտաքին աղբյուրից, այլ կգային ներսից, եթե միայն խաղաղություն լիներ։ Դա հնարավոր էր. արդեն գրեթե 30 տարի էր, ինչ այս երկիրը, որը ճաշակել էր դարերի ճնշումներ, ջարդեր և նույնիսկ ցեղասպանություն, ապրում էր խաղաղության մեջ։ Ես նայում էի Երևանի երկնակամարին և գիտեի, որ մենք կտեսնենք լավագույն հրաշքները, եթե միայն խաղաղություն լիներ։
Այսօր առավոտյան Հայաստանից մի ընկեր զանգահարեց ինձ։ Մեր զրույցի ավարտին նա ասաց. «Եթե միայն խաղաղություն ունենանք, մենք ամեն ինչի ընդունակ կլինենք, կարող ենք ձգտել լավագույնին և լինել լավագույնը։ Եթե միայն խաղաղություն ունենանք»։ Կարծես իմ մի քանի տարվա վաղեմության աղոթքը ձայնագրված լիներ և հնչեր իմ ընկերոջ ձայնով։ Սակայն նրա աղոթքն ավելի արդիական էր և ավելի հրատապ հնչերանգ ուներ։
Հեռվից դժվար է հասկանալ ուրիշների ցավն ու տառապանքը։ Հայագիտության հիմնասյուներից մեկը ուրիշի տեղում հայտնվելու կոչն է։ Սա կարեկցանքի դրսևորում է, այսինքն՝ ուրիշների ցավն ու տառապանքը լիովին հասկանալու համար մենք պետք է նրանց տեղում լինենք։ Իսկ փոքր վարժությունները կարող են օգնել մեզ ճիշտ դիրքավորվելու հարցում։
Միացյալ Նահանգներում ապրողներս գուցե լիովին չհասկանանք Հայաստանում խաղաղության համար աղոթքի իմաստը, բայց կարող ենք պատկերացնել մի աշխարհ, որտեղ մշտապես ենթարկվում ենք Մեքսիկայի և Կանադայի հարձակումներին՝ այն աստիճան, որ օրեցօր ապրում ենք մեր անկախությունը պահպանելու անորոշությամբ։ Միգուցե այս օրինակն այնքան էլ արդար չէ՝ հաշվի առնելով ԱՄՆ-ի չափերը, հզորությունն ու աշխարհագրությունը։ Դուք՝ Եվրոպայում, Աֆրիկայում կամ Մերձավոր Արևելքում ապրողներդ, որտեղ երկրներն իրար շատ ավելի մոտ են և փոխկապակցված, կարող եք պատկերացնել Շվեյցարիայի նման մի երկիր, եթե նրա շրջապատող հարևանները՝ Ֆրանսիան, Իտալիան, Ավստրիան և Գերմանիան, ունենային միայն մեկ նպատակ՝ ոչնչացնել այդ համեմատաբար փոքր երկիրը։
Եվ եթե դեռ դժվար է պատկերացնել, նստեք ձեր սեփական տանը՝ բնակարանում, և պատկերացրեք ձեր բոլոր հարևաններին՝ յուրաքանչյուրին, կողքի դռան և փողոցի մյուս կողմում, որոնք ցանկանում են միայն մեկ բան՝ ճնշել, հաղթել և ազատվել ձեզանից ձեր իսկ թաղամասում։
Ուրիշի կոշիկների մեջ մտնելը կարեկցանքի կոչ է։ Սա նշանակում է հասկանալ, որ միակ իրական և ճշմարիտ հրաշքը, որի համար պետք է աղոթենք և աշխատենք, խաղաղությունն է։ Ուրիշի կոշիկների մեջ մտնելը մեզ հնարավորություն է տալիս հասկանալու, իսկ երբ արդեն այդ կոշիկների մեջ ենք, պետք է քայլենք դեպի լուծում։
Տեղին է, որ այսօր մենք աղոթում ենք Սուրբ Ֆրանցիսկ Ասսիզեցու աղոթքը. Տե՛ր, դարձրո՛ւ ինձ Քո խաղաղության գործիքը։ Որտեղ ատելություն է, թող սեր ցանեմ, որտեղ վիրավորանք՝ թող ներում շնորհեմ, որտեղ կասկած՝ թող հավատ ներշնչեմ, որտեղ հուսահատություն՝ թող հույս տամ, որտեղ խավար՝ թող լույս բերեմ, և որտեղ տխրություն՝ թող ուրախություն պարգևեմ։ Ո՛վ Աստվածային Վարպետ, շնորհի՛ր ինձ, որ ոչ թե մխիթարություն փնտրեմ, այլ մխիթարեմ, ոչ թե հասկացված լինել ձգտեմ, այլ հասկանամ, ոչ թե սիրված լինելու, այլ սիրելու ձգտեմ։ Քանզի տալով ենք ստանում, ներելով ենք ներվում, և մեռնելով ենք ծնվում հավերժական կյանքի համար։ Ամեն։
Շապիկի լուսանկարը՝ Լունաբել Բեյլերյան, 2023 թ.

2023 Լունա Բեյլերյան
2023 Լունա Բեյլերյան




2010 Հայր Վազգեն
2026 Epostle
Թողնել պատասխան
Ցանկանո՞ւմ եք միանալ քննարկմանը։Ազատորեն կիսվեք Ձեր մտքերով։